2012-Ը՝ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԴԵՊՔԵՐՈՎ Հասարակական ալիքները՝ ըստ հորիզոնականների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 8, 2013 7:15

7. Մայիսի 8-ի առավոտյան երիտասարդ մարդկանց մի խումբ պայթեցրեց Փարպեցի փողոցում գտնվող DIY ակումբը, որն ըստ լրատվամիջոցների` համարվում է միասեռականների հավաքատեղի, իսկ տնօրենը հայտնի է որպես լեսբոսուհի:

Ակումբի պայթեցումը երևանյան հասարակությանը պառակտել էր երկու խմբի. մի մասը, խիստ քննադատելով միասեռականությունը, պաշտպանում էր պայթեցումն իրականացնողներին, մյուս մասն էլ, քննադատելով հարձակումը, սատարում էր ակումբի տնօրինությանը: Նույն օրն ակումբը կրկին ենթարկվեց հարձակման. անհայտ անձինք թքում և ծխախոտի մնացորդներ էին նետում ակումբի ուղղությամբ, ապա պատռեցին ակումբի մոտ փակցված «Ո՛չ ֆաշիզմին» գրությամբ պաստառը:

6. Ամիսներ շարունակ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Մաշտոցի պուրակն էր՝ պայքարող երիտասարդ բնապահպաններով: Ուշագրավ է նրանց հայտարարությունը միջազգային հանրությանը: Հայտարարությունը ներկայացնում ենք կրճատումով.«Այսօր` 29.04.2012, Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից ակտիվիստների նկատմամբ կիրառած բռնությունները, վայրագությունները և մարդու իրավունքների կոպիտ խախտումները վկայում են այն մասին, որ 2008 թ. Մարտի 1-ից ի վեր ոստիկանության և նրանց հրահանգողների ձեռագիրը մնացել է նույնը: Ակտիվիստների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, ինչի հետևանքով 10-ից ավելի ակտիվիստներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»:

5. «Ես հեռանում եմ, պարոն պետություն, ես չեմ ենթարկվում ձեր ճնշումներին»,- ասաց «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի Աշխեն Գործունյանն ու վաճառելով իր ամբողջ սեփականությունը` վերադարձավ Փարիզ՝ մշտական բնակության: Վերջերս «Անկախի» հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Այս երկրի մեջ եթե իրենց օրենքներով չլինես, չես կարող գործել: Եթե իրենց պես կաշառակեր չլինես կամ կաշառակերությամբ չզբաղվես, չես կարող աշխատել: Հայաստանում շատ դժվար է այդ օրենքներով աշխատելը»:

4.  2012-ին գիտությամբ զբաղվողներն ու գիտությամբ հետաքրքրվողները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացեցին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջը: Օգտատերերն այնքան ակտիվ էին, որ քննարկումները շարունակվեցին մամուլի ասուլիսներով և մեդիայի տարբեր լրատվամիջոցներով: Գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ պահանջում էին բարձրացնել գիտության ֆինանսավորումը:

Շուրջ 6 ամիս տևած պայքարը, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի գնահատմամբ,  իրականում չհանգեցրեց ֆինանսավորման ավելացման. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ ավելացումներն արվել են բոլոր տարիներին, և դրանք որակապես ոչինչ չեն փոխելու, ինչպես չեն փոխել նաև նախորդ տարիներին: Այդ գումարով փակվում են նվազագույն աշխատավարձի ավելացման ծախսերը, գնաճային ծախսերը շինությունների պահպանման, սարքերի ձեռքբերման և այլն»:

3. Կառավարությունը երկար քննարկումների ընթացքում վերջապես Աժ ներկայացրեց մարդու միջին աշխատավարձի փաթեթը: Երկար ու քրտնաջան աշխատանքների շնորհիվ մեր պատգամավորները նվազագույն աշխատավարձը դարձրին 35.000 ՀՀ դրամ՝ նախկին՝ 32.500-ի փոխարեն: Սա երևի կառավարության ու օրենսդիրի «ամենահաջող» զոհաբերությունն էր:

2. Հասարակական քննարկման նոր փոթորիկ սկսվեց այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեցին դերասանուհիներ Անժելա Սարգսյանի և Անի Երանյանի պոռնոգրաֆիական բնույթի լուսանկարները: Անժելան որոշեց դատի տալ «զուգընկերոջը» լուսանկարները տարածելու համար, իսկ Անի Երանյանի մասով՝ լրատվամիջոցները շտապեցին հերքումներով հանդես գալ՝ թե լուսանկարներում Անին չէ:

1. Առաջին տեղում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դաժան սպանությունն է: Ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, հասարակական ալիքների պահանջների ներքո, վայր դրեց պատգամավորական մանդատը և լրատվամիջոցներին հայտնեց, որ ինքն այդ օրը հանրապետությունում չի եղել և մեծ ցավ է ապրում կատարվածի համար: Ուշագրավ է այս կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը.  «Վահե Ավետյանի հետ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ հայաստանյան հասարակության մեջ վախերի հավասարակշռությունը խեղված է»:

  

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply