Ֆինանսների նախարարությունն ամփոփում է տարին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 24, 2012 14:10

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը  և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ սահուն և հարթ: Բյուջետային ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված վճարային հայտերն ամբողջությամբ ֆինանսավորվել են: 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց  արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային և դրամաշնորհային միջոցների,  կազմել են  841 մլրդ դրամ, ծախսերը՝ 831.6 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված պլանի 90.2 և 85.1 տոկոս կատարողական: Հարկային եկամուտները, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90.3 տոկոս կատարողական:

Հաստատվել ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այն հնարավորություն է ընձեռում կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռե­սուրսներն իր միջ­նա­ժամ­­կետ հար­կաբյուջետային նպատակներին և քաղաքականության գե­րա­կայություններին համա­պա­տաս­խան: Ապահովվել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման, քննարկման և հաստատման հետ կապված լիազորությունների իրականացումը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: ԱԺ կողմից հաստատված նախագծի համաձայն՝ 2013 թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն    1032.8 մլրդ դրամ, ծախսերը՝  1152.6   մլրդ դրամ,  դեֆիցիտը՝  119.8   մլրդ դրամ:

Ըստ նախնական կանխատեսումների` ՀՀ պետական պարտքը 2012 թվականի տարեվերջի դրությամբ կկազմի 1,782.4 մլրդ դրամ կամ 4,374.9 մլն ԱՄՆ դոլար:

Շարունակվել են աշխատանքները հանրապետությունում նախորդ տարիներից իրականացվող Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների խորացման ուղղությամբ:

Վերանայվել է ՀՀ կառավարության 2008 թվականին ընդունված Կայուն զարգացման ծրագիրը` հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված զարգացումներն ու նոր իրողությունները: Մինչև 2025 թվականը ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը մշակելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՀՀ ֆինանսների նախարարի ղեկավարությամբ, հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակն ապահովելու և ՀՀ կառավարության քաղաքականությունը ձևավորելու նպատակով:

 Ներքին աուդիտի և պետական գնումների ոլորտ

2012 թվականին շարունակվել են «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման և համակարգի ներդրման աշխատանքները:

Ներքին աուդիտի համակարգը ներդրված է արդեն 52 պետական կառավարման մարմիններում և Երևանի քաղաքապետարանում, իսկ քաղաքային մնացած համայնքներում ներդրումը նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից: Ներկայումս քաղաքային համայնքներում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ` ստեղծվել են ներքին աուդիտի ստորաբաժանումներ:

2012 թվականին ներդրվեց Էլեկտրոնային գնումների համակարգը, որի սպասարկման ու համակարգման գործառույթը իրականացնում է Գնումների աջակցման կենտրոնը` www.armeps.am կայքի միջոցով: Համակարգի ներդրումը էական առաջընթաց է Հայաստանի գնումների համակարգում, այն պայմաններ է ստեղծում  համակարգը որոշակիորեն զերծ պահել  հնարավոր բացասական երեւույթ­ներից։

Օրեսդրական փոփոխություններ

Գործարար միջավայրի բարելավման, շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտե­սավարող սուբյեկտների համար պարզեցված հարկային համակարգի ձևավորման, ինչ­պես նաև հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունա­վե­տու­թյան բարձ­րացման նպատակով մշակվել և ընդունվել են «Շրջանառության հարկի մասին» ու «Հար­կա­յին և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև հարկային օրենսդրության և հարկային հարա­բե­րու­թյուն­­­ներ կարգավորող այլ օրենքներում փոփոխություններ և լրա­ցում­ներ նախատեսող 19 այլ օրենք­ներ: Արտոնագրային վճարների համակարգի կատարելագործման, արտո­­­նագրային վճար վճա­րող բոլոր սուբյեկտների համար (կազ­մակերպություն, անհատ ձեռ­նար­կատեր, անհատ ձեռ­­նարկատեր չհանդիսացող ֆիզի­կա­կան անձ) արտո­նա­գրա­յին վճար­ների կատարման (արտո­­նագրերի ստացման) միասնական պարբերականություն սահ­­մա­նելու և արտո­նագրային վճար­ների համակարգի կիրառության շրջա­նակի ընդլայնման նպատակով մշակվել և ընդուն­վել է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփո­խու­թյուններ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՀ օրենքը: Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով որո­շելու համակարգի կատարելագործման, ինչպես նաև մաքսային օրենսդրության պահանջները խախտելու համար տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տուգանքների կիրառության առա­վել արդարացի համակարգի ներդրման նպատակով մշակվել և ընդունվել է «Հայաստանի Հան­րապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ներդրման հետ կապված մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր նախագիծը, որի հիմնական նպատակն է սահմանել չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթին և փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին համապատասխան: Օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Օրենքի ընդունմամբ կլուծվեն նաև պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման նկատմամբ պետական մարմինների կողմից ներկայումս վերահսկողություն իրականացնելու հետ կապված օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրները:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակում, ՀՀ կառավարություն է ներկայացվել և համապատասխան որոշումներով հաստատվել  թվով 7 ՀՀ կառավարության որոշման նախագծեր, ևս 2 ՀՀ կառավարության որոշման նախագծեր այդ թվում «Պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները ֆինանսական գործիքներում ներդնելու քանակային և արժութային սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձե­լիությունը երաշխավորող ֆոնդի տնօրինումը և կառավարում պատվիրակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ներկայումս գտնվում են ՀՀ կառավարության աշխատակազմում:

       Միջազգային ֆինանսական համագործակցություն

2012թ. հոկտեմբերի 18-ին կայացել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում արձանագրությունը, որի շրջանակներում իրականացվելիք համագործակցությունը ներառելու է մուտքի արտոնագրերի դյուրինացման ուղղված բանակցությունները, հարկային և մաքսային ոլորտի մի շարք հիմնահարցեր, քաղաքացիական ավիացիայի, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության և այլ հիմնահարցեր:

Նոյեմբերի 14-ից 15-ը տեղի են ունեցել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջակառավարական հանձնաժողովի հերթական բանակցությունները, որի շրջանակներում գերմանական կողմից ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվելու  հետևյալ ծրագրերին` մինչև 15 մլն եվրո վարկ կայուն տնտեսական զարգացում ծրագրին, մինչև 75 մլն եվրո Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գծի ենթակայանների կառուցմանը, 40 մլն եվրո վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի երրորդ փուլին, 18.5 մլն եվրո Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարմանը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն շրջակա միջավայրի պահպանության, համայնքային զարգացման, դատաիրավական բարեփոխումների, հանրային ֆինանսների կառավարման և այլ ոլորտներին: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն իրականացվել է հիմնականում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական Միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի և մի շարք այլ միջազգային կառույցների հետ: Այդ համագործակցության արդյունքները նշանավորվել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի կնքմամբ, նոր ծրագրերի նախապատրաստական աշխատանքներով, տարբեր մակարդակի քննարկումներով ու բանակցություններով:

     Հսկողություն

2012թ. ընթացքում ֆինանսական վերահսկողության տեսչության իրականացվել են թվով 62 ստուգումներ և թվով 23 ուսումնասիրություններ, իսկ թվով 6 ստուգումներ դեռևս ընթացքում են:

Արդյունքում, 2008-2012թթ  ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումներով  արձանագրված գումարներից 2012 թվականի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդհանուր 1077.8 մլն.դրամ, որից   605.8 մլն. դրամը վերականգնվել է պետական բյուջե,  22,1 մլն. դրամը` կազմակերպությունների  հաշվին, իսկ 449.9 մլն. դրամը հաշվառումով վերաձևակերպվել է (ուռճացված վնասներ,չհաշվառված հիմնական միջոցներ և այլն): 2012թ. ընթացքում 3 գործեր ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազությանը, որից 2-ով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր և ընթանում է քննություն:

2012 թվականի ընթացքում վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների մոտ լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացված հսկողության (այդ թվում տեղում ստուգումների միջոցով, փաստաթղթային հսկողության միջոցով և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից իրականացված հսկողության) արդյունքում կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են` թվով 68 նախազգուշացում (2011 թվականին` 74), 30 մլն. 66 հազ. ՀՀ դրամ գումարի չափով տույժեր և տուգանքներ (2011 թվականին` 22 մլն. 500 հազ. ՀՀ դրամ), թվով 16 լիցենզիաների գործողության կասեցում (2011 թվականին` թվով 20), թվով 14 լիցենզիաների ուժը կորցրած ճանաչման հայց է ներկայացվել դատարան (2011 թվականին` թվով 8):

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply