ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է Հայաստանի հեծանվային մարզաձևի ազգային ֆեդերացիայի հաշվետվության լսումներին

ՍՊՈՐՏ | | December 21, 2012 14:51

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է Հայաստանի հեծանվային մարզաձևի ազգային ֆեդերացիայի հաշվետվության լսումներին: 2012թ. հաշվետու տարում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Նրա խոսքերով, տարեսկզբին Ծաղկաձորում կազմակերպվել է ուսումնամարզական հավաք, իսկ հունիս ամսին՝ ՀՀ խճուղային հեծանվավազքի առաջնությունը: Հայաստանի հեծանվային սպորտի հավաքական թիմերը մասնակցել են նաև մի շարք միջազգային մրցաշարերի: Մասնավորապես՝ Բելոռուսիայի բաց առաջնությանը, Թուրքիայում տեղի ունեցած բազմօրյա խճուղային հեծանվավազքին, Պորտուգալիայում և Հոլադիայում կայացած եվրոպական մրցաշարերին և Իրանում կայացած բազմօրյա հեծանվավազքին, որտեղ թիմային հաշվարկով գրավել են 5-րդ տեղը:

Լսելով ներկայացված հաշվետվությունը, նախարար Հ. Ռոստոմյանը, հորդորեց սպորտաձևի պատասխանատուներին լինել համախմբված, միասնական և հետևողական իրենց նպատակներին հասնելու, այն է՝ առավել լավ արդյունքներ գրանցել միջազգային ասպարեզներում: ”Հեծանվային սպորտը Հայաստանում լավ ավանդույթներ ունի, պետք չէ այն կորցնել: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ լավ մարզիկներ ունենալու համար նախ լուրջ ֆինանսական միջոցներ և հետո, իհարկե, ժամանակ է անհրաժեշտ”,- նշել է նախարարը, և ավելացրել, որ բազմաթիվ խնդիրներ հնարավոր է լուծել նաև հովանավորչության ինստիտուտի կիրառման օգնությամբ:

Ներկաները, միաձայն համաձայնվել են Հ. Ռոստոմյանի այն կարծիքի հետ, որ հեծանվային սպորտի առաքելությունը ոչ միայն մեդալներ վաստակելն է, այլ առաջին հերթին առողջ ապրելակերպի քարոզչությունը և խոստացել համատեղ և միասնական աշխատանքի միջոցով հաղթահարել ֆեդերացիայի համար առկա հիմնահարցերը:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply