Հրանտ Բագրատյանը նույնպես իր փաստաթղթերը հանձնեց ԿԸՀ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 30, 2012 8:02
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դեկտեմբերի 29-ին, փաստաթղթեր է ներկայացրել նաև Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը: Այդ մասին Անկախին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: Ավելի վաղ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր էին ներկայացրել նախագահի 9 թեկնածու` անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ, Մաշտոցի պուրակի «բուտիկները» ապամոնտաժող բրիգադի անդամ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:






Facebook
Tweet This
Email This Post
