«Օրինաց երկիր»-ը կսատարի գործող նախագահին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 22, 2012 14:04
«Օրինաց երկիր» կուսակցությունը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատարելու է Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ, իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՕԵԿ-ը իր 11-րդ արտահերթ համագումարին ընդունել է հայտարարությունը, որը ընթերցեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
«Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը ՀՀ-ում ժողովրդավարական քաղաքական համակարգի,սոցիալական եւ իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական եւ օրենսդրական մեխանիզմների ձեւավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ ՕԵԿ-ը 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատաերելու է ՀՀ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում.
-Ըստ ամենայնի, աջակցելու է ազատ, արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություննեերի անցկացմանը
-շարունակելու է ՀՀԿ-ի հետ հուսալի եւ վստահելի կառուցողական համագործակցությունը` նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները եւ արդյունավետ իրականցնել ՕԵԿ-ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը:
-Գործադրելու է առավելագույն ջանքեր, երկրում ծառացած խնդիրները համարձակ, նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով աստիճանաբար, բայց հաստատուն լուծելու մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու, պետության սոցիալական գործառույթներն ու զորակցությունն ընդլայնելու,մ հասարակության սպասումներն արդարացնելու համար:
– Ձեռնարկելու է ակտիվ եւ հետեւողական քայլեր ՀՀ անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծման, հայրենիք-սփյուռք համագործակցության եւ կապերի ամրապնդման, ազգային համաձայնության, երկրում քաղաքական կայունության եւ զարգացման, միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության եւ դերի բարձրացման ուղղությամբ»:
«Օրինաց երկիր» կուսակցության համագումարին հրավիրված են միայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Հանրապետական կուսակցությունից համագումարին ներկա են ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և այլք:
Համագումարին մասնակցում է 2242 պատվիրակ, ովքեր ՕԵԿ անդամներ են, մարզային կառույցների ներկայացուցիչներ: Թե ինչու են միայն «Հանրապետականներին» հրավիրել, ՕԵԿ ներկայացուցիչները չեն մեկնաբանում՝ նշելով, որ համագումարից հետո մարդիկ կհասկանան:






Facebook
Tweet This
Email This Post
