Ամռանը կառավարությունն արձակուրդ չի գնա. պետք է հաղթահարել ճգնաժամը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2009 16:57

Տիգրան ՍարգսյանԱյս ամառ կառավարության անդամների համար ծանր աշխատանքային շրջան է լինելու. նախարարները, փոխնախարարները, գերատեսչությունների և վարչությունների ղեկավարները չեն կարող հանգստանալ մեկ ամբողջ ամիս. այսօր ՀՀ կառավարության նիստում նման հայտարարություն է արել վարչապետ Տիգրան Սարգսյանը` ընդգծելով, որ կարճատև արձակուրդ գնալու դեպքում էլ նշված անձինք պետք է հանգստանան Հայաստանում և հանրապետությունից դուրս գալ չեն կարող:

«Ինձ զարմացնում է, որ բոլորը դիմում են ներկայացնում նույն ամսում արձակուրդ ստանալու համար: Կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք հաղթահարել ենք ֆինանսատնտեսական ճգնաժամը, կարծես կառավարությանը չի սպասվում լարված աշխատանք»,-ասել է Տիգրան Սարգսյանը` շեշտելով 2009-ին Հայաստանի տնտեսական ցուցանիշի մեծ անկումը:

Վարչապետի խոսքով` այս տարվա առաջին 9 ամիսները ամենածանրն են լինելու տնտեսության համար, իսկ տարեվերջին արդեն ակնկալվում են դրական միտումներ: «Եթե այս ամառ լավ աշխատենք, տարեվերջին արդեն կտեսնենք դրական արդյունքներ: Խնդրում եմ, որ ամառվա սեզոնը միասին գնահատենք որպես լարված աշխատանքային շրջան: Իրավունք չունենք տրամադրվել, թե կառավարության համար սկսվում է ամառային սեզոն, հանգստի շրջան…Ո’չ, մեզ համար սա ամենածանր աշխատանքային շրջանն է»,-ասել է նա:

Վարչապետը նաև կոչ է արել բոլոր գերատեսչությունների ղեկավարներին աջակցել պետական եկամուտների կոմիտեին: Վարչապետը հանձնարարել է 3 օրում ներկայացնել առաջարկներ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն յուրաքանչյուր ոլորտում` օգնելու պետեկամուտների կոմիտեին հարկահավաքման գործում:

Դիտվել է 1534 անգամ:
Print Friendly

Leave a Reply