Միջազգային ֆինանսական կորպորացիան կաջակցի բարեփոխումներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 24, 2010 17:15

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Կառավարության ղեկավարը հանդիպումը որակել է կատարված աշխատանքներն ամփոփելու ու նոր ծրագրեր նախանշելու լավ հնարավորություն։ Կողմերն անհրաժեշտ են համարել նոր նախաձեռնությունների իրականացումը` ուղղված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարարության եւ տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացման մանրամասներ, որոնք գործարարության մասով նախատեսում է նաեւ ՀՀ կառավարության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը։ Վարչապետը կարեւորել է միջազգային առաջատար փորձի ներդրումը համապատասխան խորհրդատվության տրամադրման միջոցով։

Որպես փոխգործակցության առաջնային ուղղություն` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնակցությունը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, մասնավորապես, անկախ տնօրենների ինստիտուտի կայացման գործում։

Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել Հայաստանում ձեւավորվող վենչուրային հիմնադրամներում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվումը` ընդգծելով մասնակցության ձեւերի մշակման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Համահայկական բանկում մասնավոր կապիտալի լայն ներգրավման ու մի շարք այլ խնդիրների։

Փոխադարձաբար կարեւորվել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտների ներուժը բացահայտելու նպատակով։

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply