Ցուցահանդես՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 24, 2012 18:28

Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին նախարարը շեշտել է, որ մանկավարժական համալսարանը Հայաստանի կարևոր մշակութային կրթության կենտրոններից է: “Մենք այսօր շատ ենք խոսում գիտելիքի արժևորման, գիտելիքահեն հասարակության մասին: Գիտելիքը, եթե չի հիմնվում արժեքների վրա, մերկ է և բոբիկ: Իսկ արժեքը ստեղծվում է մշակութային և հոգևոր գործունեության շնորհիվ: Մշակույթը և կրթությունը նույն շքանշանի տարբեր կողմերն են: Դժվար է տարանջատել գիտելիքն ու արժեքը, մշակույթն ու կրթությունը՝ դրանք փոխլրացնում են միմյանց”,- մասնավորոպես նշել է նախարար Ա. Աշոտյանը: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք է ասել նաև ժողովրդական նկաիրչ Լևոն Կոջոյանը՝ շեշտելով, որ ավանդույթները պահպանելը՝ աշակերտի կողմից վարպետի գործը շարունակելը կարևոր առաքելություն է: “Մեր երկիրը հարուստ է տաղանդավոր երիտասարդներով, աշխատեք, ստեղծեք և արարեք. դա մեր հարստությունն է”,- նշել է վարպետը: Ցուցահանդեսում ներկայացվել են Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի նկարչական բաժնի հիմնադիրների, դասախոսների, շրջանավարտների եւ ուսանողների աշխատանքները: Ցուցահանդեսի երկու հարկաբաժիններում ներկայացվել է գեղանկար, գրաֆիկա, քանդակ, գոբելեն, դեկորատիվ կիրառական արվեստի, հոգուստի մոդելավորման, դիզայնի, խեցեգործության նմուշներ, փայտյա իրեր և մետաղյա զարդեր՝ ընդհանուր առմամբ մոտ 300 աշխատանք: Ի թիվս աշխատանքների՝ ներկայացված են հայտնի նկարիչներ Լևոն Կոջոյանի, Կարապետ Մինասյանի, Հովհաննես Զարդարյանի, Ղուկաս Չուբարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Հովհաննես Հարությունյանի, Վահրամ Խաչիկյանի, Սուրեն Սաֆարյանի, Տիգրան Սիմոնյանի ստեղծագործությունները:

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply