Հայաստանի բուհերը լուրջ հավակնություններ ունեն մրցակցելու արտասահմանյան բուհերի հետ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 25, 2012 11:03

Հայաստանի բուհերը բոլոր հավակնություններն ունեն միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ մրցակցելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ինտեգրմանն ուղղված քաղաքականությունը և Բոլոնյան համակարգի ներդրումը հանրապետության բուհերում ենթադրում է բարեփոխումներ մի քանի ուղղություններով` թափանցիկության, մատչելիության և հաշվետվողականության բարձրացում, որակավորումների ճանաչում, որակի ապահովում: «Բարփոխումների վերջնական նպատակը Հայաստանում կրթական ծրագրերը համեմատելի և համադրելի դարձնելն է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հետ, որպեսզի  Հայաստանում բուհն ավարտած շրջանավարտը այդ տարածքում իրեն կզգա լիարժեք ինչպես տարածքի մյուս անդամ երկրների ուսանողները»,-ասաց Սուքիասյանը: Դա նշանակում է միջազգային աշխատաշուկայում երկրի բուհի ուսանողները մրցունակ կլինեն արտասահմանյան բուհերի շրջանավարտների հետ, իսկ նրանց մասնագիտական որկավորման համար պահանջվող փաստաթղթերի քանակը զգալիորեն կնվազի:

Հայաստանում կրթական համակարգը դասախոսակենտրոնից անցնում է ուսանողակենտրոնի 

ՀՀ բուհերում կրեդիտային համակարգի ներդրմամբ ինտենսիվացել է ևս մեկ շատ կարևոր ուղղություն` դասախոսների և ուսանողների շարժունությունը: Բարձրագույն կրթության վարչության պետի խոսքով` իրենց բուհում վաստակած միավորներն ուսանողներն, այսուհետ, կարող են փոխադրել արտասահմանյան կամ հայաստանյան մեկ այլ բուհ` խուսափելով նույն առարկայի վերահանձնումից: Զգալի փոփոխությունների են ենթարկվել նաև կրթական ծրագրերը: «Մինչ այժմ կրթական համակարգը դասախոսակենտրոն էր, այժմ գնում ենք նրան, որ այն դառնա ուսանողակենտրոն»,- ասաց Ռոբերտ Սուքիասյանը: Անդրադառնալով բուհերի հավատարմագրման գործընթացին` նա նշեց, որ Հայաստանը, դառնալով Եվրոպական բարձրագույն կրաթական տարածքի մեծ ընտանիքի անդամ, չէր կարող չմասնակցել և չկիրառել Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների համար մշակված որակի ապահովման եվրոպական չափանիշները:

Հեշտացվում է դիպլոմների ճանաչումն արտասահմանյան բուհերի կողմից

Այս հավատագրման գործընթացը էականորեն տարբերվում է նախկինում իրականցվող ոչ պետական բուհերի հավատագրման գործընթացից: Այն Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից մեկն է լինելու` միաժամանակ հնարավորություն ընձեռելով մեր բուհերին դառնալ մրցունակ արտասահմանյան բուհերի հետ: Մյուս կողմից, եթե բուհը հավատարմագրված լինի եվրոպական չափանիշների համաձայն, ապա ավելի կհեշտացվի ուսանողների ճանաչումն արտասահմանյան բուհերի կողմից: Քանի, որ այս գործընթացը նոր է մեր հանրապետությունում պետությունն ամեն կերպ աջակցում է բուհերին հնարավորինս հեշտությամբ հարմարվելու համակարգին:

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply