«Այստեղ մեր եկեղեցին է, գորգագործության խմբակ չէ». Դիարբեքիրի հայկական համայնք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2012 12:27

Թուրքական «Radikal»-ը պատմում է Դիարբեքիրի հայկական բողոքական եկեղեցու`թուրքական պետության կողմից յուրացման և հայկական համայնքի պահանջատիրության մասին:
1870 թվականին Դիարբեքիրում կառուցվել է հայկական բողոքական Սուրբ Փրկիչ եկեղեցին, իսկ դրանից 113 տարի անց`1983 թվականին Դիարբեքիրի շրջանային հողային վարչությունը յուրացրել է այն`դադարեցնելով եկեղեցու գերծունեությունը: 2010 թվականին եկեղեցու տարածքը վերանորոգվել է և վարձով է տրվել Կանանց կենտրոնին: 339 հազար լիրայի գույք ունեցող եկեղեցում սկսել են արծաթյա իրերի պատրաստում և մետաքսի արտադրության տեխնիկա սովորեցնել:
2012 թվականին հայկական բողոքական համայնքը որոշել է հետ պահանջել իրենց պատկանող գույքը: Եկեղեցու վերջին կառավարիչ Օհաննես Գյուլսաթարի որդու`Էրոլ Գյուլսաթարի և Միջին Արևելքի հայկական բողոքական եկեղեցիների միության Թուրքիայի պատասխանատու Գրիգոր Աղաբալօղլուի նախաձեռնությամբ մի գործընթաց սկսվեց, որի ընթացքում գտնվեցին նախկինում Դիարբեքիրում բնակվող 10 հայ: Ստեղծվեց երեք հոգուց բաղկացած ժամանակավոր կառավարություն և ութ անդամների ստորագրություններով դիմում ներկայացվեց Դիարբեքիրի շրջանային հողային վարչությանը`պահանջելով հետ վերադարձնել հայկական եկեղեցին:
Վարչությունը հայտնել է, որ մինչ այժմ պահպանել է շինության գոյությունը, իսկ հիմա այնտեղ գորգագործության դասեր են ընթանում: Դիարբեքիրի և շրջակա գավառների մոտ 80 հայկական համայնքի անդամները երկու օր առաջ 4100 համարի դիմումն են ներկայացրել վարչություն`նշելով, որ իրենք եկեղեցու կարիքն ունեն և պահաջում են այն վերադարձնել համայնքին: Նախաձեռնության հեղինակներից Աղաբալօղլուն նշել է, որ մի ժամանակ Թուրքիայում փոքրամասնությունների դեմ ատելությամբ էին գործում, սակայն հետզհետե շատ բան է փոխվել:
«Այսօր Դիարբեքիրում հայկական համայնք կա և համայնքին պատկանող գույքեր, որոնք ինչ-որ կերպ պետության ձեռքում են հայտնվել: Դիարբեքիրում հայ բողոքականներ չեն մնացել, մի մասը Ստամբուլում է: Այդ եկեղեցին համայնքային գումարով է կառուցվել համայնքի համար: Քրիստոնյա համայնքներին պատկանող գույքը պետությունը իր նշանակությամբ չի կիրառում`կամ վաճառում է, կամ էլ իր հայեցողությամբ տնօրինում`վերածելով այն մարզասրահի, հիվանդանոցի, զորանոցի, գորգագործության խմբակի: Ստամբուլում, Գազիանթեփում, Քիլիսում, Հալըջըօղլույում էլ նման շենքեր կան, միջուցե նաև այլ վայրերում: Մենք պետությունից փաստաթղթեր ենք ուզում, սակայն չեն տալիս»,-պատմել է Աղաբալօղլուն:
Չնայած հայկական համայնքի դիմումին դեռևս պատասխան չի տրվել, այնուհանդերձ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները դրական արդյունքի հույս են ներշնչում:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply