ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի թեկնածության առաջադրումը ողջունելի է. դա բխում է հայերի շահերից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2012 12:44

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում  է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից սենատոր Ջոն Քերիի թեկնածության առաջադրումը։

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների՝ Ջոն Քերին ամերիկահայության վաղեմի աջակիցն է։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից սենատոր Ջոն Քերիի թեկնածության առաջադրումը»,- հայտնել է գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Սենատոր Քերին առաջին անգամ Սենատում ընտրվել էր 1984թ.։ Երբ սենատոր Ջո Բայդենը նշանակվեց իր այժմյան պաշտոնում, Քերին դարձավ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Այս տարիների ընթացքում սենատոր Քերին պայքարել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Նա արգելել էր Ֆրենսիս Ռեկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակելը՝ Հայոց ցեղասպանության հարցում վերջինիս դիրքորոշման համար։ Նա նաեւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի իսկական հովանավորն է։

1990-ականների սկզբին Քերին մեծապես նպաստել է Սենատում Ազատության աջակցման մասին օրենքի 907-րդ փոփոխության ընդունմանը, որը սահմանափակում էր Ադրբեջանին տրամադրվող օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի դադարեցրել Հայաստանի արգելափակումը եւ Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ իր ագրեսիան։ Քերին նաեւ հայտարարել էր, որ «ցնցված եւ ապշած է» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հայ սպային քնած ժամանակ կացնահարած Սաֆարովին  ներում շնորհելու փաստից»։

ԱՄՆ-ում 2004թ. նախագահական ընտրություններում ամերիկահայերը պաշտպանել էին հենց Քերիի թեկնածությունը՝ հանրապետական թեկնածու Ջորջ Բուշի հետ մրցապայքարում։

Բացի այդ, Սենատից հեռանալուց հետո Քերիի պաշտոնն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի հայերի մեկ այլ բարեկամ՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Նա եւս ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է, Սենատում Ցեղասպանության մասին բանաձեւի(S.Res.399) ընդունման ակտիվ կողմնակիցը։

Սենատոր Մենենդեսը միացել էր սենատոր Բարբար Բոքսերի՝ Հայաստանի դեսպանի պաշտոնում Դիք Հոգլանդի նշանակումն արգելափակելու պայքարին, քանի որ վերջինս, Սենատում ելույթ ունենալով, հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը։

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply