Երնեկ թե այս Նոր տարին…

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 29, 2012 14:20

Նորից Նոր տարին մոտեցավ, և հայրենակիցներիս մեջ սպառողական անհագ ծարավը կամաց-կամաց հասնում է իր գագաթնակետին: Երկրիս տարբեր աստիճանի չինովնիկներն էլ, այս օրերի եռուզեռը տեսնելով ու մատնանշելով, իհարկե, ոչ պաշտոնական զրույցներում, պնդում են, թե ամեն ինչ այնքան  էլ վատ չէ, ինչպես մենք` լրագրողներս, ներկայացնում ենք: Ու ամեն անգամ ստիպված ենք լինում լսել նույն «փաստարկները», թե «բա ասում էիք ժողովուրդն աղքատ է. աղքատն էսքան առևտուր կանի՞»:

Մոռանանք չինովնիկներին էլ, նրանց փաստարկներն էլ: Տոնածառներն այս տարի էլ են վաճառվում, ինչպես անցյալ տարի ու համարյա նույն գներով. չինական արտադրության փոքր տոնածառ կարելի է գնել 7000 դրամից սկսած` մինչև 45000 դրամով, իսկ թաիլանդականները` 15 000 դրամից սկսած` մինչև 60-70 հազար դրամով: Գերմանական ու հոլանդական բնական տոնածառի գներն էլ սկսում են 40-50 հազար դրամից ու հասնում` անսահմանության: Այնպես որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները, ովքեր դեռ տոնածառ չունեն ու այն ձեռք բերելու գործն անցյալ տարվանից հետաձգել էին այս տարի, կարծես հիմա էլ պետք է այն հետաձգեն հաջորդ տարվան:

Բուդն այս տարի էլ, ինչպես անցած տարիներին, նախատոնական այս օրերին հասնում է իր գնի հնարավորությունների գագաթնակետին: Դա էլ դեռ ոչինչ, կարելի է նաև առանց խոզի բդի էլ շատ ուրախ Նոր տարի դիմավորել: Սակայն առանց այլ մթերքների յոլա գնալը մի քիչ անիրատեսական է:

Մի խոսքով, անցնենք տոնական առևտրին: Ընկույզի միջուկի մեկ կիլոգրամն այս տարի արժե 1 կիլոգրամը 7-8 հազար դրամ` կախված վաճառողի խղճից, հնդկընկույզի, գետնանուշի, նշի, պնդուկի և այլ «չարազեղենի» գներն էլ դիրքավորվել են 4-6 հազար դրամի սահմաններում: Չիր-չամիչը, անցյալ տարվա համեմատ, այնքան էլ չեն փոխել իրենց գների «գույնը», սակայն միրգը, կարծես, այս տարի մի քիչ պակասություն է անելու. միջին կարգի խնձորի 1 կիլոգրամն արժե 200-350 դրամ, լավը, իհարկե, շատ ավելի թանկ, տանձը` 500-1000 դրամ` նայած սորտի, իսկ Նոր տարվա «խորհրդանիշերից» մեկը` մանդարինը` սկսվում է կիլոգրամը 350 դրամից, եթե հին ներկրվածը գտնվի: Իսկ նոր ներկրվածի 1 կիլոգրամն արդեն արժե 450 դրամ: Արքայանարնջի կիլոգրամն արժեքը սկսվում է 500 դրամից, բանանը, անանասը, կիվին և այլն, իրենց գներն այնքան էլ չեն փոխել:

Տավարի միսը դարձել է 1 կիլոգրամը 2300-2700 դրամ` նայած թե տավարի որ մասն ենք նախընտրում ուտել: Ձուն, ինչպես երեքշաբթի նշեց ՏՄՊՊՀ նախագահը, ընդամենը չնչին` 2-3 դրամով է թանկացել, կաթնամթերքը` մի 20-30 դրամով, փոխարենը մի քիչ էժանացել են ձիթապտուղն ու շաքարավազը:

Մսամթերքը, ինչպես միշտ, դարձել է միայն շռայլության ատրիբուտ:

Նոր տարին դիմավորելու համար մեզ հավանաբար պետք կգան մի երկու տեսակի աղցանների «ատրիբուտներ», սեղանի զարդարման պարագաներ, մի երկու խորտիկ պատրաստելու մթերքներ, խմորեղեն, կոնֆետ, խմիչք և այլն: Մի խոսքով, մի երիտասարդ տնտեսագետ չի ալարել, նստել ու հաշվել է, հետո էլ ԱՐ հեռուստաընկերության եթերով հայտնել է, որ «ստից» Նոր Տարի դիմավորելու համար մեկ անձին պետք կլինի նվազագույնը 50 հազար դրամ` դեռ նախատոնական գներով, իսկ տոնական սպեկուլյացիաները հաշվի առնելով` 2-3 անգամ ավելի թանկ: Ասել է թե` 100-150 հազար դրամ:

Հաշվի առնելով հայերիս մեջ ընդունված այն պատկերացումը, թե ինչպես ճոխ դիմավորենք Նոր տարին, այնպես էլ կանցնի ամբողջ տարին, ու այս համատեքստում մեզ այդ օրը մի քիչ լավ զգալու ցանկությունը, կարելի է ասել` վատ ցուցանիշ չէ: Մանավանդ որ ֆինանսների նախարարն էլ երկուշաբթի ասուլիս տվեց ու ասաց, թե այս տարի Հայաստանում միջին աշխատավարձը պետական հիմնարկներում կազմում է մոտ 95 հազար դրամ, իսկ ոչ պետական` մոտ 145 հազար դրամ:

Նոր տարվա համար «անհրաժեշտ» ծախսերն ու այս թվերն առաջին հայացքից համադրելի են: Սակայն եթե բոլորը աշխատեն ու բոլորն իրոք ունենան ամսական այդքան եկամուտ: Ու թող գրողի ծոցը կորչի այն հանգամանքը, որ մեր հիշատակած Նոր տարվա սպառողական զամբյուղն ու այս եկամուտների ցուցանիշներն իրար գրեթե հավասար են, ստացվում է, որ 1-2 օրվա համար մի ամբողջ ամսվա աշխատավարձ կծախսվի: Փոխարենը Նոր տարին մի թեթև կտարբերվի մյուս օրերից:

Բայց արի ու տես, որ սա միայն առաջին հայացքից է: Քանի որ նույն ֆինանսների նախարարը, նույն ասուլիսի ժամանակ նշեց նաև, որ նույնիսկ պետական թվանկարչության պայմաններում  Հայաստանում այս տարի աղքատության մակարդակը մոտ 35 տոկոս է, ասել է թե` մեր երկրի քաղաքացիների յուրաքանչյուր երրորդը` պաշտոնական տվյալներով 1 մլն 100 հազար մարդ, աղքատ է:  Այսինքն` նրանցից յուրաքանչյուրի եկամուտը ամսական չի գերազանցում 33 հազար դրամը, որովհետև այս թիվն է ընտրված որպես աղքատության սահմանագիծ, որից պակաս ստացողներն են միայն համարվում աղքատ: Դեռ չհաշված, թե որքան մարդ է ամսական ընդամենը 40-50 հազար դրամ եկամուտ ունենում, որով էլ աղքատ չի համարվում:

Եվ ուզես-չուզես, միտքդ մի հարց է քչփորում` ինչո՞ւ պետք է Նոր տարին «արժենա» մոտ 100-150 հազար դրամ, եթե մեր երկրում ամեն երրորդ մարդ կիսաքաղցած է քնում:

Մնում է միայն հիշել հայտնի երգի խոսքերը. «Երնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայու ցավերուն, չարը կորչեր, ու բարին բույն դներ մեր սրտերում…»:

Եվ արդեն կարևոր չէ, թե ինչ արժե տոնածառը, բուդը, հավը, օղին, կոնյակը, գինին, միրգը, չարազը, կարևորը ուրախ և լի սրտով Նոր տարին դիմավորելն է, որպեսզի ամբողջ տարին էլ անցնի նույնպես ուրախ և լի սրտով:

 

Դիտվել է 2582 անգամ:
Print Friendly

Leave a Reply