Տարեվերջին ի՞նչն էր տարել Բաքու Փաշիկ Ալավերդյանին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 5, 2013 7:00

Օրերս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Իսրայելի Էյլաթ քաղաքում էր, դրանից անմիջապես հետո էլ ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք` Բաքու: Վերադարձից հետո նրան հարցրինք, թե ինչ գործ ուներ այդ Հայաստանին, մեղմ ասած, ոչ բարյացակամ տրամադրված երկրներում:

 – Իսրայելում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էր: Ավարտից հետո Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի, այնտեղից էլ մերոնց ճանապարհեցի մեր երկիր: Իսկ ինձ դիմավորեցին Ադրբեջանի երկու ներկայացուցիչներ: Տոմս գնեցի, որից հետո էլ ինքնաթիռով ուղևորվեցի Բաքու` մասնակցելու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ընդլայնված նիստին: Անձնագրումս ոչ մի նշում չարվեց, կնիք չդրվեց: Դա ընդունված ձև է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: «Ապշերոն» հյուրանոցի 17-րդ հարկում էի, թիվ 3 սենյակում: Մենակ էի մնում, բայց անընդհատ  ինձ հետևում էին: Որևէ հետին միտում չկար,  պարզապես, հսկում էին, որ իմ նկատմամբ  սադրիչ քայլ չկատարվի, ինձ չվնասեն: Ծանրամարտի միջազգային ֆեդերացայի ընդլայնված նիստին մասնակցում էին 88 պետությունների շուրջ 200 ներկայացուցիչներ: Քննարկվում էր միջազգային կազմակերպության կանոնակարգում մի շարք փոփոխություններ կատարելու հարցը: Չորս տարին մեկ` աշխարհի առաջնություններից առաջ, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր համաժողովում կազմակերպության կանոնակարգում մի շարք փոփոխություններ են կատարվում: Բաքվում քննարկվում էր, թե ինչ պետք է արվի այդ ուղղությամբ:

 Այսինքն, մեր երկրի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցչի բացակայությունը նպատակահարմար չէ՞ր լինի:

– Խնդիրը քվորումի ապահովման հարցն էր: Հայաստանը մեկ ձայն ունի, և պարտադիր էր, որ քվեարկություններին մասնակցեինք: Մեր երկրից երկու մարդ էր հրավիրվել, սակայն միայն ես էի գնացել:

 Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թոմաշ Այանը ներկա՞ էր:

– Այո, նա նույնպես Բաքվում էր, ինքն էր վարում նիստը, պատասխանում հարցերին: Իսկ ֆեդերացիայի նոր կանոնակարգը ներկայացրեց մասնագետ  իրավաբանը:

 Ադրբեջանցիներին հայտնի՞ էր Թոմաշ Այանի հայկական ծագման մասին:

–  Մոտավորապես: Այանը միշտ որպես Հունգարիայի քաղաքացի է ներկայանում: Նա ոչ մի խնդիր չուներ և ինչպես մյուս բոլոր մասնակիցները, իջևանել էր նույն ` «Ապշերոն» հյուրանոցում: Նիստերի դահլիճը նույնպես գտնվում էր հյուրանոցում: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի նկատմամբ այնպիսի հսկողություն չկար, որին ես էի արժանացել: Ի դեպ, նրան ընդունեց և առանձնազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 Իսկ դուք Բաքվում հին ծանոթների հանդիպեցի՞ք, հաղորդակցվեցի՞ք նրանց հետ:


– Ադրբեջանցի գործընկերներ ունեմ, որոնց հետ դեռ խորհրդային տարիներից ծանոթ եմ, քանիցս հանդիպել եմ մրցումների ժամանակ, այժմ էլ տեսնվում ենք արտասահմանում: Խնդիրներ երբեք չեն առաջացել: Նրանք առաջարկեցին  մայրաքաղաքը ցույց տալ: Ցանկանում էին պարծենալ,  ներկայացնել, թե ինչ նոր մարզական կառույցներ ունեն: Կարճ ասած, վարվում էին այնպես, ինչպես սովորաբար հյուրին  են արժանավայել ընդունում: Վատ բան չեմ տեսել գործընկերներիս կողմից: Անակնկալն այն էր, որ հանդիպեցի 1972-ին խորհրդային տարիներին բանակում ինձ հետ միասին ծառայած ըմբիշ ընկերոջս: Ծառայում էինք Վոլգոգրադում, Մարինովկա կայարանում: Հետո նա վերադարձավ Բաքու` ԲԿՄԱ-ում ծառայությունը շարունակելու, այժմ էլ աշխատում է Ադրբեջանի սպորտի նախարարությունում, գխավորում է մենապայքարային մարզաձևերի բաժինը: Նա ինձ տեսել էր հեռուստահաղորդման ժամանակ, և եկավ, գտավ: 40 տարի չէինք հանդիպել: Այնպես որ խոսելու շատ բան կար: Ի դեպ, ադրբեջաներենին լավ տիրապետում եմ, այդ լեզվով ասված ամեն ինչ հասկանում եմ, 90 տոկոսով էլ` խոսում: Ընդհանրապես  հաղորդակցվելու խնդիր չկար, քանի որ ադրբեջանցի բոլոր գործընկերներս էլ ռուսերեն գիտեն:

 Վերադառնանք  գլխավոր համաժողովին: Ի՞նչ սկզբունքային հարցեր շոշափվեցին:

– Հիմնականում տեխնիկական խնդիրներ են քննարկվել, մրցավարական նրբություններ: Դրանք կապված են մարզահագուստի ընտրության, նաև մարզիկի արտաքինի հետ: Մասնավորապես, նոր կանոններով, եթե մարզիկի կամ մարզուհու մազերը երկար են, և ծանրաձողը բարձրացնելու ընթացքում գործիքը դիպչում է մազերին, ապա բարձրացված ծանրությունը չի հաշվվում: Ընդ որում, բուռն քննարկում ծավալվեց և, ի վերջո, որոշվեց, որ այդ նորույթը կիրառվելու է: Բայց կարծում եմ, որ հետագայում սա կվերանայվի:

 Իսկ ե՞րբ դա պարզ կդառնա:

– 2013-ի մայիսին Մոսկվայում կայանալու է Ծանրամարտի  միջազգային ֆեդերացիայի գլխավոր համաժողովը, անցկացվելու են նաև կազմակերպության նախագահի ընտրություններ: Այդ ժամանակ էլ վերջնականապես կհաստատվի կանոնակարգը: Ի դեպ,  Բաքվում որոշվեց նաև, որ այն երկրները, որոնք մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բոլոր համաժողովներին, պատվիրակներ ուղարկում կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումներին, դրանցում  հաջողությունների են հասնում, ապա Ռուսաստանի մայրաքաղաքում քվեարկելիս պետք է լիարժեք ձայն ստանան: Այդ պետություններն ակտիվներն են: Կան նաև պասիվ երկրներ, որոնք խորհրդատվական ձայնով հանդես կգան: Իսկ ավելի թույլ ծանրամարտ ունեցող երկրները համաժովին ներկա կլինեն միայն դիտորդի կարգավիճակով:

 Եվ Հայաստանը ո՞ր խմբում է: Խորհրդակցական ձայն ունեցողների խնդիրն ինչպիսի՞ն է լինելու:

– Չափորոշիչները Բաքվում հստակեցվեցին, իսկ վերջնական որոշումը, համապատասխան հաշվարկներից հետո, գրավոր է ուղարկվելու: Կարծում եմ, որ կլինենք լիարժեք ձայն ունեցող երկրների խմբում: Խորհրդակցական ձայն ունեցողների օգնության կարիքը միայն այն ժամանակ է զգացվելու, երբ քվեարկողների կողմ և դեմ ձայները հավասար կլինեն: Այդ ժամանակ էլ  քվեարկություն կկազմակերպվի խորհրդակցական ձայն ունեցողների միջև:

 Իսկ կարելի՞ է գոհանալ Էյլաթում մեր երկրի ներկայացուցիչների ունեցած մրցելույթից:

–  Իսրայելում էին  Հայաստանի 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի: Պայքարի ոլորտ էին ներգրավվել մինչև 20 և 23 տարեկան աթլետները: Երկամարտում ծանրորդներից երկուսը 2-րդ մրցնակակիր դարձան, մեկը` 3-րդ: Մեր մարզուհիները երկամարտում 4-րդն էին: Ընդհանուր հաշվով մերոնք տիրացան 11 մեդալի` 1 ոսկե, 7 արծաթե, 3 բրոնզե: Միանշանակ պետք է գոհանալ արդյունքով: Տարեվերջյան մրցում էր, և կարողացանք մարզիկներին համախմբել, ուսումնամարզական հավաքներ կազմակերպել և արդյունքն էլ շոշափելի է: Ուրախալի է, որ 0 ստացող` ձախողվող ոչ մի մարզիկ չունեցանք: Մեր երկրի բոլոր ներկայացուցիչներն էլ արեցին այն, ինչն իրենց ուժերին համապատասխանում է: Այդ առումով, պետք է շնորհակալ լինել նաև նրանց մարզիչներին: Իսրայելում էին Պողոս Պողոսյանը, Արտաշես Ներսիսյանը, Արման Ղազարյանը, Մելիք Ղուկասյանը, Հակոբ Փիլոսյանը, Օգսեն Միրզոյանը:

 Վերջինիս որդին` Առաքել Միրզոյանը, հատնել է , որ կփորձի իրեն դրսևորել այս ստուգատեսում, սակայն կրկին չմասնակցեց մրցումներին:

– Ցանկություն կար, թերևս Առաքելը զգաց, որ չի հասցնի բարձր մակարդակով նախապատրաստվել ու փոխեց մտադրությունը: Հավանական է, որ նա հանդես կգա 2013-ի Եվրոպայի առաջնությունում:

 Հայաստանի ծանրորդները 2012-ի մրցաշրջանում քանի՞ մեդալի են տիրացել ներկայացուցչական ստուգատեսներում: Ինչո՞ւ է պարգևների թիվը նկատելիորեն քիչ, քան նախորդ տարին:

– Օլիմպիական խաղերում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ուսանողական խաղերում մերոնք տիրացել են 52 մեդալի` 14 ոսկե, 21 արծաթե, 17 բրոնզե: Պարգևները պակասել են, որովհետև տարին օլիմպիական էր, մերոնք մի շարք մրցումների քիչ մասնակիցներ են ունեցել: Բացի այդ, քիչ մրցումներ են կազմակերպվել, աշխարհի մեծահասակների առաջնություն էլ չի անցկացվել:

 Ներկայումս ինչո՞վ են զբաղված մեր ծանրորդները:

– Երիտասարդ և մեծահասակ մարզիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, իսկ մարզուհիները և պատանի ծանրորդները պարապում են Աբովյանում: Մեր պատանի ծանրորդները ապրիլին  Ուզբեկստանում մասնակցելու են աշխարհի առաջնությանը, որում խաղարկվելու են  օլիմպիական պատանեկան 2-րդ խաղերի ուղեգրեր: Ամեն երկիր կարող է պատանեկան օլիմպիական խաղերում ունենալ առավելագույնը 2-ական ծանրորդ և ծանրորդուհի:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply