ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ. Ինչպիսի՞ն էր 2012-ը և ի՞նչ սպասելիքներ կան գալիք տարուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 6, 2013 7:13

«Բութանի թագավորը ցանկանում է մեզ բոլորիս երջանիկ դարձնել: «Կառավարությունները,-ասում է նա,- պետք է նպատակադրվեն առավելագույնի հասցնել ոչ թե իրենց ժողովրդի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), այլ համախառն ազգային երջանկությունը»,- գրում է ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմս»-ը:

Պարզվում է` համախառն ազգային երջանկությունը շատ պետությունների առաջին դեմքերին մտահոգող հարցն է: Այս հարցի հիմքերը դրվել են ոչ հեռավոր անցյալում` ընդամենը 40 տարի առաջ: 1974-ին տնտեսագետ Ռոբերտ Իստրլինգը հրապարակեց մի հետազոտություն՝ «Արդյոք տնտեսական աճը բարելավո՞ւմ է մարդու կյանքը. ապացույցներ» վերնագրով: Համադրելով մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը և մի շարք երկրներում երջանկության մակարդակը` նա ապշեցուցիչ երզրակացության հանգեց: Գիտնականը եկամտի բավական ցածր մակարդակ (այնքան, որքան անհրաժեշտ է հիմնական պահանջները բավարարելու համար) ունեցողների շրջանում բացահայտեց, որ որևէ փոխադարձ կապ չկա երջանկության և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի միջև:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՉՔԵՐՈՎ

Հակոբյանների ընտանիքը ձևավորվել է 2005-ի աշնանը: Երիտասարդ Աշոտն ասում է, որ արդեն երկու երեխայի հայր է: Ընտանիքում չորսն են՝ ինքն ու կինը և երկու զավակները: Համախառն ազգային երջանկության և իր ընտանիքի երջանկության մասին նա հակառակ կարծիք ունի:

– Կարծում եմ՝ երջանիկ են պետությունների այն բնակիչները, որոնք ապահով են: Ես երիտասարդ ընտանիքի հայր եմ ու գիտակցում եմ, որ մենք երջանիկ լինել ուղղակի չենք կարող: Պայմանները թույլ չեն տալիս,- ասում է նա:

Նա համոզված է, որ երջանկությունը միայն փողի մեջ չէ. մարդու երջանկությունը երևում է հայացքից:

– Ես էլ, կինս էլ աշխատում ենք, աշխատում ենք որ ոչ թե ապրենք, այլ գոյատևենք: Երկուսս միասին վաստակում ենք մոտ 800 դոլար գումար, բայց ամեն ինչ մեզ մոտ այնքան թանկ է, որ գրեթե ոչինչ չենք հասցնում անել: Անգամ մանր-մունր առևտուրը հսկայական գումարներ է «տանում»:

Երեխաներին զվարճանքի վայրեր տանել ու ազատ ժամանակը ոչ հեռուստացույցի դիմաց անցկացնել ցանկանում են նաև Հակոբյանները, բայց…

– Երեխաները մեծանում են հեռուստացույցի առաջ: Անգամ ամիսը մեկ կամ երկու անգամ հնարավոր չի լինում ընտանիքով հանգիստը վայելել որևէ տեղ: Չեմ ասում՝ ռեստորաններ, գոնե սրճարաններ կամ մանկական վայրեր: Սարսափելի գներ են` անհամապատասխան մարդկանց աշխատավարձերին:

Մեր այն դիտարկմանը, թե իր ընտանիքին ինչ տվեց 2012-ը և ինչ սպասելիքներ ունի 2013-ից, Աշոտը ժպիտով է պատասխանում.

– Անկախ ամեն ինչից, ես սիրում եմ Երևանը, այն իմ ծննդավայրն է: Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, ու գոհ եմ 2012-ից: Կարծում եմ՝ 2013-ը իր հետ կբերի համախառն ազգային երջանկություն, և մարդիկ լավ կապրեն:

ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՐՁԸ

1972-ին համաշխարհային երկու տնտեսագետ՝ Վիլյամ Նորդհաուսը և Ջեյմս Թոբինը, ներկայացրին մարդկանց երջանկությունը չափելու նոր սկզբունք, որն անվանեցին «Զուտ տնտեսական բարեկեցություն»:  Այն ստացվում է, երբ ՀՆԱ-ից (համախառն ներքին արդյունք) հանում են «վատ» արդյունքները, օրինակ` աղտոտումը, և գումարում ոչ շուկայական գործողությունները, ասենք` ժամանցը: Նրանք ցույց տվեցին, որ ավելի շատ ժամանակ ունեցող և պակաս աշխատող հասարակությունն ունի այնքան բարեկեցություն, որքան այն հասարակությունը, որում աշխատանքը շատ է, հետևաբար շատ է նաև ՀՆԱ-ն: Այս դեպքում ազատ ժամանցը քիչ է:

Երջանկության չափման ավելի վերջին շրջանի բանաձևերում փորձ է արվել ներառել «կյանքի որակի» ցուցիչների ավելի լայն շրջանակ: Խնդիրն այն է, որ կարելի է չափել մատերիայի, բայց ոչ կյանքի որակը: Այն ավելի շատ բարոյագիտական հարց է, քան տնտեսագիտական: Սակայն աճի շուրջ քննարկման վրա սկսել է ազդել նաև մեկ այլ եզրակացություն. միևնույն երկրում աղքատները պակաս երջանիկ են, քան հարուստները:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տարեկան հաշվետվությունների` Հայաստանում մարդիկ ավելի շատ հակված են իրենց կյանքը կապելու եվրոպական երկրների հետ, քան մեր երկրի: Մարդիկ ավելի շատ արտագաղթում են, քան ներգաղթում:

ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշները տարօրինակ կերպով պահպանվում են: Եթե ընդունենք ցուցանիշների «անկեղծությունը», ապա մենք պետք է ավելի լավ ապրեինք:

Ըստ նույն Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունների` 2012-ին մարդիկ ավելի քիչ հանցագործություններ են արել, քան նախորդ տարիներին:

100 ՀԱՐՑՎԱԾՆԵՐ

«Անկախի» փոքրիկ ուսումնասիրությունների արդյունքում 100 հարցվածների մեծամասնությունը՝ 76 հոգի, դժգոհ է անցնող տարվանից: Հարցվածների մեծ մասը հիմնականում դժգոհում է աշխատանքից, աշխատավարձից և կյանքի որակից: Հարցվածներից 11-ը նշում են, որ գոյատևում են վերջին տարիներին համընթաց, իսկ 13 հարցված ասում է, որ եթե դրամով չօգնեն Եվրոպայում բնակվող բարեկամները, ընդհանրապես չեն կարող ապրել:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Հ.Գ.- Որքան էլ գիտնականները մշակեն համախառն ազգային երջանկության բանաձևը, մեկ է, հայերն անգամ լավ ապրելու դեպքում էլի դժգոհելու են: Հոգեբան Աննա Դումիկյանի գնահատմամբ՝ դա է մեր ազգային դիմագիծը, որը չի փոխվի:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply