Քրեական գործ՝ պատգամավորների առանձնազրույցն ապօրինի ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 21, 2012 22:20
ՀՀ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու և այն համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում։ Այդպիսով՝ լրատվության միջոցներով տարածվել են ապօրինի ձեռք բերված՝ ձայնագրության մեջ առկա անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները։
Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Լ. Զուրաբյանը և Վ. Օսկանյանը 2012 թվականի դեկտեմբերի 21-ին հրավիրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Պատգամավորները, թեև չեն ներկայացրել առանձին հաղորդում հանցագործության մասին, սակայն հարցաքննվել են որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները։
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
