Մարզերում բժշկի 259 թափուր հաստիք կա. Առողջապահության նախարարն ամփոփում է տարին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 26, 2012 14:37

2012-ին Առողջապահության նախարարությունը շարունակել է 2007-ից մեկնարկած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը:  2012-ին շահագործման է  հանձնվել   առաջին լիովին բազմապրոֆիլ հիվանդանոցը Գյումիրում:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ամփոփելով 2012-ը:

Այս տարի մեկնարկել է նաև 13 բժշկական ամբուլատորիաների շինարարությունը և Ալավերդու, Աբովյանի, Բերդի բժշկական կենտրոնների վերակառուցման աշխատանքները: 2013-ին ԱՆ-ն նախատեսում է սկսել Մեղրու նոր բժշկական կենտրոնի  և Վանաձորում 190 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները:

«Բժշկական նորագույն կենտրոնների կառուցումով խնդիրները չեն լուծվում,- ասում է Դումանյանը:- Որպեսզի հիվանդները չշարունակեն գալ Երևան բուժվելու, պետք է մարզային հիվանդանոցները ապահովվեն նեղ մասնագետներով: Ըստ վիճակագրության` մարզերում  բնակվող հղիների և հիվանդների մեկ երրորդը  դիմում է Երևան քաղաքի կլինիկաներ»:

Նախարարն ասում է, որ ներկայում բժշկական կադրերն անհամաչափ են բաշխված,  Երևանում նկատվում է գերհագեցում, մինչդեռ մարզերում բժշկի 259 թափուր հաստիք կա: Մարզերում պահանջարկված են հիմնականում վիրաբույժները, մանկաբարձ-գինեկոլոգները, անեսթեզիոլոգները:  Խնդիրը որոշակիորեն լուծելու համար  Առողջապահության նախարարությունը սեպտեմբերին 25 մասնագետ է գործուղել մարզեր: Աշխատանքի ընդունված 15 սիրիահայ բժիշկների կեսն էլի մարզերում է  տեղավորվել:

Նախարարի հրամանով 2012-ին մարզում մեկ նորմալ ծննդի համար հատկացվող գումարն  հավասարեցվել է Երևանում գործող գներին, ինչի շնորհիվ 115 մլն լրացուցիչ գումար է ուղղվել մարզային ծննդատներ: Դեպի մարզեր ուղղվող  միջոցները մեծացնելու նպատակով  Կառավարությանն առաջարկվել է 2013-ի բյուջեում վերաբաշխումներ կատարել և լրացուցիչ գումար հատկացնել մարզերին:

Մարզերում մասնագիտական բժշկական օգնությունը հասանելի դարձնելու նպատակով 2012-ին  Երևանի բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին: Հոկտեմբերից տարբեր մարզերում  Երևանյան հիվանդանոցների բժիշկները  հետազոտել ու բուժում են նշանակել ավելի քան 8500  մարդու:

«Առաջիկայում նախատեսում ենք բոլոր բուժհիմնարկների հետ  կնքվող պայմանագրերում նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան վերահսկողություն սահմանել ինչպես բժշկական սպասարկման որակի, այնպես էլ գնման գործընթացների վրա: Պայմանագրերում կամրագրվի  նաև տվյալ բուժհաստատության անձնակազմի նվազագույն աշխատավարձի սահմանման կարգը»,- ասում է Դումանյանը:

Ծննդօգնության գծով 2008-ից իրականացվում են բարեփոխումներ: Դեկտեմբերի 1-ից  հրաման է եղել, որ ծննդօգնության ոլորտում հավելյալ ոչ բժշկական ծառայությունների դիմաց սահմանված բոլոր տեսակի վճարները հանվեն, բացառությամբ հիվանդասենյակների համար վճարը. «Մինչև հիմա և այցելության, և հիգիենիկ պարագաների համար էր գումար սահմանված, տարբեր լրացուցիչ մասնագետներ հրավիրելու համար և այլն:  Նման գանձումներ այլևս չեն լինի»:

ԱՆ-ն մշակել ու շրջանառության մեջ է դրել «Դեղերի մասին» օրենքի նոր նախագիծը, ըստ որի դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են բնակչությանը որակյալ և անվտանգ դեղերով ապահովումը, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքի ամրագրումը, դեղերի տեղական արտադրության խթանումը:

Նախագծում ամրագրված են նաև պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրական, բաշխման պահպանման գործունեությունների կանոնները: «Դրանց ներդրման արդյունքում ողջ կենսաշղթայում կշրջանառվեն պատշաճ որակ ունեցող դեղեր, մեծապես կկանխվի կեղծ, չգրանցված, անօրինական դեղերի մուտքը,- ասում է Դումանյանը:- Շատ կարևոր է, որ նոր օրենքով կամրագրվի դեղերի մեծածախ առևտրի լիցենզավորման պահանջը»:

Դումանյանը տեղեկացրեց , որ նախարարությունը սկսել է աշխատել նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի այն 2014-ից աստիճանաբար ներդրվի:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply