«Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում ու անկյուն էր կանգնեցնում էնքան, մինչև ներողություն խնդրեմ»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 26, 2010 10:43

Կանանց բռնությունը հիմնախնդիր է, որի դեմ պայքարում են ողջ աշխարհում: Եվ որքան էլ մենք` հայերս, մեզ համարենք կնամեծար ազգ, միևնույնն է, մեր հասարակությունը նույնպես զերծ չէ այդ «ժանտախտից»: Հայաստանում կանանց բռնությունների հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայացնում «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը:  Այսպես,  2009 թ.  կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարին եղել է 435 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտանեկան բռնությանը: Դրանցից 311-ը (71%)`  հոգեբանական  բռնությանն են առնչվել, 120-ը  (28%)` ֆիզիկական, իսկ 4-ը` (1%)` սեռական: Նույն թվին 268 այցելություններից 150-ն ընտանեկան բռնության կապակցությամբ են եղել, 195-ը  (72%)` ընտանիքում կնոջը հոգեբանական ճնշման  ենթարկելու վերաբերյալ, 67-ը (25%)`  ֆիզիկական բռնության, իսկ  6-ը (3%)` ընտանիքում կնոջը սեռական ճնշման  ենթարկելու վերաբերյալ:

Հետաքրքիր է, որ ամուսնու կողմից սեռական բռնության ենթարկվելու վերաբերյալ ահազանգերն ամենացածր տոկոսն են կազմում, սակայն դա, ըստ մասնագետների, պայմանավորված է նրանով, որ կանանց մեծ մասն այդ երևույթը չեն համարում բռնություն, ուստի,  չեն էլ բարձրաձայնում այդ մասին:

Երեսունհինգամյա Արևիկը (անունը փոխված է), ամուսնության 18 տարիների ընթացքում պարբերաբար ենթարկվելով ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական բռնությունների, ի վերջո,  ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան:

«Տասնվեց տարեկան էի, երբ ամուսնացա,- պատմում է Արևիկը,-ամուսինս երկու տարով մեծ էր ինձնից: Սիրելով եմ ամուսնացել: Հետո սկսեցին վեճեր առաջանալ, հետո վեճերը պարտադիր վերջանում էին ծեծով: Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում և անկյուն էր կանգնեցնում: Կանգնում էի էնքան, մինչև ներողություն խնդրեի, բայց ես ներողություն չէի խնդրում, որովհետև մեղավոր չէի…»:

Ամուսինը վեճ էր սարքում ամենաչնչին պատճառներով. օրինակ, երբ տուն էր վերադառնում կեսգիշերին, և կինը հարցնում էր, թե որտեղ էր կամ ինչով էր զբաղված: Երբ որևէ հարցի վերաբերյալ վիճելիս կինը  «պատասխանում էր» նրան, ամուսինը ծեծում էր` ասելով, թե լեզվանի է, իսկ երբ կինը լռում էր, էլի ծեծում էր` ասելով, թե արհամարհում է իրեն: Մի խոսքով, ծեծը դարձել էր սովորական, առօրյա երևույթ:

«Սկզբում ամուսնուս մի հարվածից ուշաթափվում էի, հետո կամաց-կամաց վարժվեցի, դիմադրում էի, իսկ վերջին տարիներին արդեն ես էլ էի խփում»,- պատմում է Արևիկը:

Ամուսնությունից մեկ տարի անց, ամուսնուն խաբեության մեղադրանքով ձերբակալում են` դատապարտելով 8 տարվա ազատազրկման: Արևիկը նորածին երեխային վերցնում է և մեկնում Ռուսաստան` ծնողների մոտ:

Այդ ընթացքում նա սկսում է աշխատել, հարմարվել իր վիճակին, անգամ ուրախանում է, որ ազատվեց բռնակալ ամուսնուց: Այդ ուրախությունը, սակայն երկար չի տևում,  ժամանում է ամուսինը, Արևիկին խոստանում է, որ նորմալ կյանք կսկսեն, սակայն, կամաց-կամաց վերսկսվում են խանդը, վեճերն ու ծեծը:

«Քանի որ ինձ մերոնց աչքի առաջ չէր կարող ծեծել, խաբում, ասում էր, թե զբոսնելու ենք գնում, ծեծած, ջարդած տուն էր բերում…»:

Արևիկն ու ամուսինը վերադառնում են Հայաստան, և ամուսնուն կրկին դատապարտում են խաբեության մեղադրանքով: Արևիկը տուն է վարձում  և որդու հետ միասին տեղափոխվում: Սկսում է աշխատել. սրճարաններում, ռեստորաններում հավաքարարություն է անում, ամաններն է լվանում, մի օր էլ մատուցողուհու աշխատանք են առաջարկում:

«Վիճակս քիչ-քիչ լավանում էր: Լավ գումար էի աշխատում,-ասում է նա,- տուն-տեղ էի դրել, կահույք էի գնել: Բանտ չէի գնում ամուսնուս տեսնելու: Որոշել էի նրան լրիվ դուրս հանել մեր կյանքից»:

Այդ ժամանակ Արևիկը հանդիպում է մի տղամարդու, ով նրա համար իդեալական ամուսնու կերպար է դառնում. «Ես երբեք իմ ամուսնուց չէի զգացել էդքան հոգատարություն ու սեր»:

Բանտից ազատվելուց հետո ամուսինը հարբած ժամանակ տան աստիճաններից ցած է գլորվում և ընկնում հիվանդանոց: «Երբ նրան տեսա, խիղճս սկսեց տանջել, որոշեցի` մնամ խնամեմ, ի վերջո իմ ամուսինն էր…»,-պատմում է Արևիկը:

Արևիկի այս որոշմանը նպաստել էր նաև այն հանգամանքը, որ նա չէր կարող իր կյանքը կապել իր սիրած տղամարդու հետ, քանի որ վերջինս ընտանիք ուներ: «Ես չէի ուզում իմ երջանկությունն ուրիշի դժբախտության վրա կառուցել ու որոշեցի, որ ճիշտ կլինի` ընկերոջիցս բաժանվեմ»,-ասում է նա:

Որոշ ժամանակ անց, կրկին սկսվում են վեճերն ու ծեծը: Արևիկը տնից փախչում է, գնում ընկերուհու մոտ, տղան էլ միանում է նրան: Ծեծված, կապտուկները երեսին` դիմում է ոստիկանություն, սակայն ոստիկանությանը մինչ օրս չի հաջողվել ամուսնուն ձերբակալել:

Մի քանի օր անց Արևիկն ընկերուհու տանը հեռուստատեսությամբ պատահաբար նկատում է հետևյալ հայտարարությունը. «Եթե դուք երբևէ ենթարկվել եք կամ ենթարկվում եք բռնության, եթե դուք գտնվում եք հոգեկան ծանր վիճակում, զանգահարեք` (010) 54 28 28-Երևան, (0264) 2 69 19-Գավառ, (0322) 2 50 88-Վանաձոր, (0263) 4 01 14-Իջևան, (0285) 2 31 40-Կապան»:

«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության հոգեբաններն ու իրավաբանները, զրուցելով Արևիկի հետ, որոշում են կայացնում` նրան տեղափոխել կազմակերպության հատուկ ապաստարան և պահել այնքան, մինչև նրա հոգեկան ու ֆիզիկական վիճակը կարգավորվի:

Կենտրոնի հոգեբան Սիրանուշ Անդրեասյանի կարծիքով, այս պատմության արմատները թաքնված են հայկական մտածելակերպին բնորոշ կարծրատիպերի մեջ, որոնք հազարավոր կանանց դժբախտության պատճառ են դառնում:  «Արևիկի պատմությունն այսպիսին չէր լինի, եթե նա քաջություն ունենար հաղթահարելու շրջապատի կարծիքը և վաղուց բաժանված լիներ ամուսնուց: Տասնութ տարի շարունակ ենթարկվելով դաժան բռնությունների` նա ամուսնուն բազմիցս ներել է և նրա դեմ ոստիկանություն հայց է ներկայացրել միայն այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասել»:

Հայաստանի համեմատությամբ աշխարհի զարգացած երկրների վիճակագրությունը ընտանեկան բռնությունների վերաբերյալ սարսափազդու է: Հավանաբար, սա միակ ոլորտն է, որտեղ Հայաստանը գտնվում է ամենացածր հորիզոնականներում: ՈՒրախալի է: Սակայն, մասնագետները շեշտում են, որ պատկերը խաբուսիկ է, քանի որ այս առումով մեր երկրում ճշմարիտ վիճակագրություն չի վարվում:

Բայց մեր երկրում խնդիրը ոչ այնքան երևույթի ծավալներն են, որքան այն հանգամանքը, որ Արևիկի նման կանայք անպաշտպան են, չկան համապատասխան սոցիալական ինստիտուտներ, որոնք կզբաղվեին նման ընտանիքների խնդիրներով: Փաստ է, որ բռնության ենթարկվող կանանց և երեխաների համար պետական ապաստարաններ չկան: Այս կամ այն կազմակերպության սուղ միջոցները չեն կարող խնդիրը լուծել ամբողջ հանրապետության մասշտաբով: Վերոհիշյալ երկրների համապատասխան կառույցների մասնագետները տևական հոգեբանական աշխատանք են տանում ոչ միայն  զոհերի, այլև բռնացողների հետ, և շատ դեպքերում հնարավոր է լինում պահպանել ընտանիքը: Հակառակ դեպքում ապահովվում է զոհերի լիակատար անվտանգությունը: Այս առումով մեր երկիրը դեռևս ուրախանալու առիթներ չի ընձեռում:

Դիտվել է 5643 անգամ:
Print Friendly

Leave a Reply