Խանասորի արշավանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 26, 2012 7:00

Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը,

Ֆետայիներ Դաշնակցական, վրէժ առան հովտումը….

Մի ժամուայ մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ,

Խանասորայ Կանաչ դաշտը կարմիր արեամբ ներկուեցաւ:

Հայեր յիշէք նուիրական այս օրը,

Յուլիս ամսոյ քսան հինգին

Կատարեցէք մեր տօնը:

Հայ ֆիդայական շարժման և ռազմարվեստի պատմության լավագույն դրվագներից է 1897 թ. հուլիսի 25-ի Խանասորի արշավանքը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունն էր, նպատակը` քրդական մազրիկ ցեղախմբի ահաբեկումն ու պատիժը:

Խանասորի արշավանքի որոշումը ՀՅԴ-ն ընդունեց 1896 թ. աշնանը Թիֆլիսում գումարված Ընդհանուր ժողովի ժամանակ: Որոշումը միաձայն չընդունվեց: Շատ գործիչներ` Հովսեփ Արղությանը, Վազգենը, Սարգիս Մեհրաբյանը և այլք կարծում էին, որ Բանկ Օտոմանի գործողությունից հետո, երբ մի խումբ ֆիդայիներ գրավեցին օսմանյան բանկը, վտանգավոր է մի վայրում միաժամանակ մեծաքանակ խմբավորմամբ հանդես գալը: Սակայն, ի վերջո, Նիկոլ Դումանի պնդմամբ, որոշումն ընդունվեց:

XIX դարավերջին Արևմտյան Հայաստանի ազատագրման կենտրոնը դարձավ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի կոմիտեությունը, որի կենտրոնը Վանն էր: Վանում էին գործում ազգային-հեղափոխական գործիչները, այնտեղ էր կուտակվում Երկրի ապստամբության համար նախապատրաստվող ու պահեստավորվող զենք-զինամթերքը: Դեպի Վան հայ գործիչներն անցնում էին Պարսկահայաստանի տարածքով, իսկ այդ ճանապարհը հսկում էր քրդական մազրիկ ցեղախումբը:

Արյունարբու սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի ցուցումով քրդերը շարունակ խոչընդոտում էին հայկական զինավառ խմբերի թափանցումը Վան, շարունակական հարձակումներով լարվածություն էին ստեղծում Վասպուրականի հայկական բնակավայրերում: Մազրիկները Աղբակ-Վասպուրականում անպատիժ կեղեքում ու թալանում էին հայությանը և միշտ իրենց ավարառության ժամանակ անթաքույց ստանում էին իշխանությունների աջակցությունը: 1896 թ. մազրիկները, հարձակվելով Վանի ջարդերից հետո Պարսկաստան նահանջող հայ երիտասարդների վրա, իսկական նախճիր սարքեցին… Մազրիկների ավազակային հարձակմանը զոհ գնացին շուրջ 300 անզեն երիտասարդներ` դաշնակցական Պետոյի, արմենակյան Ավետիսյանի և հնչակյան պարագլուխ Մարտիկի գլխավորությամբ:

Ելնելով ստեղծված իրավիճակից` հայ խմբապետերից Նիկոլ Դումանը ՀՅԴ բյուրոյին առաջարկեց արշավանք կազմակերպել դեպի Խանասոր` պատժելու քրդական մազրիկ ցեղախումբը:

Ատրպատականում հավաքվեց դաշնակցական գործիչների ու ֆիդայական շարժման սերուցքը: Այնտեղ էին Նիկոլ Դումանն ու Վարդան Մեհրաբյանը, իշխան Հովսեփ Արղությանն ու Կարոն (Արիստակես Զորյան, Ռոստոմի` ՀՅԴ հիմնադրի կրտսեր եղբայրը), Հարություն Շահրիկյանն ու Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան) ու Սևքարեցի Սաքոն, Քրիստափոր Օհանյանն ու Գալուստ Ալոյանը, Փոխիկն ու Ախպերը, դեռևս նորագիր  զինվորական Անդրանիկն ու շատ–շատեր։

Կազմվեց 275 անձից բաղկացած հարվածային ջոկատ, որից 40 հոգին` հեծյալ: Նախապես ծրագրված էր, որ Խանասորի արշավանքը կղեկավարի հենց մտահղացողը` Նիկոլ Դումանը, սակայն արշավանքից մի քանի օր առաջ ՀՅԴ ղեկավարությունը փոխում է որոշումը: Ֆիդայիներն իրենց ջոկատը բաժանեցին մի քանի մասի, որոնց հրամանատարներ կարգվեցին Նիկոլ Դումանը,  Տաշոն` իշխան Հովսեփ Արղությանը և այլք: Արշավանքի ընդհանուր հրամանատարն էր Սարգիս Մեհրաբյանը, որ հետայսու պիտի կոչվեր Խանասորի Վարդան:

Գրոհից առաջ Վարդանը դիմեց արշավանքի մասնակիցներին. «Ցույց տանք մեր հասարակության թերահավատ մասին, որ ընդունակ ենք հեղափոխական կռիվը, թեև անհավասար, հաջողությամբ առաջ տանելու. ցույց տանք ամբողջ աշխարհին, որ հայն էլ գիտի կռվել ազատության համար»:

Մազրիկ ցեղախումբը տեղակայված էր Խանասորի դաշտում: Դա մի մեծ գոգավորություն էր` շրջապատված բլուրներով: Հայկական ջոկատները, դուրս գալով Սալմաստից, հատեցին թուրք-պարսկական սահմանը, շրջանցեցին Արաուլ լեռն ու չորս կողմից շրջապատեցին դաշտը:

1897 թ. հուլիսի 25-ի վաղ առավոտյան ֆիդայիները, երգելով Միհրդատ Եսայանի «Կռվեցեք տղերք» երգը, որ նվիրված էր Նիկոլ Դումանի Բողազ Քյասանի կռվին, անակնկալ հարձակվեցին մազրիկ ցեղախմբի վրա:

ԽԱՆԱՍՈՐԻ ՔԱՅԼԵՐԳ

Կռվեցեք տղերք, կռվեցեք քաջ քաջ,

Անվեհեր կանգնած թշնամուն առաջ,

Ցանկալի է մեզ միշտ ազնիվ մահը,

Հեռու մեզանից ոսոխի ահը:

Հառաջ խիզախենք իբրև նահատակ,

Իզուր թող չանցնի մեզնից մի գնդակ:

Մեզ տոնախմբեն մեր նախնի քաջեր,

Մեզի կը սպասեն մեր հեգ եղբայրներ,

Չծնանք ազատ, գեթ մեռնինք ազատ,

Մեր սիրտն ու հոգին պահենք անարատ:

Այս անգամին ալ ցույց տանք թշնամուն,

Թե ի՛նչ է Հայուն ուժն ու քաջություն:

Ահա քիւրտերը փախչին սարսափած,

Ահա դիակներ արյամբ շաղախված,

Կրակ տեղացե՛ք, անդադար կրա՛կ,

Փառք Դաշնակցության, առատ է գնդակ,

Օ՛ն, կռվինք, տղերք, մինչև շունչ վերջին,

Արժանի լինենք փառաց պսակին:

Կռվինք հուսալով, մերն է ապագան,

Մեռնինք, բայց կեցցե՜, կեցցե՛, Հայաստան,

Այսպես հորդորեց և ինկաւ արին,

Թողլով մեզ անուն հիշատակ բարին,

Ահեղ կռվի մեջ մի փոքրիկ հերոս,

Անմոռանալի կտրիճ Մարտիրոս:

Հարձակման արդյունքում կոտորվեց քուրդ տղամարդկանց մեծամասնությունը: Շատ քչերին հաջողվեց խույս տալ: Հավատարիմ հայի և ֆիդայու պատվին ու արժանապատվությանը` հայ ֆիդայիները խնայեցին քրդերի կանանց և երեխաներին: Ֆիդայիների ցասումից խույս տվեց նաև մազրիկների ցեղապետը` Շարաֆ բեյը, որը կանացի հագուստով ծպտյալ դուրս եկավ հայերի շրջափակումից:

Քրդերը Խանասորի արշավանքի հետևանքով հարյուրավոր զոհեր տվեցին: Փաստորեն, մազրիկ ցեղախումբը դադարեց որպես այդպիսին գոյություն ունենալուց: Հայկական կողմը տվեց 25 զոհ, այդ թվում` ՀՅԴ հիմնադիր Ռոստոմի եղբայրը` Կարո Զորյանը:

Խանասորի արշավանքը կատարյալ հաղթական ավարտ ունեցավ: Այն ռազմական հաղթանակից զատ մեծ բարոյական նշանակություն ունեցավ և շատ ոգևորեց համայն հայությանը:

Մինչ Խանասորի արշավանքը հայ շինականն իրեն շարունակ զոհի կարգավիճակում էր զգում և հավատ ու հույս չուներ, թե երբևէ կարող է ազատագրվել թուրքական ու քրդական կեղեքումներից: Հենց Խանասորը կոտրեց հայ աշխատավորի ու շինականի մեջ ձևավորված կարծրատիպը, թե հայը չի կարող զենքով ազատություն գտնել: Արշավանքը զսպաշապիկի դեր ունեցավ քրդական մյուս ցեղերի համար, որոնք առավել զգույշ դարձան և հայ-թուրքական հակամարտության մեջ այնուհետև հիմնականում չեզոք դիրք բռնեցին: Քուրդ ցեղապետները հասկացան, որ իրենց սպասում է Շարիֆ բեյի ճակատագիրը` փախուստ կանացի հագուստներով կամ մահ հայ ֆիդայու արձակած գնդակից:

Առհասարակ իր պայքարում հայությունը` դաշնակցության առաջնորդությամբ, միշտ ցանկանում էր քրդերին իր կողմը պահել` միասնաբար պայքարելու թուրքական բռնապետության դեմ: Եթե անգամ դա չէր հաջողվում, խնդիր էր քրդական ցեղախմբերի չեզոքությունն ապահովելը, ինչը միշտ չէ, որ հաջողվում էր: Հետամնաց քրդերը, որոնք դեռևս ազգային ինքնագիտակցության զարթոնքի չէին հասել, հեշտությամբ էին տրվում սուլթանական կառավարության սադրանքներին և կոտորում անմեղ հայ բնակչությանը: Դառնալով խաղալիք օսմանյան կառավարիչների ձեռքին` քրդական տարրը իսկական պատուհաս էր դարձել հայ բնակչության և հայոց ազատագրական պայքարի գլխին:

Խանասորի արշավանքի ժամանակ հայ ֆիդայիներն  առաջին անգամ կռիվներում փորձարկեցին և օգտագործեցին ռուսական «Մոսին» հրացանները, ինչի արդյունքը քրդերը զգացին սեփական մաշկի վրա:

Խանասորի արշավանքի թերևս ամենամեծ արդյունքն այն էր, որ փաստորեն մաքրվեց Սալմաստից Վան տանող ճանապարհն ու ֆիդայիներն այնուհետև հեշտությամբ կարող էին զենք-զինամթերք տեղափոխել երկիր:

Այնքան մեծ էր հայերի ոգևորությունը Խանասորից հետո, որ երկար ժամանակ հայերի համար Ավարայրի փոխարեն պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ դարձավ հենց Խանասորը:

Հետագայում արշավանքի մասնակից ֆիդայի Գալուստ Ալոյանը (Դերվիշ Թորոս) նոր երգ հորինեց Խանասորի արշավանքի մասին.

Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը,

Ֆետայիներ դաշնակցական, վրեժ առան հովտումը….

Մի ժամվա մեջ մազրիկ ցեղը ջնջվեցավ,

Խանասորա կանաչ դաշտը կարմիր արյամբ ներկվեցավ:

Հայեր, հիշեք նվիրական այս օրը,

Հուլիս ամսո քսան հինգին

Կատարեցեք մեր տոնը:

Սոսկաց քյուրտը՝ լեղապատառ մազրիկցին,

Չէր երազեր ջնջվել իսպառ քաջ ֆետայու գնդակեն:

– Յամա՛ն, Աստուած, ֆետան եկավ, ո՞ւր փախչինք,

Ըսավ որդուն կրծքին սեղմած լեղապատառ քրտուհին:

– Մի՛վախենար, հանգիստ կեցիր, բաջի ջան,

Կանանց երբեք ձեռք տալու չէ վրեժխնդիր քաջ ֆետան:

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 3297 անգամ:
Print Friendly

Leave a Reply