«Էդ ո՞նց դառավ Ծառուկյան Գագիկն էս երկրի փրկիչը». Վազգեն Մանուկյանն ընդդիմության ցինիզմն աննախադեպ է համարում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2012 15:49

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև առաջիկա նախագահական ընտրություններին: Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Նախ ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը չի դրել իր թեկնածությունը, այլ 2,5 միլիոն մարդ չի դրել և ամեն մեկի պատճառները գտնել, թե ինչու չեն դրել, մի կողմ թողնենք: Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանը մի նախադասություն է ասել` չի դնելու և վերջ, մնացածի մասին խոսելն անիմաստ է»:

Վազգեն Մանուկյանի խոսքով`  95-96 թվականների պես բարենպաստ պայմաններ` երկիրն առաջ տանելու, նորմալ ընտրություններ կազմակերպելու, Հայաստանը չի ունեցել և չի ունենա. «Այն ժամանակվա իշխանությունը` հենց Լևոն Տեր Պետրոսյանով, վիժեցրեց այդ հնարավորությունը, մենք մտանք մի ուրիշ սցենարի մեջ և այժմ շարժվում ենք այդ սցենարով»:

Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ապա տարբերությունն այն է, որ այլընտրանք չկա. «Օրինակ, 96 թվին հասկանալի էր, որ եթե ոչ Լևոնը, ապա Վազգեն Մանուկյանը, 98-ին` Կարեն Դեմիրճյանը, 2003-ին ժողովուրդը երկու մարդու էր տեսնում` Ստեփան Դեմիրճյանին և Արտաշես Գեղամյանին, վերջին ընտրություններում` ժողովրդի մի հատված կար, որ ինչքան էլ զարմանալի է` Լևոն Տեր-Պետրոսյանին էր տեսնում, մի մասն էլ` Արթուր Բաղդասարյանի մեջ: Հիմա կա՞ մի մարդ, որին ժողովուրդը Սերժ Սարգսյանի փոխարեն ուզում է տեսնել: Ես չեմ տեսնում այդպիսի թեկնածու»:

Այս իրավիճակի համար նա մեղադրում է նախ և առաջ նախորդ իշխանություններին, ապա ընդդիմությանը. «Ո՞մ էր տեսնում ընդդիմությունը միասնական թեկնածու, ասե´ք,  ու՞մ էին ուզում առաջ բրթել, եկեք քննարկենք: Ո՞վ էր էդ Սասունցի Դավիթը, որ պետք է փրկեր Հայաստանին, ըստ ընդդիմության: Ասեք` իմանանք»,-առաջարկեց Մանուկյանը:

«Ծառուկյան Գագոն»,-ասաց լրագրողներից մեկը:

«Ծառուկյան Գագո՞ն…բայց ամբողջ ժամանակաշրջանում ընդդիմությունը պայքարում էր օլիգարխների դեմ, երկիրը թալանողների դեմ, Ծառուկյան Գագիկի դեմ: Էդ ո՞նց դառավ Ծառուկյան Գագիկն էս երկրի փրկիչը»,-տարակուսեց Մանուկյանը,-եթե ընդդիմությունն այդքան ցինիզմի է հասցնում իր պրագմատիզմը, էլ ի՞նչ եք ուզում, որ այդ երկրում տեղի ունենա: Պիտի տեղի ունենա էն, ինչ որ տեղի է ունենում»:

Դիտվել է 1915 անգամ:
Print Friendly

Leave a Reply