«Ժառանգություն» խմբակցությունն ամփոփեց անցնող տարվա աշխատանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2012 15:58

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը եւ խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը դեկտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին ՀՀ ԱԺ 5-րդ գումարման առաջին եւ երկրորդ նստաշրջանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի գործունեության արդյունքները:
Անցնող տարվա ընթացքում պատգամավորները խորհրդարանում հանդես են եկել յոթ հայտարարությամբ, քսաներեք ելույթով, քսանհինգ հարցով դիմել են ՀՀ կառավարությանը: Պատգամավորները ներկայացրել են ութ օրենսդրական նախաձեռնություն, հանդիպումներ ունեցել ՀՀ քաղաքացիների հետ: Խմբակցությունը 149 նամակ ստացել է քաղաքացիներից, 187 նամակ՝ պաշտոնյաներից:
Թեւան Պողոսյանը հիշատակեց նաեւ ընդդիմադիր եւ այլընտրանք ներկայացնող խմբակցությունների 44 պատգամավորների նախաձեռնությամբ վերջերս հրավիրված ԱԺ արտահերթ նիստի, ԱԺ նորաստեղծ էթիկայի հանձնաժողովի արդյունավետ գործունեության, Եվրանեսթի պատգամավորների այցի շրջանակներում Ստոկհոլմի հետ կայացած ԱԺ հեռուստակամուրջի մասին, որոնց մասնակցություն է ունեցել նաեւ իրենց խմբակցությունը:
Պատգամավորներն անդրադարձան նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը, ներքաղաքական հարցերին եւ առաջիկա նախագահական ընտրություններին՝ ներկայացնելով իրենց տեսակետները:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply