Այսօր տեղի կունենա «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի «Վերածնունդ» ձայնասկավառակի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 24, 2012 14:21

Անցնող տարին Նարեկացի արվեստի միությունը եզրափակում է երաժշտական նոր ալբոմի` «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի թվով երկրորդ` «Վերածնունդ» ձայնասկավառակի հրատարակությամբ:

Այն թողարկվել է համույթի`հոկտեմբեր ամսին Գերմանիայի Շտուտգարդ, Հաննաու եւ Քյոլն քաղաքներ կատարած համերգային շրջագայությունից անմիջապես առաջ, որում տեղ գտած նոր ու ուշագրավ` յուրօրինակ մեկնաբանություններով, մշակումներով եւ պրեմիերաներով հագեցած համերգային ծրագրով էլ անսամբլը ներկայացել է եվրոպացի հանդիսատեսին:
Նարեկացի արվեստի միությունից տեղեկացնում են, որ ձայնասկավառակի  պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 18:00-ին, Նարեկացի արվեստի միության հարկի ներքո` Վարդանանց 16/1 հասցեով (Վերնիսաժի հարևանությամբ): Մուտքն ազատ է:

Այդ օրը համույթը հանդես կգա նոր ալբոմում տեղ գտած աշուղական, ժողովրդական, ազգագրական երգերի, հայ հոգեւոր երաժշտության և հայ դասական ստեղծագործությունների փոխադրումների լավագույն նմուշների կատարումներով: Խտասալիկի պաշտոնական ընծայման հանդիսության համերգավարն է սիրված բանագետ, ազգագրագետ Արուսյակ Սահակյանը, ում իրազեկ և պատկերվոր մեկնաբանություններն ու վերլուծությունները, վստահ ենք, միջոցառումը կօժտեն յուրօրինակ գեղարվեստականությամբ ու ճանաչողական լիցքով:

Ձայնասկավառակի ձայնագրությունն ու թողարկումն իրականացրել է «Նարեկացի» արվեստի միությունը։ Ձեռնարկը ՆԱՄ հրատարակչական գործունեության մաս է կազմում եւ մեկն է արդեն թողարկված բազմաթիվ խտասկավառակներից, որ միությունն իր միջոցներով եւ բարեգործական հիմունքներով հրատարակում է` հետամուտ հայ մշակույթի պահպանման եւ զարգացման իր առաքելությանը։

Նարեկացի արվեստի միությունն է թողարկել «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի նաև առաջին ալբոմը, որը 2010թ․ ճանաչվել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգի հաղթողը:

Հիմնադրման օրվանից, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավարն է անվանի թառահար եւ խմբավար Հովիկ Սահակյանը, ով թառահարի եւ նվագախմբի դիրիժորի բարձրագույն որակավորում է ստացել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի առաջին թառահարը եւ ունի մանկավարժական հարուստ կենսագրություն «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթում, Երեւանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի եւ Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցներում։

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը կազմավորվել է ազգային երաժշտության ու նվագարանների հանդեպ երիտասարդների սերն ու հետաքրքրությունը վերականգնելու տեսլականով եւ ժողովրդական երաժշտություն կատարողների շարքերը երիտասարդներով համալրելու մտայնությամբ։ Համույթը կազմավորվել է դեռ 2005 թվականին Նարեկացի արվեստի միությունում կազմակերպված թառի ու քամանչայի անվճար դասընթացների հենքի վրա։ Այդ տարիներին հանրապետության երաժշտական դպրոցներում ժողովրդական նվագարանների դասարանները դեռեւս վճարովի էին եւ «Նարեկացի»-ն սահմանել էր հատուկ կրթաթոշակ պատանի կատարողների մասնակցությունն ու հետաքրքրությունը խրախուսելու համար։ Այսօր արդեն «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը կայացած ու համերգային գործունեության հարուստ կենսագրությամբ անսամբլ է։ 2008թ-ի օգոստոսի 27-ի իր անդրանիկ ելույթից ի վեր համույթը համերգային ու հյուրախաղային երկար ուղի է անցել` Երեւանի տարբեր բեմերով, Հայաստանի մարզերով եւ Արցախով, Ֆրանսիայի Լիոն, Թուլուզ, Փարիզ, Սարլա, Քահոր, Ռոման, Սեն Շամասի քաղաքներով, Շվեյցարիայի Ժնեւով, Ցյուրիխով, Լուգանոյով, իսկ միայն վերջերս Գերմանիայի Շտուտգարդ, Հաննաու եւ Քյոլն քաղաքներով:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply