Հաշվետվությամբ հանդես են եկել Հայաստանի ծանրամարտի, կարատեի և ռեգբիի ֆեդերացիաները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 21, 2012 14:39

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում շարունակվում են մարզական ֆեդերացիաների հաշվետվությունների լսումները: Հաշվետվությամբ հանդես են եկել Հայաստանի ծանրամարտի, կարատեի և ռեգբիի ֆեդերացիաները:

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ներկայացրել է 2012թ. ընթացքում ֆեդերացիայի կողմից կատարված աշխատանքները, որոնք ընդգրկում են ուսումնամարզական հավաքներին և բազմաթիվ առաջնություններին հավաքական թիմերի մասնակցության կազմակերպման գործընթացները: Բոլոր տարիքային խմբերի համար, ինչպես Հայաստանում այնպես էլ արտրեկրում կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ, մասնավորապես՝ Երևանում, Ծաղկաձորում, Գյումրիում, Աբովյանում, նաև Թեոդոսիա և Պոդոլսկ քաղաքներում:

Հայաստանի ծանրամարտի մեծահասակների հավաքականը մասնակցել է Թուրքիայում, իսկ պատանիների հավաքականը՝ Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնություններին, իսկ Հայաստանի առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է Երևանում:

Համաձայն ներկայացված տեղեկատվության, 2013թ. ընթացքում նույնպես հավաքական թիմերի համար կանցկացվեն ուսումնամարզական հավաքներ հանրապետության տարբեր քաղաքներում: Տարբեր տարիքային խմբերում հանդես եկող հայ ծանրորդները կմասնակցեն միջազգային բազմաթիվ մրցաշարերի և հանրապետական առաջնությունների:

Հաջորդը հաշվետվությամբ հանդես է եկել Հայաստանի կարատեի ֆեդարացիան, ի դեմս ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանի, ով ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները և 2013թ. նախատեսված ծրագրերը:

2012թ. ընթացքում մասնակցելով բազմաթիվ միջազգային մրցաշարերի հայ կարատեիստները վերադարձել են 6 ոսկե, 8արծաթե (որից մեկը թիմային) և 5 բրոնզե մեդալներով: Կազմակերպվել և անցկացվել է նաև հանրապետական մրցաշարեր տարբեր տարիքային խմբերում հանդես եկող մարզիկների համար: Կարատեի հայ մասնագետները, ֆեդերացիայի աջակցությամբ մասնակցել են Հունաստանում կազմակերպված մրցավարների և մարզիչների համար անցկացվող դասընթացներին:

Ըստ ներկայացված տեղեկատվության, 2013թ. տարեսկզբին նախատեսվում է հավաքական թիմով մասնակցել Թուրքիայում կազմակերպվող պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, իսկ աշխարհի առաջնությանն այդ նույն տարիքային խմբերը ներկայացնող մարզիկները կմասնակցեն արդեն աշնանը:

Կարատեի մեծահասակների թիմը նույնպես մասնակցելու  է մի քանի միջազգային մրցաշարերի, ինչպես նաև հանրապետական առաջնությունններին:

Հաշվետվություն է ներկայացրել նաև Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ Յուրի Բեգլարյանը: Կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելուն զունգընթաց նա նաև իր մտահոգությունն է հայտնել ռեգբիի համար նախատեսված մարզադաշտի բացակայության վերաբերյալ և փաստել, որ Հայաստանում ռեգբին կարծես թե վերածվում է դահլիճային մարզաձևի: Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ չնայած առկա դժվարություններին, ֆեդերացիան առաջնորդվելով նախարարության կողմից հաստատված ժամանակացույցով, հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է նախատեսված բոլոր միջացառումները՝ Երևանում Եվրոպայի առաջնությունից առաջ կազմակերպվել է ուսումնամարզական հավաք, մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև կազմակերպել և անցկացրել հանրապետական առաջնություն:

Ըստ ֆեդերացիայի նախագահի ներկայացրած տեղեկատվության, սպորտաձևն առավել զարգացած է Արտաշատ, Աշտարակ և Երևան քաղաքներում, սակայն, որոշ նախապայմաններ թույլ են տալիս ենթադրել, որ հետզհետե մարզաձևի աշխարհագրությունը կընդլայնվի ընդգրկելով մեր հանրապետության այլ քաղաքները նույնպես: ”Նախատեսվում է ակումբներ ունենալ նաև Վանաձորում և Արմավիրում: Ռեգբին այն մարզաձևն է, որը չունի տարիքային սահմանափակում”- հպարտությամբ նշել է Յ. Բեգլարյանը և ավելացրել, որ օրինակ, Հայաստանի հավաքականի ավագը 51 տարեկան մարզիկ է:

2013թ. ֆեդերացիայի ներկայացրած աշխատանքային ծրագրերը գրեթե նույնատիպ են, ինչ ընթացիկ տարվանը՝ ուսումնամարզական հավաք, մասնակցություն եվրոպական մրցաշարին և Հայաստանի առաջնությանը: Յ. Բեգլարյանը հայտնել է, որ ֆեդերացիան սերտորեն համագործակցում է բժշկական կենտրոնի հետ, ավելին կենտրոնի մասնագետները մշտապես ներկա են լինում իրենց կողմից կազմակերպված բոլոր  միջոցառումներին:

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply