Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել

Պաշտոնական, Օրվա լուր | | December 25, 2012 17:08

Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, որը վերակառուցվել և համապատասխանեցվել է բնակելի շենքի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիր և ծանոթացել պահածոների գործարանի նախկին վարչական շենքում իրականացված վերակառուցման աշխատանքներին:
Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 244 մլն 170 հազար դրամ: Վերակառուցման նախագծով շենքն ունի 44 բնակարան, որից 14-ը՝ մեկ սենյականոց է, 25-ը՝ 2, 5-ը՝ 3 սենյականոց բնակարան: Շենքում ստեղծվել են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բնակիչներին կհատկացվեն վթարային շենքերում իրենց զբաղեցրած բնակմակերեսին համապատասխան բնակարաններ:
Շենքի վերակառուցման շինարարությունը սկսվել է 2012 թվականի հուլիսի 17-ին: Ներկայում կատարվել են նախատեսված բոլոր շինարարական աշխատանքները և վերակառուցված շենքը պատրաստ է շահագործման:
Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և վերաբնակեցման հարցին համապատասխան լուծում գտնելու համար:
Ավելի վաղ՝ 2011 թվականի սեպտեմբերի 3-ին վարչապետ Սարգսյանը հանդիպել էր շենքերի բնակիչներին, լսել նրանց բնակարանային խնդիրները և խոստացել գտնել համապատասխան լուծումներ:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply