ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը պատրաստվում է քրգործ հարուցել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 22, 2012 21:21

«Վատ ասված խոսքը, բամբասանքը, անհավասարակշիռ պահվածքը, կարող են մի ակնթարթում հողին հավասարեցնել տարիներ շարունակ կատարվող աշխատանքը: Արսեն Ջուլֆալակյանը, որը մեր լավագույն մարզիկներից է, ով միմիայն իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ արժանացել է օլիմպիական մեդալին»: Այս մասին ասվում է Սպորտի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանի տարածած հաղորդագրությունում: Նա արձագանքել է lurer.com-ում հրապարակված հոդվածին և պահանջել քրգործ հարուցել այդ լրատվամիջոցի դեմ:

«Հոդվածագիրը առանց որևէ փաստացի ապացույցի, հենվելով անհասկանալի ենթադրությունների և իր ասելով «մասնավոր զրույցներից» ունեցած տեղեկությունների վրա, ցեխ է շպրտել ողջ հայկական մարզաշխարհի վրա: Որտեղի՞ց այսքան ատելություն եւ չկամություն, որ չենք կարողանում ուրախանալ հայ մարզիկի ձեռքբերումով, չենք կարողանում գնահատել կատարվող աշխատանքը, չենք հանդուրժում սպորտում առկա դժվարությունները հաղթահարելու ուժ ունեցող մեր մասնագետներին: Ու՞մ են պետք պատվիրված այս նյութերը սպորտի վերաբերյալ եւ վերջապես ու՞մ են խանգարում Հրաչյա Ռոստոմյանի համարձակ բարեփոխումները սպորտի ոլորտում:

Վատ ասված խոսքը, բամբասանքը, անհավասարակշիռ պահվածքը, կարող են մի ակնթարթում հողին հավասարեցնել տարիներ շարունակ կատարվող աշխատանքը: Արսենը, որը մեր լավագույն մարզիկներից է, ով միմիայն իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ արժանացել է օլիմպիական մեդալին: Եվ ոչ միայն նա, այլ նաև մեր բոլոր մեդալակիր մարզիկները: Եվ վերջապես իրեն հարգող որևէ լրատվամիջոց, ինչպիսին իրեն փորձում է ներկայացնել lurer.com-ը, փչացած հեռախոսի կանոնների նման, հոդվածագրի ասելով. մտերիմի մտերիմի մտերիմից լսած ինֆորմացիայից ելնելով ենթադրություններ չի անի եւ չի հրապարակի իր ծախված գրչակի զառանցանքի հասնող մտքի գոհարները:

Նյութը կարդալուց հետո, առաջին միտքը որ ունեցել եմ, այն է, թե այդյո՞ք այնքան մեծ է եղել պատվիրատուի վճարած գումարի չափը, որ Լուսիկ Կոսոյանը, անսալով սթափ բանականությանը, մեղադրանք է առաջադրել նաև Համաշխարհային օլիմպիական կոմիտեի պես լուրջ միջազգային կառույցին, ասելով, թե օլիմպիական խաղերում մեդալները վաճառվում են: Թե՞ հույսը դրել է, lurer.com-ի տեղական նշանակության խղճուկ վիճակի վրա՝ իր լսարանի բամբասանքասիրական նախապատվություններով:

Ինչևէ, ի տարբերություն լուսիկկոսոյանների և նրա պատվիրատուների, Հրաչյա Ռոստոմյանը, հավատում է հայկական սպորտի ապագային և ի հեճուկս նրանց, անելու է ամեն ինչ հայկական սպորտի զարգացման, մեր մարզիկների համար բավարար պայմանների ստեղծման, ինչպես նաեւ նրանց մարզական բարձր արդյունքներ ձեռքբերելու համար:

Հ.Գ. 1 Ես, որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար, պահանջում եմ Լուսիկ Կոսյանի հրապարակային ներողությունը նախարար Ռոստոմյանից և ներկայացված նյութի հրապարակումը lurer.com կայքում:

Հ.Գ. 2 Իմ այս հրապարակումը խնդրում եմ իրավապահ մարմիններին ընդունել որպես զրպարտանքի մասին հայտարարություն և քրգործ հարուցել լրատվամիջոցի նկատմամբ»:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply