Նորաձևությանը համընթաց նաև 2013-ին. Օձի տարին թելադրում է իր ճաշակն ու գույները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | December 28, 2012 13:01

Ընդամենը մի քանի օրից օձի տարին կմտնի իր լիիրավ պարտականությունների մեջ՝ թելադրելով նաև իր պայմաններն ու ճաշակը աշխարհի նորաձևությանը: 2013 թվականը, ի դեպ, սև ջրային օձի տարի է, և ըստ ավանդույթի, որպեսզի օձը բարեհաճ գտնվի մեր նկատմամբ, պետք է նախ և առաջ ամեն ինչ սկսել Ամանորից և ամենայն ուշադրությամբ ընտրել տոնական հանդերձանքը, զարդարել բնակարանը և զբաղվել տոնական ճաշացանկով: Ըստ ավանդության` օձը աղմուկ չսիրող նշանակերպ է, ուստի հատկապես տնային տնտեսուհիները պետք է բոլոր պատրաստությունները կանխավ ավարտեն, այսինքն` մինչ կեսգիշերը:

Նորաձևությունը և վերջինիս միտումներին հետևելը գրեթե ցանկացած կնոջ ամենասիրելի նախասիրություններից է: Հատկապես ամանորյա նախաշեմին բոլորը շտապում են տարատեսակ հագուստի խանութներից գնել ամենանորաձև ու ժամանակակից հագուստը և այն համադրել այս տարվա խորհրդանիշի` Օձի կերպարի հետ: Շատ կանանց այս օրերին հետաքրքրում է, թե ինչ տեսք պետք է ունենալ Ամանորը դիմավորելիս` սկսած հագուստից մինչև արդուզարդն ու աքսեսուրաները:

Խոստովանենք, որ ցանկացած կին իր հոգու խորքում երազում է Ամանորը դիմավորել ամենայն շքեղությամբ, նրբաճաշակ և հանելուկային արտաքինով, լինել այդ երեկոյի միակն ու անկրկնելին:

Համաշխարհային դիզայներները և նորաձևության առաջնորդներն արդեն ունեն Ամանորը դիմավորելու և առհասարակ այդ տարվա  նորաձևության իրենց պատկերացումները: Նրանք խորհուրդ են տալիս այդ օրը կամ ողջ տարվա ընթացքում կրել արծաթագույն և ոսկե նրբերանգներով շրջազգեստներ` մեղրագույնի տարբեր համադրումներով: Այս երանգներով մարմինն ընդգծող կիպ հագուստը հնարավորություն կտա կանանց առանձնանալու իրենց անհատականությամբ և գրավչությամբ:

Միջազգային ոճաբանները նորաձև են համարում մարմինն ընդգրկող կիպ հագուստը հատկապես օձի թեփուկանման կտորների համադրմամբ: Առհասարակ այս տարվա առաջնորդող գույները կլինեն կապույտը, կանաչը, նարնջագույնը և մոխրագույնը: Ոչ պակաս մոդայիկ է նաև կաթնագույնը: Բացի այդ, համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներներն իրենց հավաքածուներում ներառել են նաև ջերմ գունային երանգներ, հատկապես` բաց վարդագույնը:

Սև գույնի սիրահարներին համաշխարհային դիզայներները խորհուրդ են տալիս զերծ մնալ դրա միատոն  գործածումից, հատկապես Ամանորին, քանի որ աշխարհի նորաձևության լավագույն կենտրոններն այս տարի պատրաստվում են սևը համադրել նուրբ մետաքսի,  բատիստի և գիպյուրի հետ` վրան ասեղնագործած նուրբ ուլունքներով:

Կարելի է հագնել կիպ շրջազգեստ փայլուն օձ հիշենող կտորներից կամ օգտագործել փայլուն աքսեսուարներ: Տղամարդիկ կարող են նորաձև երևալու համար հագնել նախշերով վերնաշապիկ կամ գոնե կապել նմանատիպ փողկապ: Մինիմալիստները կարող են բավարարվել օձի պատկերով կրծքազարդով:

Ինչ վերաբերում է նորաձև սանրվածքին, ապա դիզայներներն այն թողնում են կանանց հայեցողությանը: Արդիական կլինեն գրեթե բոլոր սանրվածքները, սակայն այնուամենայնիվ խորհուրդ են տալիս հատկապես տոնական շրջազգեստների հետ մազերն ուսերին չթափել և  բարձր սանրվածք անել: Նախընտրելի են երկար և ուղիղ մազերը:

Ինչ վերաբերում է հայկական նորաձևությանը, ապա հայ դիզայներներն էլ այս հարցում ունեն իրենց մոտեցումները: «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ թեպետ Հայաստանում նորաձևությունն այնքան զարգացած չէ, որ համեմատվի միջազգային միտումների հետ, այնուամենայնիվ հայ դիզայներներն ու մոդելավորողներն ունեն իրենց մտահղացումները: Նա խորհուրդ է տալիս հագնել փայլունի և ոչ փայլունի համադրություններով հագուստ: Օձի տարում նորաձև չեն համարվի  վառ էլեկտրիկ գույները: Նորաձև են ավելի շատ խամրած կանաչի  նրբերանգները: Առաջատար է լինելու գինեգույնը սևի և կարմիրի բոլոր համադրումներով, այդ թվում նաև փայլուն շագանակագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Սևի և սպիտակի համադրությունները ևս նորաձև կլինեն:

Կարինե Դնոյանի տեղեկացմամբ, ցանկացած հագուստ` նախշուն և թեփուկանման կտորի համադրումներով կդիտվի բավական նորաձև: Ամենակարևորը, ըստ նրա, հագուստի կիպ լինելն է ու մարմինն ընգծելը: Նա հարկ համարեց նշել նաև, որ օձի տարում կանայք ստիպված են լինելու հրաժեշտ տալ զարդային բոլոր աքսեսուարներին և կրել բացառապես ոսկյա իրեր, քանի որ օձերն ավելի շատ ոսկյա իրերի սիրահար են:

Այս ամենից զատ, կարևոր է  նաև հոգեվիճակը, տրամադրությունը, քանի որ արտաքին զարդարանքը պետք է ներդաշնակ լինի ներքին ձայնին: Ամանորն ուրախ և ինքնավստահ դիմավորելը նոր տարում երջանկություն ակնկալելու կարևոր գրավական է:

 Լ.Ն

Դիտվել է 3080 անգամ:
Print Friendly

Leave a Reply