Մայր բուհում նշեցին լավագույն դասախոսներից մեկի` Միքայել Մանուկյանի 100-ամյակը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 25, 2012 22:25

Անսահման բարի մարդ: Սա այն արտահայտությունն էր, որն ամենաշատն ասվեց գիտությունների վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մանուկյանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր բազմավաստակ պրոֆեսորորներ ու ակադեմիկոսներ դարձած նրա սաները նախ խոսեցին իրենց մեծ դասախոսի մարդկային բարձր հատկանիշների մասին, միաժամանակ գնահատեցին նրա արգասավոր գործունեությունը գիտության բնագավառում:

Պատմեցին, որ Մանուկյանը հարազատ ծնողի պես հոգ էր տանում հատկապես շրջաններից եկած և ոչ այնքան ապահով ուսանողներին, հայտնաբերում և բարձրացնում էր տաղանդավորներին, ամեն կերպ աջակցում, սեր առաջացնում ուսման հանդեպ: Նա իմաստուն, հեռատես, ճշմարտախոս մարդ էր:

Ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը հիշեց, որ Մանուկյանը նաև մարդկանց հաշտեցնող, լարվածությունը մեղմացնող հատկություն ուներ. «Նա մարդկային հաշտարար էր և ապացուցում էր, որ այդպես ապրելն ավելի օգտակար է: Իսկ նրա ֆանտաստիկ աշխատասիրությունը բոլորին է հայտնի»:

ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Մխիթարյանը Միքայել Մանուկյանին համարում է մեխանիկական մաթեմատիկայի հիմադրման ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Որպես մանկավարժ` Միքայել Մանուկյանն առաջիններից էր, որը կազմեց էլեմենտար մաթեմատիկայի ժողովածու: Հետագայում նա կազմեց նաև տեսական մաթեմատիկայի խնդիրների ուղեցույց:

Ընդհանուր առմամաբ` գիտնականն ավելի քան 40 գիտական աշխատանքների և մենագրությունների հեղինակ է, համահեղինակ ոլորտի կարևոր ձեռնարկների: «Մանուկյանն այդ տարիների այն բացառիկ գիտնականներից էր, որ նաև համարձակվում էր դիտողություններ անել պաշտոնյաներին, ինչն իհարկե երբեմն զայրույթ էր առաջացնում նրանց մոտ, անգամ կապերի խզման պատճառ դառնում»,-հիշում է Սուրեն Մխիթարյանը:

Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոռեկտոր Վարդգես Եդոյանի խոսքով` Հայաստանի մեխանիկայի և մաթեմատիկայի մեծ հեղինակությունը նաև Մանուկյանի շնորհիվ էր: «Նա առանց աղմուկի մեծ գործեր էր անում, որոնք հետագայում իրենց ծիլերն էին տալիս»:

Սաներն ու գործընկերները շատ դրվագներ հիշեցին, որոնցում կրկին վերահաստեցին այն միտքը, որ Միքայել Մանուկյանը բացառիկ մարդասեր գիտնական էր` նվիրված իր գործին ու իր ուսանողներին:

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքական-հասարակական գործիչ Վազգեն Մանուկյանը, որը գիտնականի որդին է, շեշտեց, որ ոչ միայն իր հոր, այլև նրա ժամանակակից բոլոր դասախոսների ու գիտնականների հիշատակը պետք է վառ պահել:

«Դա մի ժամանակաշրջան էր, երբ համալսարանում հավաքված էր գիտական և մարդկային բարձր ներուժ: Համալսարանն այդ ժամանակ գիտության կենտրոն էր, քաղաքական համարձակության կենտրոն, և մենք` որպես այդ տարիների շրջանավարտներ, ամեն ինչով պարտական ենք այդ ժամանակաշրջանին»:

Մանուկյանը կարծում է, որ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ուսանողներին ներկայացնել այդ շրջանի դասախոսների կյանքն ու գործունեությունը և նրանց գաղափարններն ու արժեհամակարգը փոխանցել նոր սերնդին:

Ի՞նչ հատկանիշ է ժառանգել հորից, որի համար հպարտ է: Հարցին Վազգեն Մանուկյանն առանց վարանելու պատասխանում է. «Բարությունը»:

ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ գիտնականի 100-ամյակի առթիվ մեխանիկայի ուսումնական լաբորատորիան կանվանակոչվի նրա անունով:

Միքայել Մանուկյանը ծնվել է 1911 թվականին` Արևմտյան Հայաստանում: Եղեռնի տարիներին նրա ընտանիքը բռնի տեղահանվել է, և աքսորի ճանապարհին կորցնելով չորս եղբայրներին, նա հոր հետ հասել է Երևան: Ծանր մանկություն ապրած երիտասարդը, որն օժտված էր բացառիկ խելքով, 1936 թ. ընդունվել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում:

1940 թվականից նա աշխատանքի է անցել ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետում: 1961-1965 թվականներին  եղել մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկանը: 1959 թվականից մինչ կյանքի վերջը` 1976 թվականը, եղել է մեխանիկայի ամբիոնի վարիչը: Արժանացել է ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել «Աշխատանքային արիության համար» և այլ մեդալներով:

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply