Ադրբեջանցիք կրկնում են մերոնց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 25, 2010 13:37

Հայաստանի հավաքականի  ըմբիշների հրաժարվելը  Բաքվում կայանալիք առաջիկա Եվրոպայի առաջնությանը, տարաբնույթ խոսակցություններ է առաջացրել: Կատարվածը յուրովի է մեկնաբանել Ադրբեջանի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էլչին Ջաֆարովը:

Ինչպես հայտնի է , ապրիլի 13-ին Բաքվում մեկնարկելու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մեր երկրի ներկայացուցիչները որոշել են չմասնակցել, քան որ այն վարկանիշային չէ: Հիշեցնենք, որ  վերջերս Ադրբեջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին, իր հերթին գերադասել էր խաղից դուրս մնալ  և չմասնակցել Երևանում 8  երկրների հավաքականների մասնակցությամբ կայացած աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը:

Այն ժամանակ հայաստանյան ստուգատեսի  կազմակերպիչները հայտնել էին , որ աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում  ադրբեջանցիների բացակայությունը չի նկատվի, քանի որ ավելի ուժեղ հավաքականներ են ժամանելու Երևան: Եվ ահա, այդ երկրի ազգային թիմի գլխավոր մարզիչ Էլչին Ջաֆարովը ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն  բանն է ասել: «Եթե հայերը նման որոշում են կայացրել, ապա դա նրանց ներքին գործն է: Ադրբեջանը պատրաստ էր ընդունել հայկական պատվիրակությանը, սակայն նրանք չցանկացան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ընդ որում, դրանից Հին աշխարհամասի առաջնությունը շատ բանով չի տուժի: Բաքու են ժամանելու Եվրոպայի ուժեղագույն ըմբիշները , և մրցակցությունն այնքան լարված կլինի, որ հայերի բացակայությունը ոչ ոք չի նկատի»,- ասել է Ջաֆարովը:

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply