Ամուսնությունները շատացել են, իսկ ծնելիությունը` նվազել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 18, 2009 18:48

jennydonԺողովրդագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ 1 կնոջ հաշվով ծնելիության գործակիցը Հայաստանում նվազել է` ներկայումս կազմելով 1,4 երեխա:

Ազգագրագետ Աննա Խաչատրյանն ասում է, որ ընտանիքի վերարտադրությունն ապահովելու համար այդ ցուցանիշը պետք է նվազագույնը լինի 2,1: Թուրքիայում ներկայումս այդ գործակիցը 8,1 է: «Սա լուրջ ազգային անվտանգության խնդիր է, քանի որ Հայաստանը շրջապատված է մուսուլմանական երկրներով, իսկ մինչև 2030թ. այդ երկրների բնակչության թվաքանակն աճելու է 2 անգամ»,-ասում է Խաչատրյանը:

Առաջին ամուսնության միջին տարիքը մեր հանրապետությունում վերջին հինգ տարիների կտրվածքով բավական բարձրացել է. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` 2007 թ.-ին տղամարդկանց մոտ ամուսնության միջին տարիքը կազմել է մոտ 29, կանանց մոտ` 25: Այս հանգամանքը, ըստ Խաչատրյանի, ծնելիության նվազման լուրջ պատճառ կարող է դառնալ:

Հանրապետության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կետերում (ՔԿԱԳ) 2008 թ.-ին գրանցվել է 18.236 ամուսնություն` նախորդ տարիների համեմատ ավելանալով մոտ 17 տոկոսով: Միաժամանակ 2008 թ.-ի հոկտեմբերի տվյալով`գրանցվել է 2.200 ամուսնալուծություն, ինչը 5,5 տոկոսով գերազանցում է 2007 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2009թ.-ի առաջին եռամսյակում փոփոխություն է եղել նաև բնակչության գենդերային թվաքանակի մեջ. տղամարդկանց թիվն ավելացել է 1000-ով ( 2009-ի առաջին եռամսյակ` 1.570.000, նախորդ տարի` 1.569.000 ), իսկ կանանց թիվը նվազել է 100-ով (2009-ի առաջին եռամսյակ` 1,669,300 , նախորդ տարի` 1,669.400):

Հայաստանում դեռևս ամուսնությունները խթանող որևէ պետական ձեռնարկ չկա, իսկ, օրինակ, ԼՂՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից նորապսակներին 300.000 դրամ նվիրատվություն է տալիս` ամուսնություններն ու բնակչության աճը խթանելու համար:

Գայանե Գալստյան

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply