Հայ և թուրք լուսանկարիչների համատեղ ցուցահադեսը Երևանից տեղափոխվեց Ստամբուլ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2012 15:15

    Թուրքիայի կորպորատիվ հասարակական պատասխանատվության ասոցիացիայի և Հայաստանի առևտրական ֆեդերացիայի համագործակցության շնորհիվ «Նայի՜ր, Տե՜ս, Մտածի՜ր» անունով նախագծի շրջանակներում երկու լուսանկարիչ`հայ և թուրք, երեք օր շարունակ շրջել են Երևանի և Ստամբուլի փողոցներով և նկարահանել առօրյա կյանքը պատկերող տեսարաններ:

22-ամյա Էմիրջան Քյուրքյութը և 24-ամյա Գոռ Քրոյանը իրենց լուսանկարներում փորձել են ցույց տալ երկու ժողովուրդների նմանությունները`այդպիսով նպաստելով Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Son dakika»-ն`լուսանկարները մեկ շաբաթ շարունակ ցուցադրվել են Երևանում, իսկ երեկ արդեն ցուցահանդեսը տեղափոխվել է Ստամբուլ:

Թուրք լուսանկարիչ Էմիրջան Քյուրքյութը պատմել է Երևանում անցկացրած իր օրերի, տեսածի ու զգացածի մասին: «Ստամբուլի փողոցային երաժիշտների նման այնտեղ էլ մի նստարանին նստած փող վաստակելու համար նվագող մարդիկ կան: Ինձ ոչ թե Երևանի մի փողոցում էի զգում, այլ Ստամբուլի Թաքսիմով քայլելիս: Միևնույն երաժշտությունը, նվագը, նույն զգացողությունը կիլոմետրերի հեռավորության վրա էլ մնա, մեր մշակույթների նմանությունից է դա բխում»,-նշել է Էմիրջանը:

Իր գործընկերոջ դիտարկումների հետ համաձայն է նաև հայ լուսանկարիչ Գոռ Քրոյանը: «Երկու երկրների միջև շատ նմանություններ կան: Իմ լուսանկարներում ցանկացել եմ ցույց տալ մեր մշակույթների նմանությունը: Այստեղ էլ Հայաստանի նման շուկայում մրգավաճառը աշխատում է բղավելով գրավել գնորդներին: Նույնիսկ չրերը կախելու ձևն է նույնը: Փորձել եմ նկարահանել մարդկանց դեմքերը և այդ տեսակ մանրամասներ: Տարբերությունը միայն այն է, որ մեր տաքսիները դեղին չեն»,-պատմել է Գոռը:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply