ՀԴԿ-ն ԻԱԿ-ին կվճարի 100.000 դրամ տեղեկատվությունը թաքցնելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | December 26, 2012 15:07

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին տեղեկատվություն և փոխհատուցել 100.000 ՀՀ դրամ կազմող դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված գումարը՝ համաձայն 2012թ. դեկտեմբերի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով (դատավոր՝ Արայիկ Մելքումյան):

Դեռևս 2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:
  2. Ծախսած գումարներից որքա՞ն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:

ՀԴԿ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 2012թ.-ի մայիսի 16-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցում ուղարկեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը, որը, սակայն,  նույնպես մնաց անպատասխան:

2012թ.-ի հուլիս 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀԴԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն եւ փոխհատուցել դատական ծախսերը:

2012թ.-ի դեկտեմբերի 21-ին դատարանը ճանաչեց “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցրեց ՀԴԿ-ին տրամադրել տեղեկատվություն եւ փոխհատուցել դատական ծախսերը՝ 100.000 դրամի չափով։

Ի դեպ, սա 2012թ. ընթացքում կայացված երկրորդ վճիռն է, որով փոխհատուցվում է ՀԿ-ի կատարած դատական ծախսերը՝ տեղեկատվության ազատությանն առնչվող դատական գործով:

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply