«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղղել փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 26, 2012 12:40

Հարցում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին

Սույն թվականի դեկտեմբերի 24-ին www.mitk.am վերլուծական ինտերնետային կայքում հրապարակվել է «Հայաստանը և Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստորագրեն նոր համաձայնագիր» վերնագրով նյութ: Որում ասվում է հետևյալը` այն կստորագրվի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարի՝ Սյունիքի մարզ կատարելիք այցի ժամանակ:

Այդ մասին, ինչպես հաղորդում է IRNA տեղեկատվական գործակալությունը, ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Արևելյան Ադրբեջան նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը: Նոր համաձայնագրի համապատասխան` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից հինգ հազար գլուխ տավարի համար, ասել է Մոհամմադիանը: «Ըստ համաձայնագրի` արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում»,- ասել է Մոհամմադիանը: Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանում կկառուցի մսամթերքի կոմբիանտ և անասնակերի արտադրության կենտրոն՝ Սիսիանի շրջանում, որտեղ իրանցի և հայ գործարարները կզբաղվեն համատեղ գործունեությամբ: Իսկ հարցի շուրջ կայքերից մեկին իր բացատրությունն է տվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը. «Որ ստորագրենք՝ կիմանաք, դեռ չենք ստորագրել»:

Մեր և հանրության լայն շերտի մոտ առաջացել է դժգոհություն և մտավախություն, որ սա կարող է իսկապես իրականություն լինել, քանի որ մենք մեր իրականությունից չենք հեռանում, եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշում ընդունել Քաջարան գյուղը տարհանելու վերաբերյալ, ապա այս հարցին միանշանակ առանց հետևանքների մասին մտածելու ու կշռադատելու, կարող է լուծում տալ:

Այժմ, որպես շահագրգիռ և մտահոգ հանրություն դիմում ենք Ձեզ` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն ստույգ և հավաստի տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, մասնավորապես՝ Դուք, որպես պետական լիազոր մարմինների պաշտոնատար անձինք, պաշտոնապես հերքեք կամ հաստատեք այս տեղեկատվությունը: Եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա խնդրում ենք տրամադրել այդ հավաստող փաստաթղթերի պատճենները և անհապաղ ապահովել հասարակական լսումներ:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ձեզ ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելուց, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց նրա գիտության: Հորդորում ենք` առանց հանրության կարծիքը հաշվի առնելու որևէ համաձայանգիր կամ պայմանագիր չկնքել:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պաշտոնական և հրապարակային արձագանքը: Հուսով ենք, որ այն կլինի ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply