Հայաստանից արտահանվում են մինչև 3 հազար դոլար արժողությամբ էկզոտիկ թռչուններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2012 11:02
Լուսանկարը` Արմենպրեսի

Լուսանկարը` Արմենպրեսի

Հայաստանից արտահանվող թութակների առավելագույն գինը 3 հազար ԱՄՆ դոլար է, որոնց թվում են «Կակադու» և «Արա» ցեղատեսակներին պատկանող թութակները: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Էկզոտիկ թռչուններ բուծողների և տիրապետողների հայկական միավորում» ՀԿ-ի նախագահ Բագրատ Հարությունյանը տեղեկացրեց, որ միայն Երևան քաղաքում շուրջ 50 մարդ էկզոտիկ թռչունների լուրջ հավաքածու ունի և պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է դրանց բուծմամբ: Շատերի համար վաճառքը ոչ թե շահութաբեր բիզնես, այլ հավաքածուն պահելու ֆինանսական աղբյուրն է:

Բագրատ Հարությունյանը նշեց, որ էկզոտիկ թռչունների օրինական ներմուծումը Հայաստան դժվարությունների հետ է կապված, քանի որ շատ գործընթացներ հստակեցված չեն, չկան համապատասխան կարանտինային պայմաններ,  ինչը  խթանում է անօրինական ուղիներով ներմուծումները: Բացի դրանից, «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) միջազգային կոնվենցիայի համաձայն` էկզոտիկ թռչուններ արտահանելու համար անհրաժեշտ է թռչնի ծագման մասին փաստաթուղթ: «Հայաստանում թռչունների մի մասը «անօրինական» ծագման են կամ խորհրդային տարիներից մնացած, որոնք չունեն համապատասխան փաստաթուղթ, իսկ դա խոչընդոտում է ավիակուլտուրայի զարգացմանը մեր երկրում»,- ասաց մասնագետը:

Մասնագետի խոսքով՝ էկզոտիկ թռչունների ոլորտը կարգավորելու համար ՀԿ-ն զբաղվում է թռչունների օղակավորման աշխատանքներով. Գերմանիայից արդեն ստացվել է օղակների խմբաքանակը 2013 թվականի համար:

Օղակին գրված է թռչնի ծնվելու տարեթիվը,  թռչնի ծննդավայր պետության կրճատ անվանումը, ակումբի անունը, որին հարում է բուծողը, բուծողի անձնական կոդը և օղակի հերթական համարը: «Այդ օղակը միակ ապացույցն է, որ թռչունը ծնվել է անազատ պայմաններում, այլ ոչ թե «խլվել» բնությունից»,- ասաց Հարությունյանը: Օղակը հագցվում է թռչունի ոտքին դեռ փոքր ժամանակ (կախված տեսակից` ծնվելուց 4-15 օրվա ընթացքում) և այլևս դուրս չի գալիս՝ որևէ անհարմարություն չպատճառելու կենդանուն: Մասնագետը հույս հայտնեց, որ հաշվառման համակարգի ներդրմամբ էկզոտիկ թռչուններ պահելու և բուծելու մշակույթը կզարգանա և արգելք կհանդիսանա ոլորտում ապօրինի գործունեության համար:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply