Նոր գարուններ` Կոմիտասով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 30, 2012 6:15

«Նախախորհրդարան» շարժման համակարգող, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի նախագահ` Գարեգին Չուգասզյանը «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կրթություն» ընկերության արտադրած` «Կոմիտաս. կյանքն ու գործը» մուլտիմեդիա հանրագիտարանը և «Կոմիտաս. երգենք միասին» DVD սկավառակները:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կրթություն» ընկերությունը վերջին տարիներին իրականացրել է մի շարք մուլտիմեդիա նախագծեր: 2005 թվ.-ին Արամ Խաչատրյանին նվիրված առաջին մշակութային, երաժշտական նախագիծը մասնակցելով համաշխարհային մուլտիմեդիա մրցույթին` արժանացել է մշակութային ոլորտի գլխավոր մրցանակին: Այնուհետև ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով փորձել են իրականացնել Կոմիտասին նվիրված նախագիծը.
Կես տարի աշխատելուց հետո անվստահությունը շարունակվում էր, բայց ինչքան ավելի էինք խորանում Կոմիտասի կենսագրության մեջ, այնքան ավելանում էր մեր համարձակությունը, – ասում է Գարեգին Չուգասզյանը:

Գաղափարն ամբողջացել է Ե. Չարենցի «Ռեքֆիեմի» շնորհիվ, որը գրվել է 1936 թվ.-ին, երբ Կոմիտասի մարմինը Փարիզից բերվել է Հայաստան: Գարեգին Չուգասզյանը հիշատակեց «Ռեքֆիեմի» վերջին տողերը, որ գալու են նոր գարուններ և նոր երգեր են հնչելու: Կոմիտասի շունչն էր, որ 1936 թվ.-ի ստալինյան ռեպրեսիայի ծանր տարիներին Չարենցին թույլ տվեց զգալ այդ «նոր գարունները»: Եվ այդ տողերը կարդալիս միտք հղացավ ամբողջ գործը ներկայացնել տարվա չորս եղանակների տեսքով և հենց այդ պահին էլ, ըստ Չուգասզյանի, կոնցեպտուալ իմաստով ամբողջացել է գործը և վերականգնվել վստահությունը:
«Կոմիտաս. կյանքն ու գործը» մուլտիմեդիա հանրագիտարանը ներկայացված է հինգ բաժիններով. յուրաքանչյուր բաժին կարելի է դիտել երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն: Ներկայացված է Կոմիտասի կյանքի ժամանակագրությունը, որը բաժանված է առանձին գլուխների. կյանքի յուրաքանչյուր շրջան ներկայացված է ամենայն մանրամասնությամբ` լուսանկարներով, աուդիո և վիդեո նյութերով: Հանրագիտարանում ընդգրկված է ոչ միայն կոմիտասյան երաժշտության տարբեր կատարումներ ու մշակումներ, այլ նաև իր ժամանակի և միջավայրի ողջ երաժշտությունը : Հանրագիտարանն ունի տեքստերի, լուսանկարների բաժիններ, ձայնադարան և այլն: Ձայնադարանում ընգրկված են կոմիտասյան 300 երգերի շուրջ 600 կատարում: Նախագծում հավաքված է Հայաստանի արխիվներում գոյություն ունեցող ամբողջ մեդիա նյութը:
Կոմիտասը իր ժամանակի ավանգարդ մտածողներից էր,- ասաց Գարեգին Չուգասզյանը, – նա այն կուռքը չէ, որ մենք սարքել ենք իրենից: Եթե նա հիմա մեր ժամանակակիցը լիներ, կլիներ ամենավերջին համակարգչային տեխնոլոգիայի օգտագործողը:
Մուլտիմեդիա հանրագիտարանում տեղ գտած ամբողջ նյութը հիմք պիտի հանդիսանա կոմիտասյան վիրտուալ և իրական թանգարանի համար: Թանգարանը պանթեոնի տարածքում բացելու առաջարկներ են եղել, որի հետ համաձայն չէ Գարեգին Չուգասզյանը: Նա գտնում է, որ այն ինքնանպատակ չպետք է լինի, այլ լինի հարյուրամյակի ամենակարևոր իրադարձություններից մեկը: Գարեգին Չուգասզյանը թանգարանը այլ տեղ է պատկերացնում և կարծում է, որ այն պիտի լինի հանրության թանգարանը, որտեղ կկազմակերպվեն կոմիտասյան ամենամյա փառատոններ.
Առանձին Պանթեոնի թանգարան կարելի է ստեղծել, բայց Կոմիտաս մենք մի հատ ունենք և չի կարելի նրան նույնացնել տարվա միայն մեկ եղանակի ձմեռվա, գերեզմանի կամ պանթեոնի հետ: Կոմիտասի մեջ տարվա բոլոր եղանակներն են ու թանգարանը պիտի շնչի տարվա չորս եղանակներով:

Երկրորդը` «Կոմիտաս. երգենք միասին» նախագիծն է, որն արվել է երգահան Լիլիթ Պիպոյանի հետ: Կարաոկե սկավառակում ընդգրկված են կոմիտասյան շուրջ քսան երգ` իրենց տեսահոլովակներով: Յուրաքանչյուր երգը կարելի է լսել և կատարումով, և առանց կատարման, երգել և ձայնագրել այն: Շնորհանդեսի վերջում հանդիստատեսը մեծ հաճույքով ու ոգևորությամբ երգեց Կոմիտասի երգերից:

«Նարեկացի» արվեստի միություն

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply