Կրկին խոսակցություններն անպակաս են

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 28, 2012 7:00

Ավանդույթի համաձայն` տարեվերջին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման միջոցով որոշում է մրցաշրջանի լավագույն մարզիկներին:

Մեր թերթի դեկտեմբերի 13-ի համարում անդրադառնալով քվեարկությանըԱյդ անկանխատեսելի տասնյակը») նշել էինք, որ վերջին տարիներին թեև դժգոհություններն անպակաս են, հարցման արդյունքները կանխագուշակելն անիմաստ է:

Այս անգամ էլ հրապարակվել են արժանավորների անունները: Ուշագրավն այն է, որ կրկին տարաբնույթ խոսակցությունները շատ են:

Ինչևէ, տասնյակում են օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր  Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (երկուսն էլ` հունահռոմեական ոճի ըմբշամարտ), օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (ծանրամարտ),  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, 1-ին խաղատախտակի առջև այդ ստուգատեսի չեմպիոն  Լևոն Արոնյանը (շախմատ), Եվրոպայի չեմպիոն Երջանիկ Ավետիսյանը (ստենդային հրաձգություն), Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Դավթյանը (ձյուդո), Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, 3-րդ խաղատախտակի առջև բրոնզե մեդալակիր Վլադիմիր Հակոբյանը (շախմատ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը (մարմնամարզություն), օլիմպիական խաղերում 5-րդ տեղ գրված Արման Երեմյանը (թհեքվանդո), աշխարհի առաջնության  արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը (սամբո):

Երբ շնորհավորեցինք Արսեն Ջուլֆալակյանին, նա հայտնեց որ  դեռևս 2007-ից հայտնվում էր լավագույնների տասնյակում, պատվավոր տեղեր զբաղեցնում, սակայն այս տարի առաջինն է: «Յուրաքանչյուր մարզիկի համար իր երկրում լավագույնը լինելը մեծ պատիվ է: Ես օլիմպիական արծաթին հասել եմ իմ ընտանիքի և հատկապես եղբորս աջակցության շնորհիվ: 2013-ին էլ փորձելու եմ աշխարհի չեմպիոն դառնալ»,- ասաց  նա: Ջուլֆալակյանը նշեց, որ  իր կարծիքով  լրագրողներն օբյեկտիվորեն են հարցման միջոցով որոշել տասնյակի մարզիկներին: Այդուհանդերձ ասվեց, որ իրեն զարմացրել է  միայն սամբոյի ներկայացուցչի առկայությունը:

Թերևս, Հայաստանի 2012-ի լավագույն  մարզիկն իրավացի է: Բանն այն է, որ սամբոն օլիմպիական մարզաձև չէ և մեր երկրի ոչ օլիմպիական մարզաձևերի մի շարք ներկայացուցիչները ևս ունեն նմանատիպ հաջողություններ, սակայն այդպիսի պատվի չեն արժանացել: Հնարավոր է, որ դեր է խաղացել այն, որ ՀՄԼՖ-ի գործկոմը նախապես ներկայացրել էր այն մարզիկների անունները, որոնք լավագույնների տասնյակում են հավակնում ընդգրկվել և դրանց թվում, չգիտես ինչու,  բարյացակամորեն ամենաշատը սամբոյի ներկայացուցիչներ են եղել` 9 մարզիկ: Այս առումով երկրորդ տեղում են ֆուտբոլի ներկայացուցիչները` 6 մարզիկ, բայց նրանցից լավագույնը` Հենրիխ Մխիթարյանը, 11-րդն էր:

Հավելենք, որ  լավագույն թիմ է ճանաչվել  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող  Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Երկրորդ  տեղում է շախմատի   «Միկա» կանանց թիմը, որը Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել է  փոխչեմպիոն, իսկ երրորդը ճանաչվել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply