Լավ է ուշ, քան երբեք

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 25, 2010 10:53

Վերջին շրջանում մեր հասարակության  անդորրն  ալիքվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչների կապակցությամբ ծավալված քննարկումներով: ՀՌԱՀ-ի այդ նախաձեռնությունն, անկասկած, պայմանավորված էր նախորդ տարեվերջին նախագահի նստավայրում հեռուստաընկերությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմամբ, որի ընթացքում Սերժ Սարգսյանը քննադատել էր հեռուստաընկերությունների՝ վարկանիշի ետևից ընկնելու մոլուցքը, ինչի հետևանքով եթերը հեղեղված է ցածրորակ հաղորդումներով, ֆիլմերով ու շոուներով: Նախագահը նաև հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել և այդ խնդիրներին լուծում տալ: Իսկ նախագահի այդ դիտողությունը պայմանավորված էր հասարակության մեջ ահագնացող դժգոհությամբ, որ նրան էր հասցվել իշխանամերձ մտավորականների միջոցով:

Խմորն, ինչպես ասում են, շատ ջուր տարավ: ՀՌԱՀ-ի առաջարկած նախագիծը շատերին վրդովեց, որոնք իրավացիորեն նախագծում գրաքննության ականներ էին տեսնում: Ի վերջո, որոշ զավեշտալի մտքեր հանվեցին, որոնք, միևնույն է, դրությունը չփրկեցին, և փետրվարի 15-ին ՀՌԱՀ-ն ընդունեց այդ չափորոշիչների մասին որոշում:

Զարմանալին այն է, որ այդ քննարկումների մասնակիցները և, մանավանդ, ՀՌԱՀ-ը չհիշեցին, որ Հայաստանն արդեն  որոշ չափորոշիչներ ունի`  որոնք ընդունվել են ՀՀ կառավարության  2007 թ. մարտի 1-ի թիվ 267-Ն «ՀՀ-ում էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների և սարսափ ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» որոշմամբ: Եվ քանի որ չհիշեցին, հարց չտվեցին, թե ինչո՞ւ է ընդունված չափորոշիչների առկայությամբ  նորից նախագիծ մշակվում: Եթե նախորդ չափորոշիչները բավարար չէին, ուրեմն ինչո՞ւ լրացման նախագիծ չի առաջարկվում,  եթե նախորդները չեն գործել, ինչո՞ւ չեն գործել,  և ի՞նչ երաշխիք կա, որ սրանք կգործեն, մանավանդ որ նախորդներն ընդունել է կառավարությունը, ինչպես պահանջում է օրենքը, իսկ սրանք` հանձնաժողովը:

Քանի որ այս հարցերը չտրվեցին, հանձնաժողովը հաջողությամբ խուսափեց պատասխանատվությունից և նույնքան հաջողությամբ գզրոցից հանելով մեռած փաստաթուղթը` որոշ փոփոխություններով արտագրեց այն:  Ուստի զարմանալի չէ, որ թեպետ արտահայտվող դժգոհություններում ոչ ոք չէր հիշում էրոտիկ ֆիլմերի կամ տեսարանների մասին, ներկայիս չափորոշիչների առաջին կետը նվիրվեց հենց դրանց` կրկնում ենք,  մասնակի փոփոխությամբ: Երկրորդ կետը, որ վերաբերում է սարսափ և բռնություն բովանդակող ֆիլմերին, դարձյալ կրկնում է նախորդ որոշման 2-րդ կետը` դարձյալ որոշ փոփոխություններով:

Փաստորեն, նոր չափորոշիչներում ավելացվել են 3-րդ և 4-րդ կետերը, բայց սրանք էլ զգալի մասով արտագրված են օրենքից: Այսպես, նոր չափորոշիչների 3-րդ կետը վերաբերում է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման և դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումներին, իսկ 4-րդ կետը ոչ թե չափորոշիչ է, այլ էրոտիկ տարրեր պարունակող  հաղորդումների ցուցադրման ժամանակային սահմանափակում, դրանք թույլատրվում են միայն գիշերը` ժ. 24-ից մինչև առավոտյան ժ. 6-ը:

Մինչդեռ 2003 թ. նոյեմբերի 18-ին ընդունված օրենքով, փոփոխություն է կատարվել տվյալ հանձնաժողովի կանոնակարգում, ավելացվել է 86.1 հոդվածը, որով  ժ. 24-ից մինչև առավոտյան ժ. 6-ից դուրս ժամանակահատվածում էրոտիկ բնույթի և սարսափ ֆիլմերի ցուցադրման դեպքում սահմանվել են տուգանքներ: Եվ նույն 2003 թ. դեկտեմբերի 3-ին ընդունված  օրենքով փոփոխություն է կատարվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում, որով  դրա 3-րդ մասը վերաշարադրվել է այսպես. «Էրոտիկ բնույթի հեռուuտառադիոհաղորդումները և uարuափ ֆիլմերը, ինչպեu  նաև անչափահաuների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական  դաuտիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ կոդավորված հեռուuտառադիոհաղորդումների, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»:

Հարց է ծագում, ի՞նչ իմաստ ուներ ավելի բարձր օրենսդրական ակտերի վերաշարադրումը` մասնակի փոփոխություններով: Եվ եթե հեռուստատեսությունների գործունեությունը կանոնակարգող մարմինն իր այս առանձին նախաձեռնությամբ այսքան հարցերի տեղիք է տալիս, ապա ի՞նչ ենք ուզում հեռուստաընկերություններից, որոնք մեծ հաշվով ընդամենը մի մտահոգություն ունեն` երբևէ չարժանանալ «Ա1+»-ի ճակատագրին:

Այսու կասկած չկա, որ ինչպես չեն գործել նախկին որոշումն ու օրենքները, այնպես էլ մեր կյանքում որևէ փոփոխություն չի մտցնի ներկայիս որոշումը, և բացառված չէ, որ մի քանի տարի անց նույն մարմինը «նոր» չափորոշիչներ «մշակի»:  Չափորոշիչներն իսկապես կյանքում կիրառելու, լինեն լավ թե վատ, մի ճանապարհ կա` հասարակության ներկայացուցիչներից ստեղծել անկախ մարմին, որը կզբաղվի մշտական դիտարկումով ու վերլուծությամբ, այն ինչ անում են եվրոպական երկրները, և այն ինչ չի արվել մեզանում և, ինչպես երևում է նշված ակտերից, երբևէ չի էլ արվի:

Լավատեսության համար մի հենարան է մնում` ինքնակարգավորումը, այն, ինչ օրերս առաջարկեց Հանրային խորհուրդը` հանրության դատին հանձնելով «Հեռուստառադիոհեռարձակողների (հեռսուստառադիոընկերությունների) գործունեության էթիկական սկզբունքների մասին համաձայնագրի» նախագիծը:

Այն արդեն ներկայացվել է լրագրողների դատին, իսկ մինչ այդ քննարկվել է Հանրային խորհրդի շրջանակներում գործող 45 լրատվամիջոցների ներկայացվածությամբ հանձնաժողովում, ինչպես նաև պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Նախագծում փորձել են արտացոլել հանրության շրջանակներում առկա մտահոգությունները. լեզվի մաքրություն, քերականապես գրագետ խոսք, երիտասարդ սերնդի դաստիարակության, ազգային, մշակութային բարձր արժեքների ոգով հասարակական կարծիքի ձևավորում և այլն: ՀԽ-ն նաև առաջարկել է ձևավորել ակտիվ գործող մշտադիտարկման խորհուրդ, որը մոնիթորինգի կենթարկի հեռուստաեթերը:

Ամենաժողովրդավարական ու առաջադեմ երկրներում իսկ, որտեղ անհամեմատ ավելի լավ են գործում օրենքներն ու կարգավորող մարմինները, լրատվամիջոցների որակի ապահովման ամենաարդյունավետ ուղին, այնուամենայնիվ, համարվում է ինքնակարգավորումը: Կարելի  է ափսոսել, որ մեզանում դեռ նոր են մտածում նման քայլեր անելու մասին, բայց և մխիթարվել ժողովրդական իմաստությամբ` լավ է ուշ, քան երբեք:

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply