Չինական օձը հայոց պատմության քառուղիներում
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | January 9, 2013 7:00
Համաձայն չինական օրացույցի` 2013 թվականը օձի տարի է: Եկող տարվա ընթացքում, (եթե իհարկե աշխարհի կործանումը դարձյալ հետաձգվի) մեզ մի շարք հետաքրքիր քաղաքական իրադարձություններ են սպասում, որոնցից առաջնայինը, իհարկե, ՀՀ նախագահի ընտրությունն է: Ինչպիսին կլինի Օձ-2013-ը` հայտնի չէ, բայց փորձենք հետհաշվարկ կատարել և տեսնել, թե ինչպիսին է եղել չինական օձը հայոց պատմության քառուղիներում:
Եվ այսպես, օձի տարվա մեզ հայտնի առաջին նշանակալից իրադարձությունը վերաբերում է մ.թ.ա. 807 թվականին, երբ Արարատյան թագավորությունն ու Ասորեստանը պայքարի մեջ մտան մեձուրմյան Մանա երկրին տիրանալու համար: Այս պայքարն ավարտվեց Արարատյան թագավորության հաղթանակով:
Մ.թ.ա. 783 թ. Արգիշտի Ա թագավորը գրավում է Մելետեան, Խաթեն: Հաջորդ տարին հայոց զորեղ գահակալը հիմնադրել է Էրեբունին:
Բայց օձի տարին միշտ չէ, որ բարեհաճ է գտնվել հայոց համար: Մ.թ.ա. 735 թ. Թիգլաթպալասար Երրորդը ջարդեց Ուրարտուի և նրա դաշնակիցների բանակները Եփրատի հովտում: Դրանից հետո սկսվեց Արարատյան թագավորության անկումը:
Պարզվում է` օձի տարում թագավորած մեզ հայտնի առաջին գահակալը` Ռուսա Ա թագավորը (735-713 մ.թ.ա.) հաջողակ չէր: Գահակալության վերջում պարտություն կրելով Ասորեստանի Սարգոն Բ թագավորից` Ռուսա Առաջինը ինքնասպան եղավ: Սա համարե՞նք նախանշան:
Մ.թ.ա. 87 թ.` Տիգրան Երկրորդի արշավանքը Պարթևստան: Առհասարակ ասում են` նույն այս տարում հայոց երկնակամարում գիսավոր երևաց, որն էլ հետո իր թագին պատկերեց արևելքի զորեղ տիրակալը: Այս տարին թերևս ամենահաջողն էր Տիգրանի թագավորության համար, քանզի ծնկի բերելով պարթևական պետությանը` հայոց արքան նրանցից խլեց արքայից արքա տիտղոսն ու սկսեց իր նվաճումները:
Մ.թ.ա. 51 թ. հայ-պարթևական ուժերն ասպատակեցին Ասորիքը: Մինչ այդ հռոմեացիները, որ զրկել էին հայոց թագավորությունն արտաքին նվաճումներից` ցանկանում էին Արտավազդ Երկրորդին զրկել նաև իր հայրենիքից: Բայց հայոց թագավորը դաշնակցեց բարեկամ պարթևների հետ ու լավ ջարդ տվեց հռոմեացի օձերին:
Վաղարշ Առաջինը բախտավոր թագավոր էր; 117 թ. նա վերականգնեց Մեծ Հայքի անկախությունն ու հիմնադրեց Վաղարշապատ քաղաքը: Գահ բարձրանալով` Վաղարշը փաստացի վերականգնեց նաև Հայաստանի անկախությունը:
261թ. պարսիկները գահընկեց արեցին և սպանեցին հայոց թագավոր Արտավազդ Հինգերորդին (253-261): Իսկապես վատ նախանշան: Նույն տարում Հայաստանում հաստատվում է պարսկական գերիշխանություն:
273-276 թթ.Հայաստանում գահ է բարձրանում պարսիկ Որմիզդակը: Օձի տարին այս դեպքում շատ ավելի հաջող էր պարսիկների համար:
297 թ. հայ-հռոմեական բանակը հաղթեց պարսկական բանակին, որից հետո պարսիկներն ու հռոմեացիները կնքեցին Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը: Սրանով արևելքում երկարատև խաղաղություն հաստատվեց:
309 թ. Պարսկաստանում գահ բարձրացավ Շապուհ Բ Երկարակյացը (309-379): Սասանյան այս հզոր արքան իր թագավորության ընթացքում շատ նեղություններ պատճառեց Հայաստանին` պատերազմելով հայոց Արշակունիների հարստության հինգ սերունդների` Տրդատ Գ, Խոսրով Գ, Տիրան, Արշակ Բ, Պապ թագավորների դեմ:
405 թ.` հայ գրերի գյուտը` թերևս ամենաբախտորոշ իրադարձությունը օձի տարում:
633 թ.Դավիթ Սահառնունին դարձավ հայոց իշխան: Նրա օրոք սկսվեցին արաբական ասպատակությունները: Վերջերս համացանցում տարածված տեղեկատվության համաձայն` մեզ սպառնում են պակիստանյան ասպատակություններ:
693 թ. ոմն Մուհամմեդ նշանակվում է Արմինիայի փոխարքա: Արաբների կողմից Հայաստանի նվաճումից հետո սա առաջին արաբ ոստիկանն էր:
717 թ. Հովհաննես Օձնեցին ընտրվեց հայոց կաթողիկոս: Ազգանվեր, գիտնական, եզակի կաթողիկոս` օձի տարվա պարգևը Օձուն գյուղից, որտեղ, համաձայն ավանդության, օձաբարո մարդիկ էին ապրում:
885 թ. Աշոտ Առաջինը հռչակվեց հայոց թագավոր` հիմք դնելով Բագրատունիների թագավորությանը: Չինական օձը մեզ կրկին անկախություն պարգևեց:
1041 թ. մահացան հայոց Հովհաննես-Սմբատ Գ և Աշոտ Դ թագավորները: Միմյանց թշնամի այս եղբայր թագավորները ողջ կյանքում պայքարել են միմյանց դեմ և օձավարի կծել իրար` Բագրատունիների պետությունը հասցնելով կործանման եզրին:
1053 թ.` սելջուկների առաջին հարձակումը Կարսի վրա: Այն հերոսաբար հետ մղվեց Վանանդի թագավորության սպարապետ Թաթուլ Վանանդեցու կողմից, և Տուղրիլի ջարդված բանակներն օձագալար սողալով նահանջեցին:
1065 թ. կործանվեց Վանանդի թագավորությունը: Վերջին թագավորն օձի նման սողալով թուլամորթաբար իր հողերը վաճառքի հանեց Բյուզանդիային:
1113 թ. կործանվեց Լոռու թագավորությունը հարևան և «բարեկամ» վրացական թագավորության օձային խայթոցներից ու հարվածներից:
1113 թ. հիմնադրվեց Աղթամարի կաթողիկոսությունը: Հակաթոռ այս կաթողիկոսությունը ամենակենսունակն էր Ամենայն հայոց կաթողիկոսությունից հետո:
1137 թ. բյուզանդական Հովհաննես Կոմնենոս կայսրը գրավեց Կիլիկիան և վերացրեց հայկական իշխանությունը: Շատ չանցած, սակայն, Կիլիկիայում իրերի նախկին դրությունը վերականգնվեց. հայերը ջարդեցին բյուզանդական օձի գլուխն, ու Կիլիկիան դարձյալ հանդես եկավ որպես հայկական իշխանապետություն:
1149 թ. կաթողիկոսական աթոռը հաստատվեց Հռոմկլայում:
1161 թ. հայ-վրացական բանակը գրավեց Անին: Շատ չանցած` այն վրացիները վերադարձրին սելջուկներին: Անին վերջնականապես ազատագրվեց միայն 1199 թ.:
1185 թ. Սարգիս Զաքարյանը նշանակվում է վրաց ամիրսպասալար: Այսպիսով սկսվում է Զաքարյան տոհմի վերելքը վրաց արքունիքում, որն էլ նպաստեց նրանց միջոցով հայոց անկախության վերականգնմանը և սելջուկյան իշխանության տապալմանը:
1245 թ. մոնղոլներն ավարտեցին Հայաստանի նվաճումը: Դեռ 1236 թ. գրավելով Անին` տասնամյակ անց նրանք գրավեցին Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներ:
1305-1307 թթ.` Լևոն Դ թագավոր` անհաջողակ գահակալ Կիլիկիո գահին, որ օձի խորամանկություն անգամ չուներ և կուլ գնաց ժամանակի արհավիրքներին:
1677 թ. Էջմիածնի գաղտնի ժողովը` Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ, որ նամակներ ուղարկեց Արևմուտքի գահակալներին` Հայաստանի ազատագրության խնդրանքով:
1701 թ. Իսրայել Օրին առաքելությամբ այցելում է Մոսկվա: Սկսվում է հայ ժողովրդի «հյուսիսացավը»: Հուսահատված արևմուտքի խոստումներից` հայ քաղաքական միտքը սևեռվում է ռուսական օձի վրա, և այսուհետ հենց հայությունը պիտի դառնար ռուսական նկրտումների գրավականը:
1725 թ. Արցախ-Սյունիքում հայկական ուժերը համառ պատերազմ են մղում թուրքերի դեմ: Դավիթ Բեկն իր մի բուռ քաջերով ապացուցեց, որ հնարավոր է ինքնուրույն պայքարել ու հաղթել թուրքերին:
1761 թ.` Հովսեփ Էմինի այցը Ռուսաստան: Էմինը ռուսական կաբինետից օգնություն էր խնդրում` Հայաստանի ազատագրության համար: Հետագայում Հայաստանի ազատագրության նպատակներով նա անցավ Հայաստան, Վրաստան: Նրա ծրագրերը վիժեցին, իր իսկ խոսքերով, հայոց հոգևորականության պատճառով:
1773 թ. Աստրախանում հիմնադրվում է ռուսահայոց եկեղեցական թեմը:
1869 թ. ծնվեց Հովհաննես Թումանյանը:
1869 թ. ծնվեց Կոմիտասը: Փաստորեն, օձի տարին մեզ հանճարներ է տվել:
1941 թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Գերմանացիները չգիտեին, որ օձի տարին իրենցը չէ:






Facebook
Tweet This
Email This Post
