Արսեն Ջուլֆալակյանն ու Սպորտի նախարարությունը կդիմեն դատարան լրատվամիջոցի դեմ քրգործ հարուցելու համար

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2012 10:40

Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը facebook սոցիալական ցանցում անդրադարձել է lurer.com-ի լրագրող Լուսինե Կեսոյանի հոդվածին, որում հեղինակը խոսում է այն բանի մասին, թե իբր սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը խնջույքի ժամանակ գլուխ է գովացել, որ  Ջուլֆալակյանի արծաթե մեդալը 300 հազար դոլար է արժեցել մեր պետությանը: Հեղինակը գրել է, որ վիճակահանությունը կազմակերպված է եղել այնպես, որ Արսենը մենամարտի համապատասխան մարզիկների հետ:

Ի պատասխան Ջուլֆալակյանը գրել է. «Անդրադառնամ նյութին, ավելի ճիշտ «լրագրողին», որի «շնորհիվ» իմ մոտ ծագեց այդ միտքը՝ կապված«դավաճան լրագրող» մրցանակաբաշխության անհրաժեշտության հետ…

Հարգելի Լուսինե, մտածում եմ ու չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ Ձեր տրամաբանությունը: Թե ինչու է Ձեր մտքով անցել, որ ես ի զորու չեմ ինքնուրույն վաստակել օլիմպիական մեդալ, լինելով Եվրոպայի չեմպիոն և Աշխարհի գավաթակիր, մարզիկ, ով 2002 թվականից ամեն տարի Հայաստանի Հանրապետության համար Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեդալներ է նվաճել: Կամ թե ինչու և ինչպես կարող է նախարար Ռոստոմյանը ինչ-որ խարդախ քայլի դիմել, այն էլ օլիմպիական խաղերի ժամանակ:

Ձեր գրած հոդվածից մի բան է ինձ հասկանալի, Դուք ուղղակի դիլետանտ եք, շատ ու շատ հեռու կանգնած հայկական սպորտից: Քանի որ Դուք հակառակ սեռն եք ներկայացնում, իսկ իմ սկզբունքներում չկա կանանց ու աղջիկներին նեղացնել, ի տարբերություն Ձեզ՝ ես ձեռնպահ կմնամ վիրավորելուց: Թե՞ Դուք չեք էլ գիտակցել, որ մեծ վիրավորանք եք հասցնում տարիներ շարունակ քրտնաջան մարզված ու ի վերջո օլիմպիական մեդալի արժանացած մարզիկին: Եթե հասկացել եք, բայց գրել այդ նյութը, վատ է, եթե առանց հասկանալու եք գրել՝ կրկնակի անգամ վատ, սակայն, եթե այդ հոդվածը որպես պատվեր եք կատարել, ապա եռակի անգամ վատ է: Այնպես որ, ես, լինելով մեծահոգի մարդ, Ձեզ համար ոչ մի արդարացում չեմ կարողանում գտնել: Ցավում եմ Ձեզ համար, շատ եմ ցավում:

Միևնույն ժամանակ, սակայն, տեղեկացնում եմ, որ ինձ զրպարտելու համար համապատասխան քայլեր եմ ձեռնարկելու, այնպես որ` խորհուրդ եմ տալիս պատրաստ լինել պատասխան տալու Ձեր բոլոր գրածների համար: Հիմիկվանից լավ պաշտպան սկսեք փնտրել…

Վերջում, Ձեր ու ձեր պեսերի համար ուզում եմ շեշտել, որ ի տխրություն ձեզ, ես դառնալու եմ օլիմպիական չեմպիոն, բերելու եմ ոսկե մեդալը Հայաստան, ու թող որ ձեր պեսների համար դա տհաճ լինի»:

Տվյալ խնդրով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղարությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Հոդվածագիրը առանց որևէ փաստացի ապացույցի, հենվելով անհասկանալի ենթադրությունների և իր ասելով «մասնավոր զրույցներից» ունեցած տեղեկությունների վրա, ցեխ է շպրտել ողջ հայկական մարզաշխարհի վրա: Որտեղի՞ց այսքան ատելություն և չկամություն, որ չենք կարողանում ուրախանալ հայ մարզիկի ձեռքբերումով, չենք կարողանում գնահատել կատարվող աշխատանքը, չենք հանդուրժում սպորտում առկա դժվարությունները հաղթահարելու ուժ ունեցող մեր մասնագետներին: Ու՞մ են պետք պատվիրված այս նյութերը սպորտի վերաբերյալ և վերջապես ու՞մ են խանգարում Հրաչյա Ռոստոմյանի համարձակ բարեփոխումները սպորտի ոլորտում:

Վատ ասված խոսքը, բամբասանքը, անհավասարակշիռ պահվածքը, կարող են մի ակնթարթում հողին հավասարեցնել տարիներ շարունակ կատարվող աշխատանքը: Արսենը, որը մեր լավագույն մարզիկներից է, ով միմիայն իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ արժանացել է օլիմպիական մեդալին: Եվ ոչ միայն նա, այլ նաև մեր բոլոր մեդալակիր մարզիկները: Եվ վերջապես իրեն հարգող որևէ լրատվամիջոց, ինչպիսին իրեն փորձում է ներկայացնել lurer.com-ը, փչացած հեռախոսի կանոնների նման, հոդվածագրի ասելով. մտերիմի մտերիմի մտերիմից լսած ինֆորմացիայից ելնելով ենթադրություններ չի անի և չի հրապարակի իր ծախված գրչակի զառանցանքի հասնող մտքի գոհարները:
Նյութը կարդալուց հետո, առաջին միտքը որ ունեցել եմ, այն է, թե այդյո՞ք այնքան մեծ է եղել պատվիրատուի վճարած գումարի չափը, որ Լուսիկ Կոսոյանը, անսալով սթափ բանականությանը, մեղադրանք է առաջադրել նաև Համաշխարհային օլիմպիական կոմիտեի պես լուրջ միջազգային կառույցին, ասելով, թե օլիմպիական խաղերում մեդալները վաճառվում են: Թե՞ հույսը դրել է, lurer.com-ի տեղական նշանակության խղճուկ վիճակի վրա՝ իր լսարանի բամբասանքասիրական նախապատվություններով:

Ինչևէ, ի տարբերություն լուսիկկոսոյանների և նրա պատվիրատուների, Հրաչյա Ռոստոմյանը, հավատում է հայկական սպորտի ապագային և ի հեճուկս նրանց, անելու է ամեն ինչ հայկական սպորտի զարգացման, մեր մարզիկների համար բավարար պայմանների ստեղծման, ինչպես նաև նրանց մարզական բարձր արդյունքներ ձեռքբերելու համար:

Հ.Գ. 1 Ես որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար պահանջում եմ Լուսիկ Կոսյանի հրապարակային ներողությունը նախարար Ռոստոմյանից և ներկայացված նյութի հրապարակումը lurer.com կայքում:

Հ.Գ. 2 Իմ այս հրապարակումը խնդրում եմ իրավապահ մարմիններին ընդունել որպես զրպարտանքի մասին հայտարարություն և քրգործ հարուցել լրատվամիջոցի նկատմամբ»:

Հայտնի բան է, որ կա մրցավարության կոռումպացվածության որոշակի մակարդակ, սակայն տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ պարագան երբեք ի օգուտ հայերի չի աշխատել: Օլիմպիական խաղերում պատահական մարզիկներ չկան և իրականում ոչ մի վիճակահանություն չի կարող կիսաեզրափակչի կամ եզրափակչի մրցակցին կանխորոշել:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply