Բոլոր ներդրողները նույն երգն են երգում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 25, 2012 7:13

Սկզբում ցանկանում էինք  գրել այն մասին, թե Հայաստանում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման աշխատանքներ իրականացնող ընկերությունները որքանով են կատարել իրենց ներդրումներ անելու խոստումներն ու հավաստիացումները: Բայց նյութը պատրաստելու ընթացքում պարզ դարձավ, որ  առկա թվերը չեն պատասխանում այն հարցին, թե ինչու է մեր ջրամատակարարումն ու ջրահեռացումն այս մակարդակինբացի այդ այնքան բազմազան ու տարբեր են, որ մեր քաղաքացիներին կարող են միայն խճճել:

Մարդու օրգանիզմի մեծ մասը հեղուկ է` ջուր, և մարդն առանց ջրի երեք օրից ավելի ապրելու դեպքում վտանգում է իր կյանքը: Սա թերևս այն ամենակարևոր  փաստն է, որ կարելի է բերել մարդու համար ջրի կարևորությունն  ապացուցելիս:

Ովքե՞ր են ստանձնել մեր ծարավը հագեցնելու պարտականությունը

Բայց անդրադառնանք մեկ այլ երևույթի` բնակչության ջրամատակարարմանը: Այս ոլորտը նույնպես չի կարող իդեալական համարվել` համենայն դեպս, քաղաքացիները միշտ բողոքում են կա’մ ջրամատակարարման ծավալներից, կա’մ մատակարարվող ջրի որակից` հատկապես Երևանում:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող 5 ընկերություններ են գործում`   «Երևան-ջուր» ՓԲԸ-ն, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որն այդ նույն գործառույթներն իրականացնում է ՀՀ մի շարք մարզերում, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն և «Նոր Ակունք» ՓԲԸ-ն: Այս ընկերություններից ազգաբնակչության մեծ մասի համար ջրամատակարարումն ու ջրահեռացումը, ինչպես նաև կեղտաջրերի մաքրման աշխատանքներն իրականացնում է 2 ընկերություն` «Երևան-ջուր» ՓԲԸ-ն, որն ապահովում է կամ պետք է ապահովի մայրաքաղաքի ջրամատակարարումը, և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որն իր տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ պետք է ապահովի ՀՀ 10 մարզերում 37 քաղաքային և մոտ 280 գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական սպասարկման, շահագործման և պահպանման աշխատանքների իրականացումը:

Այս ընկերություններին նման գործունեություն իրականացնելու համար ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  (ՀԾԿՀ) թույլտվություն է տալիս: Պետական այս մարմինն էլ հենց իրականացնում է հիշյալ ընկերությունների վերահսկողության գործառույթները, հաստատում ջրամատակարարման սակագները, սահմանում գործունեության պայմանները, ինչպես նաև հետևում, որ ընկերությունները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:

Իսկ այդ ընկերությունների համար ՀԾԿՀ-ն սահմանել է. «Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից Անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է Թույլտվության 2.2 կետում սահմանված ժամկետում N1 հավելվածում նշված տարածքներում իրականացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ, որոնք ներառում են հետևյալ գործառույթները. ա) խմելու ջրի արդյունահանում, ջրառ, մշակում, տեղափոխում, բ) խմելու ջրի բաշխման (մատակարարման), ջրահեռացման ծառայությունների մատուցում սպառողներին, գ) սահմանված օրինակելի ձևերին համապատասխան` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում, դ) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց գումարների գանձում, ե) ջրային համակարգի կառավարում, շահագործում, պահպանում, բարելավում և ընդլայնում»:

Պարտավորություններ կան, բայց ինչպե՞ս են կատարվում

 

Այս ընկերությունները  պարտավոր են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցել բոլոր այն սպառողներին, որոնց ներքին ցանցը տեխնիկական միացում ունի ընկերության ջրային համակարգին, և որոնք ընկերության  հետ կնքել են խմելու ջրի մատակարարման կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Ընկերությունների գործունեության համար պայմաններ են սահմանված, ըստ որոնց` նրանք պարտավոր են` «ապահովել թույլտվությամբ և հանձնաժողովի կողմից այլ իրավական ակտերով սահմանված` սպառողներին մատուցվող ծառայությունների  որակին (սպասարկման որակին) ներկայացվող պահանջների կատարումը, ապահովել մատակարարված ջրի որակը սանիտարական և հակահամաճարակային կանոնների ու նորմերի, ջրի որակին առնչվող այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ջրային համակարգի նորոգումների, ընդլայնման աշխատանքների իրականացումից հետո վերականգնել կամ բարեկարգել վնասված տարածքը և առնվազն բերել նախկին տեսքին` պլանային նորոգումների (աշխատանքների) դեպքում ընկերության  հաստատած պլան-գրաֆիկով սահմանված ժամկետում, իսկ բնակլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում` հնարավորինս սեղմ ժամկետներում, արտապլանային նորոգումների (աշխատանքների) դեպքում` 15-օրյա ժամկետում»:

Այս պայմաններն ապահովելու համար նույնիսկ ստիպեցին, որ ՀՀ քաղաքացիները տեղադրեն ջրաչափ սարքեր: Բայց դրանից գործն առանձնապես չշահեց: Դեռ չենք անդրադառնում մատակարարվող ջրերի սակագներին, դա այլ թեմա է, համենայն դեպս, եթե մարդիկ վճարում են ջրի համար, ապա պետք է ստանան լավորակ, անվտագ ջուր` շուրջօրյա ռեժիմով: Համենայն դեպս, ընկերությունները նման պատասխանատվություն ստանձնել են: Անցել է ավելի քան 13 տարի, ինչ այս ընկերությունները ջրամատակարարումներ են իրականացնում, բայց դեռ չի հաջողվել լիովին հասնել շուրջօրյա ջրամատակարարման:

Ծույլը միշտ էլ հարմար պատճառ կգտնի

 

Պատճառը, ըստ տարբեր ժամանակներում տարբեր լրատվամիջոցներին տրված պարզաբանումների, ջրի կորուստն է, հին տեխնիկական զինվածությունը և այլն:

Արդեն հոգնել ենք այս պարզաբանումները լսելուց: Եթե ընկերությունը ջրի կորուստ ունի կամ ջրագծերը հին են, ապա դա ընկերության մեղքն է, ոչ քաղաքացու: Իսկ ընկերությունները, բնականաբար, չեն ասում, թե ջրագծերը հին են, քանի որ այդ ջրագծերը փոխելու պարտավորություն ունեն: Բայց երբ նայում ենք, թե խմելու ջրերի խողովակների ինչքան վթարներ են լինում, արդեն պարզ է, թե ինչպես են այս սահմանված պայմանները կատարվում. փոխվում են ջրագծերի այն հատվածի խողովակները, որտեղ այդ պահին վթար է լինում: Ոչ թե համատարած, ոչ թե պլանավորված, այլ հատվածական: Էլ չենք խոսում շինարարական աշխատանքներից հետո տարածքը բարեկարգելու կամ նախկին տեսքին բերելու պարտավորությունը չկատարելու մասին:

Ընկերությունները, իհարկե, հերքում են, թե իրենք չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, բայց շարքային քաղաքացին իր տանը, բացելով ջրի ծորակը, այլ իրականություն է հայտնաբերում: Օրինակ` ամբողջ աշխարհում ջրի որակի բարձրացման և այն վարակներից ու տարբեր հիվանդություններից, կեղտից մաքրելու համար գործարկվում են ֆիլտրման կայաններ, տեխնիկական տարբեր միջոցներ և այլն: Քանի՞ այդպիսի կայան կարելի է գտնել Հայաստանում: Մեզ մոտ, ջրի որակի բարձրացում ասելով, կարելի հասկանալ միայն այդ ջրին քլոր խառնելը, որով, իբր, ախտահանվում է ջուրը. բոլոր բնակարաններում ջրի ծորակները բացելուն պես հոտը կհիշեցնի դրա մասին:

 Այն, որ նոր ջրագծեր չեն անցկացվում, լավագույն դեպքում հները փոխվում են հատվածական, իսկ հիմնականում փորձում են վերանորոգել ու «կարկատել», որ հիմնականում ջրի մաքրման «քլորային» տարբերակն է գործում, մեզ հուշում են ոչ միայն ակնառու փաստերը, այլև ջրամատակարարող ընկերություններում աշխատող  մեր ծանոթբարեկամ մարդիկ, որոնց անունները, բնականաբար, չենք տա: Մինչդեռ ընկերություններն իրենց հաշվետվություններում տեսակտեսակ թվեր են ներկայացնում` իբրև ներդրումներ և նշված խնդիրների լուծման միջոցներ: Իսկ մեր քաղաքացիները շարունակում են վճարել խմելու ջրի յուրաքանչյուր խորհանարդ մետրի համար:

 

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply