2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2012 15:09

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 841 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 831.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 90.2% ով և 85.1%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 22.7 մլրդ դրամ կամ նախատեսված տարեկան մուտքերի 95.8%-ը, իսկ ծախսերը` շուրջ 18 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 68.5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 818.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 813.6 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի համապատասխանաբար 90.1% և 85.6% կատարողական:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.8%-ով կամ շուրջ 82.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 0.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 792.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 90.3% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 11.8% ով կամ 83.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով ստացված մուտքերի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.4% ով կամ 34.8 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 763.7 մլրդ դրամ` 86.6%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.2%-ով կամ 57.6 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված վարկային միջոցների) կատարվել է 9.4 մլրդ դրամ հավելուրդով` տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 44.6 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
Պետական բյուջեի հավելուրդի ներքին աղբյուրները կազմել են -18.3 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները` շուրջ 8.9 մլրդ դրամ: Ներքին աղբյուրներում 23.0 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, 41.3 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների տարեկան ծրագրից շեղումների արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցներից տարեկան ծրագրով նախատեսված 23.6 մլրդ դրամ օգտագործման դիմաց հունվար-նոյեմբեր ամիսներին նշված միջոցներն ավելացել են 27.5 մլրդ դրամով:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply