Հյուսիսային պողոտայի կառուցման զոհ Գիշյանների ընտանիքը ցանկանում է քաղաքական ապաստան գտնել Թուրքիայում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 26, 2010 10:51

Մարիամ Գիշյանը իր վարձակալած բնակարանում

«Վեց տարի է` փողոցներում ընկած ենք,-ասում է երկրորդ կարգի հաշմանդամ Մարիամը,- հիմա էլ 60.000 դրամով էս տունն ենք վարձել, վերջին մի քանի ամիսների վարձն էլ կուտակվել է, չենք կարողանում տալ, ստիպված դուրս պիտի գանք, հո մարդիկ չե՞ն կարող մեզ անվճար իրենց տունը տալ»:

Մարիամի հինգ զավակներն արդեն չափահաս են: Գեղեցիկ, բարձրահասակ ու հաճելի արտաքինով այդ երիտասարդներն աշխատանք չեն կարողանում գտնել, քանի որ անձնագիր չունեն մշտական բնակության հասցե չունենալու պատճառով:

Շուրջ 130 քմ մակերեսով տունն ու 1000 քմ հողամասը կորցնելուց հետո Մարիամը մերժել է 20.000 դոլար փոխհատուցումը, որով հնարավոր չէր բնակության վայրի խնդիր լուծել:

«Երբ մեզ դուրս վռնդեցին մեր տնից, և հայտնվեցինք փողոցում, ճակատագրի բերումով հանդիպեցինք մի թուրք կնոջ, ով մեզ հանեց թշվառ վիճակից և իմ երեխաներին սովից փրկեց,- պատմում է Մարիամը,- նա խոստացել է, որ եթե գնանք Թուրքիա, կլուծի բնակարանի հարցը, իսկ երեխաներս կապահովվեն աշխատանքով: Մեկ է, էստեղ արդեն որևէ փոխհատուցում ստանալու հույս չունեմ, հոգնել եմ պետական դռները թակելուց, հիասթափվել եմ բոլորից»:

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը մի ասուլիսի ժամանակ Մարիամի հեռանալու վերաբերյալ այսպես արտահայտվեց.

«Կարծում է, թե Թուրքիայում «Հյուսիսային պողոտաներ» չկա՞ն, գնալու է, էլի մնա փողոցներում»:

«Ինչի՞ չգնանք, մնանք, որ մեր փառապանծ հայրենիքում կործանվե՞նք,-բարկացած հարցնում է Մարիամն ու նորից հիշում 2004 թ. փետրվարի 14-ի գիշերը,- բուլդոզերով տունս քանդեցին, ցրտին, սառնամանիքին հինգ երեխաներիս հետ դրսում մնացի: Մեծ տղաս բանակում էր, որտեղից վերադարձավ ոչ թե տուն, այլ փողոց…»:

«Պետական կարիքների զոհեր»  ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ասում է, որ այդ պատմության մեջ ամենավատ վիճակում հայտնվածներից մեկը Մարիամն է, նա «այժմ կանգնած է կոտրած տաշտակի առջև»:

«Նրանց ուղղակի փողոց են շպրտել` առանց փոխհատուցում տալու,- ասում է նա,- մինչդեռ հարկադիրն իրավունք չունի մարդուն տնից դուրս հանելու, մինչև կառավարությունը նրա ապաստանի հարցը չլուծի: Բացի այդ, Մարիամը կորցրել է Եվրադատարան դիմելու հնարավորությունը, քանի որ սահմանված ժամանակամիջոցում չի կարողացել իր դատավճիռը բողոքարկել»:

Ըստ Սեդրակ Բաղդասարյանի, ավելի քան  15 գործ այժմ գտնվում է  Եվրադատարանում, որն էլ հունիսի 23-ին վճիռ է կայացրել` ՀՀ-ում մարդու սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ:

Նա ասաց նաև,  որ ՀՀ կառավարությունը  2008-ին հաշտության առաջարկ  է ներկայացրել 5 ընտանիքի, որոնց գործերը նույնպես գտնվում են Եվրադատարանում. խոստացել է նրանց ապահովել բնակարաններով: Ընտանիքները մերժել են առաջարկը, քանի որ բնակարանները պետք է տրամադրվեին 2010-ին կառուցվելիք շենքերից, որոնք, ըստ Սեդրակ Բաղդասարյանի, 2010-ին  պատրաստ չեն լինի:

«Մինչև մարտի 23-ը ՀՀ կառավարությունը պետք է Եվրադատարան ներկայացնի այդ  5 ընտանիքների վերաբերյալ հաշտության առաջարկի արդյունքները»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը,- կառավարությունը պետք է ներկայացնի` ինչ է արել, հակառակ դեպքում Եվրադատարանը կկայացնի իր վճիռը:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply