Ներկոալիցիոն ինտրիգներ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 26, 2010 10:53

Մարտի 15-ին «Օրինաց երկիր» կուսակցությունն անսպասելի հայտարարություն արեց կառավարությունում ունեցած իր երեք նախարարական պորտֆելներից երկուսի ղեկավարների փոփոխության մասին: Մասնավորապես կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնում Գուրգեն Սարգսյանին փոխարինեց նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Մհեր Շահգելդյանի փոխարեն նշանակվեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանը:

Այս փոփոխությունը շատ անսպասելի էր նաև այն առումով, որ Գուրգեն Սարգսյանն ու Մհեր Շահգելդյանը համարվում են ՕԵԿ-ի «ոսկե պահուստի» անդամներ, իսկ նորանշանակ նախարարներն ընդամենը նախօրեին են դարձել ՕԵԿ-ական: Այս համատեքստում մամուլում լուրեր են շրջանառվում երկու ուղղությամբ: Առաջին` նախարարների փոփոխությունը կապվում է այն հանգամանքի  հետ, որ ՕԵԿ-ը դրանով լուրջ քաղաքական քայլ է կատարում` պատրաստվելով գալիք խորհրդարանական ընտրություններին և իր գլխավոր դերակատարներին պահելով` միաժամանակ նախարարական պաշտոնների է նշանակում «հզոր» քաղաքական դեմքերի: Եվ երկրորդ` նախարարների փոփոխության հետ Արթուր Բաղդասարյանը որևէ կապ չունի, դա նախագահականից իջեցված հրահանգ է:

Սակայն, երկու տարբերակների դեպքում էլ հակասական հարցեր են առաջանում:

Եթե «հին» ՕԵԿ-ականներին այդպիսով «պահում» են առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար, ապա ինչո՞ւ նախարարական իր պորտֆելը չազատեց նաև գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը, որ, իմիջիայլոց, օրեր առաջ նկատողություն է ստացել վարչապետից: Մյուս կողմից, եթե որոշումը կայացվել է նախագահականում, ապա ի՞նչ նպատակ կարող է հետապնդել այդ քայլը ներկա քաղաքական համատեքստում:

Երկրորդ տարբերակը կարելի է հավանական համարել, եթե հաշվի առնենք, որ ստեղծված արտաքին քաղաքական լարված իրադրությունում իշխանությունները միգուցե ցանկացել են ներքաղաքական դաշտում կատարած «ֆիկտիվ» փոփոխություններով հասարակության ուշադրությունը շեղել արտաքին քաղաքական խնդիրներից: Այս նույն սկզբունքով կարելի է բացատրել նաև օրեր առաջ նախագահականում ՄԻԱԿ-ական Սամվել Ֆարմանյանի (որ, ի դեպ, նախկին ՕԵԿ-ական է) տեղափոխումը այլ պաշտոնի (Հանրային հեռուստաընկերության և ռադիոընկերության լրատվական-վերլուծական ծրագրերի տնօրեն) և նրա փոխարեն Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանի նշանակումը նախագահի մամլո քարտուղար, որովհետև, միևնույն է, «գումարելիների տեղերը փոխելիս` գումարը չի փոխվում»:

«Նախագահականի» տարբերակը կարելի է տրամաբանական համարել նաև այն ենթադրությամբ,  որ նախագահ Սարգսյանը ՕԵԿ-ական տեղերին «նախագահական» մարդկանց նշանակումով որոշել է թուլացնել ՕԵԿ-ի դիրքերը կոալիցիայում կամ ընդհանրապես վերացնել կոալիցիան այդ կուսակցությունների` պաշտոնների միջոցով աստիճանական հզորացման և առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրեն ոչ ձեռնտու դիրքերով հանդես գալու հնարավորության մտավախությամբ:

Սակայն, սպասվող խորհրդարանական ընտրություններին դեռևս երկու տարի կա, և նախագահամետ անձանցով նախարարական պորտֆելներն «ամրապնդելը» թերևս ժամանակից շուտ կատարված քայլ է: Մի՞թե իշխանությունները պլանավորում են ինչ-որ տարբերակով մոտ ապագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Ամեն դեպքում, ներկոալիցիոն լարվածություն կա, և այն զարգանում է նաև «Բարգավաճ Հայաստանի» մասով: Պատահական չէր, օրինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրերս արած հայտարարությունը, թե էկոնոմիկայի նախարարն իր տեղում չէ: «Սերժ Սարգսյանը դա գիտի, և համապատասխան քայլեր ինքը կկատարի: Ամեն ինչ չի կարելի Սերժ Սարգսյանի վրա թողնել: Այսօր մենք ունենք մի կառույց, որտեղ 200 աշխատողներ ունենք, էլի չենք կարող լիարժեք հետևողական լինել»,-ասել է Ծառուկյանը: Այս հայտարարությամբ նա թերևս փորձում էր իշխանությունների ուշադրությունը շեղել ԲՀԿ-ական նախարարների հնարավոր փոփոխություններից: Թեև, եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն նույնպես վերջերս է երկու նախարար փոխել, ու եթե ընդունենք, որ դա ևս նախագահականից իջեցված հրահանգ է եղել, ապա կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ից առաջ է այդ բախտին արժանացել, ու «նախագահականի» վարկածը նաև գործում է ԲՀԿ-ի մասով:

Ծառուկյանն այդ հայտարարությամբ նաև փորձեց սլաքն ուղղել վարչապետին, մանավանդ որ Ներսես Երիցյանը վարչապետի «մարդն» է համարվում: Այս դեպքում հասկանալի են դառնում վերջերս շրջանառվող լուրերն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը վարչապետի պաշտոնում նշանակվելու լուրջ հավակնություններ ունի, չնայած Ծառուկյանն օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերությամբ հերքեց այդ լուրերը:

Էկոնոմիկայի նախարարի «հակահարվածը» չուշացավ, որով լարվածությունը կոալիցիայի երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ավելի մեծացավ: «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին և նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի նախագահն ու վարչապետը»,-հայտարարեց Երիցյանը:

Ենթադրվում է, որ ներկուսակցական այդ լարվածությունն առաջացել է դեռևս անցյալ տարի կայացած Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որի արդյունքում ԲՀԿ-ն սահմանափակ մուտք ստացավ քաղաքապետարան: Դրանից հետո ԲՀԿ-ականները հրաժարվեցին քաղաքապետարանում իրենց ստացած պաշտոններից` դրանով իրենց բողոքն արտահայտելով կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Համեմատության համար պետք է նշել, որ ՕԵԿ-ն այդպես էլ չկարողացավ «մտնել» քաղաքապետարան:

ՕԵԿ-ի վերը նշված նախարարափոխության համատեքստում ուշագրավ են նաև վերջին շրջանում նախարարների ու նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ վարչապետի սկսած «հետապնդումները». խիստ նկատողություն է արվել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին, կրկին խիստ նկատողություն` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանին (իրենց դիմումների համաձայն` աշխատանքից ազատվել էին այդ նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ): Թեև գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին վարչապետի արած նկատողության մասին խոսելով` ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իր ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերություններում լարվածություն չկա, բայց նշված գործընթացները վկայում են այդ լարվածության անգամ կուսակցական մակարդակի առկայության մասին:

Ինչ նպատակով էլ և ում կողմից էլ թելադրված լինեն ՕԵԿ-ական նախարարների վերջին փոփոխությունները, այսօր այդ և շատ այլ նախարարություններում լուրջ խնդիրներ կան, որոնց կանդրադառնանք հաջորդ համարներում:

Դիտվել է 2458 անգամ:
Print Friendly

Leave a Reply