Փողի «բազար»` հոկեյի աշխարհի առաջնությունից առաջ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 25, 2010 10:32

Ապրիլի 13-ին Հայաստանում պատմական իրադարձություն է սպասվում: Նախատեսվում է անցկացնել տափօղակով հոկեյի C խմբի աշխարհի առաջնության հանդիսավոր բացումը, սակայն այդ ստուգատեսի կազմակերպման հարցը վտանգված է: Փողի խնդիրներ են առաջացել:

Բանն այն է,  որ ամեն տարվա վերջին ծրագրվում է, թե  ինչ ֆինանսներ պետք է հատկացվեն Հայաստանում կազմակերպվող մարզական, այդ թվում նաև միջազգային միջոցառումների համար: Ընդ որում, վերջինիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, քանի որ այդ ամենը նաև քաղաքական հնչերանգ է ստանում: Սակայն, որքան էլ տարօրինակ է, անցյալ տարի  այդպես էլ  չէր նախատեսվել, որ Երևանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կազմակերպիչներին պետք է ֆինանսական միջոցներ տրամադրվեն:  Մինչդեռ, վաղուց արդեն հայտնի էր, որ այդ ստուգատեսն անցկացվելու է Հայաստանի մայրաքաղաքում: Ապա դրան հաջորդեց նոր անտարբերություն: Երբ սկսեցին Հայաստանի  տարբեր  մարզաձևերի ֆեդերացիաներին բաշխել կառավարությունից տրամադրված ֆինանսները, պարզվեց, որ «մոռացել են» Հայաստանի  տափօղակով հոկեյի ֆեդերացիային աջակցության կարգով փողեր տրամադրել:

Այս մարզաձևն օլիմպիական է և այդ ստուգատեսին մասնակցելու համար մերոնք հենց տանը կայանալիք առաջնությունում պետք է լավ հանդես գան: Երևանյան առաջնության հաղթողը 2014-ին Սոչիում անցկացվելիք օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարին մասնակցելու իրավունք է ստանալու: Եվ այսպես, հայտնվելով անելանելի վիճակում, Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի ներկայացուցիչները դիմել էին, որ  թեկուզ աջակցեն իրենց մարզաբազայի հատկացման հարցում: Իսկ Հայաստանում ներկայումս կա միայն մեկ սահադաշտ` Երևանի մարզահամերգային համալիրում, որի տերերն այն մեկ օր տրամադրելու համար պահանջում են 9 մլն դրամ:  Եվ, քանի որ Հայաստանի հոկեյի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, դիմել էր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որ այս հարցում օգնեն: Իսկ վերջինիս ղեկավարության աջակցությունն  այն է եղել, որ ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել էր Հայաստանի կառավարության ղեկավարությանը` առաջարկելով քննարկել մարզահամերգայինը կազմակերպիչներին անվճար տրամադրելու հարցը: Սակայն, կառավարությունն այդ քայլն աննպատակահարմար է համարել: Եվ, քանի որ Հայաստանի հոկեյի ֆեդերացիան  նման գումարներ չունի, փաստի առաջ է կանգնել: Ի դեպ, կազմակերպիչները պետք է հոգան առաջնության մասնակից հավաքականների ընդունման, գիշերելու, սննդի հարցերը:

Ստացվում է, որ խայտառակությունից կարող են փրկել միայն հովանավորները: Իսկ մեր օրերում հենց այնպես փողեր տվողներ չկան: Ի դեպ, եթե որևէ բարեգործ տասը դրամի ծախս է անում, հրապարակավ հայտարարվում է, որ հարյուր հազար է այդ նպատակով օգտագործվել: Իսկ մարզասերների և ,առհասարակ, այդ ամենը լսողների համար միևնույնն է, թե ինչ ֆինանսներ են ծախսվել:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզական պետական կառույցի ղեկավարները քանիցս հայտարարել են, որ ամեն բան արվում է, որպեսզի մեր երկրում միջազգային ստուգատեսներ, մրցումներ անցկացվեն, բայց պարզվում է, որ այդ ամենը միայն տպավորություն թողնելու համար է: Երբ բանը հասնում է գործ կատարելուն, արդեն բացահայտվում է, որ այդ ամենն օդում արված հայտարարություններ են:

Հարց է ծագում` իսկ ի՞նչ կլինի հետո, եթե հարցը չկարգավորվի, և մերոնք չկարողանան այդ ստուգատեսը Երևանում անցկացնել: Այդ դեպքում չի բացառվում, որ պատժամիջոցներ կիրառվեն, և Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիան զրկվի այդ մարզաձևի միջազգային կազմակերպության անդամությունից: Եվ ամենագլխավորը` կխայտառակվենք ողջ աշխարհում:

Ի դեպ, մեր սահմանակից Ադրբեջանն ամեն տարի մի շարք խոշորամասշտաբ մարզական ստուգատեսների մասնակիցների է հյուրընկալում: Թերևս այդ է պատճառը, որ Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հայկ Ջաղացպանյանը հույս ունի, որ այնուամենայնիվ մի բան կարվի, որ այդպիսի խայտառակություն տեղի չունենա: Իսկ դրա ճանապարհն այն է, որ  այս կամ այն փողատերը ֆինանսներ հատկացնի:

Ջաղացպանյանն անկեղծորեն խոստովանեց, որ դեռևս իրենց անելիքը հստակ չգիտեն, քանի որ պարզ չէ, թե մարզահամերգայինից օգտվելու համար, անգամ ընդառաջելով, ինչպիսի փողեր են ուզելու: Նա նշեց, որ նախատեսել են  առաջնության կազմակերպման համար ընդհանուր հաշվով օգտագործել 150-200 հազար դոլար:

Ինչ վերաբերում է ստուգատեսին, ապա մեր երկրի ներկայացուցիչների առջև խնդիր է դրված` խմբում զբաղեցնել առաջին տեղը և պայքարը շարունակելու իրավունքի արժանանալ: Ի դեպ, վարկանիշով Հայաստանի ներկայացուցիչներն ամենավերջինն են: Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականն այս մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը: Մինչդեռ, խմբային մրցաշարի մեր հակառակորդներն ավելի բարձր դիրքերում են: Մասնավորապես, Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանին 41-րդն է:  Ի դեպ, այդ թիմի հետ ապրիլի 14-ին  կայանալիք խաղով էլ նախատեսվում է, որ մերոնք կսկսեն իրենց մրցելույթն աշխարհի առաջնության մրցաշարում: Իսկ ԿԺԴՀ-ի և Մոնղոլիայի հավաքականները զբաղեցնում են համապատասխանաբար 43-րդ և 45-րդ տեղերը: Սակայն, ցածր վարկանիշ ունենալն ամենևին էլ չի վախեցնում մերոնց:

Բանն այն է, որ Հայաստանի տափօղակով  հոկեյի ֆեդերացիան մեկ տարով որակազրկված է եղել, իսկ հետո` անցած տարի, չի մասնակցել պաշտոնական միջազգային ստուգատեսների: Փաստորեն, վարկանիշը բարձրացնելու հնարավորություն մերոնք չեն ունեցել: Այդուհանդերձ, Հայաստանի ընտրանին ներուժ ունի: Բանն այն է, որ մեր թիմի մեկ տասնյակից ավելի խաղացողներ հանդես են գալիս  ամերիկյան ակումբներում: Այժմ այդ հոկեյիստներին Լոս Անջելեսում միացել են հայկական թիմերում խաղացող  վեց մարզիկներ և համատեղ ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում, ստուգողական հանդիպումներում մրցում ամերիկյան տարբեր համալսարանների ուսանողական թիմերի հետ: Հայաստանի հավաքականի մարզիչը իտալական ծագումով ամերիկացի Դուգլաս Դիչեզարին է: Այնպես որ, մեր երկրի հոկեյիստներից իրատեսական սպասելիքներ կարելի է ունենալ:

Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահը վստահեցրեց, որ փորձելու են ամեն ինչ կազմակերպել բարձր մակարդակով: Այս ստուգատեսը նվիրվելու է

Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանի, նրա կնոջ և որդու հիշատակին, որոնք զոհվեցին Թուրքիայում 2009-ին  ավտովթարից, ինչպես նաև,  դարձյալ ողբերգականորեն մահացած Վրաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի փոխնախագահի և գլխավոր քարտուղարի հիշատակին: «Նախատեսվում է, որ Երևան կժամանեն նաև հոկեյի Վրաստանի հավաքականը և այդ երկրից հյուրեր: Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ արդեն համաձայնեցված է, որ  զոհերի հիշատակին նվիրված ընկերական խաղ անցկացվի: Ի դեպ, աշխարհի առաջնության այս մրցաշարը Երևանում անցկացնելու մտահղացումը Կարեն Խաչատրյանինն է, և նա մեծ ջանքեր էր թափել, որ մեր երկիրն այդ իրավունքին արժանանա: Փաստորեն,  դա տրվել էր ընտրապայքարում հաղթելուց հետո: Այնպես որ, արվում է հնարավորը, որ մրցաշարը Երևանում կայանա: Այժմ բանակցում ենք մարզահամերգայինի ներկայացուցիչների հետ, որպեսզի գոնե զեղչեր սահմանվեն»,- ասաց Ջաղացպանյանը:

Եթե ամեն բան բարեհաջող ստացվի, ապա մեր մարզասերները կենդանի հոկեյ կտեսնեն:

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply