Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը այդպիսի բան կարող էր ասել:

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2010 13:14

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «News.am» լրատվական գործակալության հարցին

Հարց. Ըստ որոշ լրատվամիջոցների, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայթուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին: Արդյոք համապատասխանում են իրականությանը այդ պնդումները:

Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը այդպիսի բան կարող էր ասել: Սակայն եթե դա իրականություն է, ապա դա առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ ես ներկա եմ եղել այն հանդիպումներին, որոնց արդյունքում սկսվել եւ շարունակություն է ստացել հայթուրքական կարգավորման գործընթացը, երբ որեւիցե պայմանավորվածություն ցեղասպանության եղելության քննարկման մասին չի եղել:

Թե Հանրապետության Նախագահը, թե արտգործնախարարը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ Հայաստանը երբեւէ հարցականի տակ չի դրել եւ չի դնելու ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը: Հայաստանի ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է անգամ 2008 թ. նոյեմբերին Ստամբուլում` Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Բաբաջանի հետ հանդիպումից րոպեներ առաջ: Այսօր, այս հարցի շուրջ որեւէ շահարկում անհարիր է եւ անտեղի:

Դիտվել է 1732 անգամ:
Print Friendly

Leave a Reply