Ստամբուլում տարեց հայ կանայք վտանգի մեջ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 5, 2013 21:29

Ինչպես արդեն տեղեկացրել էինք`դեկտեմբերի28-ին Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանում երեկոյան ժամերին 5 մարդասպան ներխուժել են մենակ ապրող հայ կնոջ տուն և դանակի յոթ հարված են հասցրել տան բնակչուհի 84-ամյա Մարիցա Քյուչուքին`կտրելով նրա կոկրդը:
Ահա սպանված կնոջ որդին`Զատիկ Քյուչուքը, որն էլ գտել էր մոր դիակը, «Ակոս»-ին նոր մանրամասներ է պատմել դեպքի առնչությամբ: «Երբ տուն մտա, մորս գետնին պառկած գտա, բայց քանի որ մութ էր, կարծեցի, թե ընկել է: Լույսը միացնելուն պես տեսա, որ ամբողջությամբ արյան մեջ է: Նա գրեթե մերկ էր և կրծքին խաչի նման մի նշան տեսա: Որովայնի հատվածում աջից ձախ արված ոչ խորը կտրվածք կար: Շատ վատ զգացի այդ տեսարանից և անմիջապես ոստիկանություն զանգեցի»,-պատմել է Զատիկ Քյուչուքը:
Դեպքի առնչությամբ կատարվող քննությունը պարզել է, որ 85-ամյա Մարիցա Քյուչուքին դանակահարելուց հետո, բռունցքով հարվածել են աչքին և ծնոտին: Հայտնի է դարձել նաև, որ հանցագործները գողացել են կնոջ ոսկեղենը, ուստի սպանությունը կատարվել է գողության նպատակով: Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է: Մարիցա Քյուչուքի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել այսօր Ստամբուլի Սամաթյա թաղամասում գտնվող սբ. Գևորգ եկեղեցում:
Նշենք, որ սա արդեն երկրորդ նման դեպքն է: Դեկտեմբերի սկզբին Սամաթյայում 87-ամյա մեկ այլ հայ կին գողության զոհն է դարձել և հարձակման ենթարկվել, որի հետևանքով զրկվել էր մեկ աչքից, սակայն նրան հաջողվել էր ողջ մնալ:
Այս ամենից հետևում է, որ տարեց կանայք դարձել են հանցագործների թիրախը, ուստի բնակչությունը պահանջում է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել թաղամասի անվտանգության ապահովման համար:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply