2023 թվականին Մարս մոլորակի վրա մարդիկ են ապրելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 9, 2013 18:40
Հոլանդիայում գտնվող «Mars One» կազմակերպությունը 2023 թվականին Մարս մոլորակի վրա բնակություն հաստատելու համար կամավորներ է փնտրում: Ըստ ընկերության պահանջների`փնտրվող անձինք պետք է լինեն 18 տարեկանից մեծ, հետաքրքիր, ստեղծագործ, դժվարությունները հաղթահարելու ունակությամբ, ոչ կոնֆլիկտային և շփվող:
Ֆինանսական աղբյուրներ գտնելու դեպքում այս մտահաղացումը մի յուրատեսակ ռեալիթի-շոու է լինելու: Կազպմակերպության տնօրենը նշել է, որ արդեն հազարից ավել դիմորդ ունեն:
Ինչպես հայտնում է թուրքական «Radikal»-ը`ընտրված մասնակիցները բաժանվելու են չորս հոգուց բաղկացած խմբերի, իսկ 2023 թվականին Մարս մեկնած առաջին քառյակին ընտրելու են հեռուստադիտողները`քվեարկության միջոցով: Նախատեսվում է, որ 2023-ին ամենաքիչը վեց այդպիսի խումբ է Մարս մեկնելու: Սակայն սա շատ թանկ ծրագիր է և միայն առաջին խմբին ուղարկելու համար 6 մլդ դոլար է պահանջվելու:
Մարսի ապագա բնակիչները 8 տարի հատուկ դասընթացներ են անցնելու և սովորելու են նույնիսկ էլեկտրական սարքերի վերանորոգում և բժշկություն: «Mars One» ընկերությունը 2016 թվականից սկսելու է ապրելու պայմաններ ստեղծել մոլորակում`ուղարկելով անհրաժեշտ իրեր և ուտելիք:
Ծրագրի մասնակիցների համար մի կարևոր պայման կա. նրանք այլևս երբեք հետ չեն վերադառնալու Երկրի մոլորակ:






Facebook
Tweet This
Email This Post
