Հակահայկական պաստառների կրողներին ստամբուլյան դատարանը միայն դրամական տույժի է ենթարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2012 9:08

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այս տարվա փետրվարի 26-ին մի խումբ մարդիկ ցույց էին կազմակերպել` նվիրված Խոջալուի դեպքերի 20-րդ տարելիցին: Նրանք հայերին ուղղված հայհոյանքներ ու վիրավորանքներ պարունակող պաստառներ էին բերել, որոնց կրողներից 10 հոգի ձերբակալվել էին:
Ահա Ստամբուլի 41-րդ դատարանում տեղի է ունեցել մեղադրյալների դատավարությունը, որի ընթացքում նրանք չեն ընդունել իրենց մեղքը և պահանջել են իրենց անմեղ ճանաչել:
Ինչպես հաղորդում է «CNN Türk»–ը` դատավորը 10 կասկածյալներից 5-ին, համաձայն օրենսգրքի 216-րդ հոդվածի «ժողովրդի մեջ ոխ և թշնամություն արթնացնել» մեղադրանք է ներկայացրել, որի համար նրանց դատապարտել է 5 ամսվա ազատազրկման, որն էլ այնուհետև վերածվել է 3 հազար լիրա դրամական տույժի: Մյուս 5 կասկածյալները անմեղ են ճանաչվել ապացույցներ չլինելու պատճատով:
Պետք է նշել, որ ըստ թուրքական օրենսդրության, «ժողովրդի մեջ ոխ և թշնամություն արթնացնելու» համար 1-ից 3 տարվա ազատազրկում է նախատեսվում:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply