ՀՀ կառավարության որոշմամբ` մայիսի 1-ից կբարձրանա սոցիալական նպաստի, նոյեմբերի 1-ից` բազային կենսաթոշակի չափը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2010 16:08

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընթացիկ տարվա մայիսի 1-ից կբարձրանա սոցիալական նպաստի, իսկ նոյեմբերի 1-ից` բազային կենսաթոշակի չափը: Ըստ հաշվարկների` բազային կենսաթոշակը կբարձրանա 11, սոցիալական նպաստները` 15 տոկոսով: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սա կառավարության արձագանքն է գազի սակագնի փոփոխություններին: Ընդհանուր առմամբ, 6-6.5 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումեր են անհրաժեշտ: Կենսաթոշակային համակարգում ընդգրկված է 530 հազար մարդ , իսկ սոցիալական նպաստ է ստանում 110 հազար ընտանիք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` այս բարձրացումները հնարավորություն կտան մեղմել սոցիալական խնդիրները: «Վերջին շրջանում Հայաստանը հայտնվել է բարձր գնաճային փուլում: Հասկանալի է, որ այս պարագայում սոցիալական ծրագրերի արդյունավետությունն էական նշանակություն ունի: Այս ծրագրերով մենք պետք է կարողանանք անապահով խավերին փոխհատուցել գնաճի արդյունքում նրանց հասցված վնասները»,- ասաց վարչապետը: Ըստ նրա` նախնական հաշվարկներով նախատեսվում էր սոցիալական նպաստների չափն ավելացնել 10 տոկոսով, սակայն ՀՀ նախագահի մոտ այսօր անցկացված քննարկման ժամանակ եղավ հանձնարարական, որի համաձայն`սոցիալական նպաստները կբաձրացվեն 15 տոկոսով:

Դիտվել է 2057 անգամ:
Print Friendly

Leave a Reply