Ի՞նչ է ադրբեջանցիների մտքինը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 26, 2010 10:41

Վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները հաճախակի են տարբեր հայտարարություններ անում` կապված Հայաստանում և իրենց երկրում կայանալիք մարզական  միջազգային ստուգատեսների հետ: Բանն  այն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչների սրտով չէ, երբ մրցումներին մասնակցելու առիթով իրենց երկրում հայ մարզիկներ են հայտնվում: Փորձը ցույց է տվել, որ նրանք օդանավակայանից պարզապես հետ են ուղարկում մեր հայրենակիցներին, անկախ այն հանգամանքից, թե այդպիսի «հանդգնություն» ունեցողները որ երկրի  քաղաքացիներ են եղել: Իսկ Հայաստանի ներկայացուցիչներին և մեր հայրենակիցներին ստիպված թույլատրել էին մասնակցել 2007-ի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, երբ դա պարտադրել էին ՄՕԿ-ը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան: Ինչպես հայտնի է,  Հայաստանում ադրբեջանցիներին խանգարող ոչ մի հանգամանք չի եղել, եթե  նրանք ցանկացել են  որևէ ստուգատեսի պատվիրակներ գործուղել: Եվ ահա, այս առումով վերջին շրջանում նոր զարգացումներ կան:

Սկզբում ադրբեջանցիները խոստովանել էին, որ մտադիր չեն Երևանում մասնակցել հունիսի 28-ից հուլիսի 3-ը կայանալիք բասկետբոլիստուհիների Եվրոպայի C խմբի առաջնության ընտրական մրցաշարին: Դա՝ իրենց խնդիրն է:

Ինչ խոսք, ադրբեջանցիների համար ցանկալի էր, որ մերոնք էլ մրցումներին մասնակցելու առիթով Ադրբեջան մուտք չգործեին: Եվ ահա, ապրիլի 2-10-ին Բաքվում կայանալու է սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մերոնք  պատվիրակներ չեն ուղարկելու: Դրա պատճառը ոչ թե ադրբեջանցիների չկամությունն է, այլ այն, որ հրացանակիրներ չունենք, ովքեր կարող են այդ ստուգատեսում մեդալների հավակնել: Ի դեպ, աշխարհի երիտասարդական առաջնությունում վիճարկվելու են նաև 2010-ին Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցաշարի ուղեգրեր: Ապրիլի 13-18-ին  Բաքվում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի: Ապրիլի 20-ին էլ Ադրբեջանի մայրաքաղաքում տրվելու է  բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկը: Այն ավարտվելու է մայիսի 2-ին: Այս ստուգատեսը նույնպես վարկանիշային է սինգապուրյան պատանեկան օլիմպիական խաղերի համար: Մասնակցության իրավունք են ստանալու տարբեր քաշային կարգերում  մրցանակակիր դարձած մարզիկները:

Եվ ահա, երբ այդ ստուգատեսների անցկացմանը քիչ ժամանակ  է մնացել, Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են խառնել ալիքները: Մասնավորապես, այդ երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը, չգիտես ինչու, հայտարարել է, որ կարիք չկա, որ Հայաստանի ներկայացուցիչներին ադրբեջանցիներն անվտանգության երաշխիքներ տան, որպեսզի նրանք անկաշկանդ իրենց երկիր այցելեն: Թե ինչ է նշանակում դա, դժվար  է ասել: Պարզապես, նա  պատճառաբանել է, որ անցյալ տարի ինքը ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ եղել է Երևանում  և երկու երկրների միջև համաձայնագիր է կնքվել այդ մասին: Այնպես որ, Հայաստանի ներկայացուցիչներին նոր երաշխիքներ չեն տրվելու: Ստացվում է, որ ադրբեջանցիները Հայաստան  պատվիրակներ ուղարկելուց առաջ նախապես կարող են մեր երկիր պաշտոնյաներ գործուղել` ամեն բան տեղում հստակեցնելու համար, իսկ մերոնք դա պետք է անեն, թե ոչ, կրկին ադրբեջանցիներն են որոշում: Թե ինչ է թաքնված այդ ամենի ետևում, պարզ չէ:

Կատարվածը խնդրեցինք մեկնաբանել ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին: Նա մասնավորապես ասաց. «Արդեն որոշված է` մեր պատվիրակությունը մեկնելու է Բաքու: Հայաստանից ռինգ է դուրս գալու 5-6 մարզիկ: Իսկ պատվիրակության կազմում առավելագույնը կլինի 10 մարդ: Ինքս հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Աղաջան Աբիևի հետ: Նա  գրավոր ուղարկել է  ծրագիրը, որով մեր պատվիրակությունն ուղևորվելու է Ադրբեջան, նշված է նաև երթուղին: Արդեն հստակեցված է, թե մերոնք որտեղ են մնալու: Այնպես որ, խնդիրներ չպետք է ծագեն»: Հետաքրքրվեցինք, թե Բաքվում Հայաստանից մրցավար սպասարկելո՞ւ է հանդիպումները, թե՞ ոչ: Պարզվեց, որ դա որոշելու է Սիրողական բռնցքամարտի միջազգային  ֆեդերացիան: Կարող է խանգարել այն հանգամանքը, որ Հայաստանում 3 աստղ ունեցող միջազգային մրցավարներ չկան, որոնց վստահվում է սպասարկել  բռնցքամարտի խոշորամասշտաբ  մրցաշարերը:

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply