Ատրճանակով մտել ու տարել են շուրջ յոթուկես միլիոն դրամի գույք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 8, 2013 13:14

ՀՀ քաղաքացի  Աշոտ Օհանյանը մեղադրվում է կնոջ նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարելու մեջ`  առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով: Դեպքը տեղի է ունեցել շուրջ 14 տարի առաջ:

Այժմ արդեն Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գտնվող քրեական գործի նյութերի համաձայն` նա հանցավոր համաձայնության գալով Դերենիկ Դավթյանի, Յուրա Մուրադյանի և Ռուդոլֆ Մկրտչյանի հետ, 1999 թ. դեկտեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում Դերենիկ Դավթյանի և Ռուդոլֆ Մկրտչյանի հետ, զինված ‹‹Մակարով›› տեսակի ատրճանակով, ապօրինի մուտք են գործել Ժիրայր Շիրինյանի` Ավան-Առինջ թաղամասում գտնվող  բնակարան: Այստեղ ատրճանակի բռնակով հարվածել են վերջինիս կնոջ` Սվետլանա Հարությունյանի գլխին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Այնուհետև կապել են տանտիրուհու ձեռքերը, ոտքերը, բերանը և բնակարանից հափշտակել 7 172 000  դրամի ոսկյա զարդեր և 264 500 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար` պատճառելով առանձնապես խոշոր չափի ` 7 436 500 դրամի գույքային վնաս: Միաժամանակ, դարձյալ ըստ առաջադրված մեղադրանքի, Աշոտ Օհանյանը առանց համապատասխան թույլտվության ապօրինի ձեռք է բերել, պահել և կրել հրազեն հանդիսացող ‹‹Մակարով›› տեսակի ատրճանակ, որը գործադրվել է ավազակային հարձակման ժամանակ:

Աշոտ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նա այժմ հանդիսանում է ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ի կալանավոր: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպասվում է ազատազրկում` մինչև տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Փաստինֆո»
Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply