Նախիջևանցի լրագրողները ձերբակալման վտանգի տակ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 19:41

Անկախ նախիջևանցի լրագրող Էլման Աբբասովը դեկտեմբերի 26-ին երեք ժամ անընդհատ  հարցաքննման է ենթարկվել Սադարակի դատախազությունում: Ինչպես նշում է “Թուրան” գործակալությունը, Աբասովի, ինչպես նաև մեկ այլ լրագրող Իլհար Նասիբովի`6 ժամ տևած հարցաքննությունը կապված է եղել Սադարակի մաքսային կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետ:

Ըստ Աբասովի` նրան այդպես էլ չեն բացատրել, թե ինքը ինչ կարգավիճակով է հրավիրված: Հետաքննությունը շարունակում է օգտագործել Նադիր Մամեդովի` ճնշման տակ կորզած ցուցմունքները, որ մաքսայինների հետ կոնֆլիկտի ժամանակ իրեն լրագրողներ են հրահրել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին նախիջևանական ձեռնարկատերեր Նադիր Մամեդովը և Մուհամմեդ Գուրբանովը ձերբակալվել էին Սադարակի մաքսային կետում  Թուրքիայից ապրանքով վերադառնալու ճանապարհին: Սադարակի դատարանը դեկտեմբերի 11-ին  կալանավորման վերաբերյալ որոշում է կայացրել: Երկու ձեռնարկատերերը մեղադրվել են 315.2 հոդվածով (դիմադրություն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ):
Մաքսային կետում կոնֆլիկտի պատճառ հանդիսացել է այն, որ ձեռնարկատերերը հրաժարվել են կաշառք վճարել: Հենց դրանից հետո նրանք ձերբակալվել են:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply